ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հօգուտ Քոչարյանի որոշում է կայացրել՝ սահմանելով, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չէր կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացներ վերջնական որոշում: Ուստի ՍԴ-ն նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասով կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Forrights.am-ին ասաց, որ ՍԴ որոշման հրապարակված մասով էլ փաստվել է, որ Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ Քոչարյանի կալանքի որոշումը բեկաներ, ուղարկեր Վերաքննիչ դատարանի քննությանը:

«Այս փուլում կարող ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու բոլոր դատական ակտերը օրինական չեն եղել»,-հայտարարեց պաշտպանը՝ հավելելով. «Այս որոշումը նշանակում է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող կալանավորման որոշումն ուղարկել Վերաքննիչ դատարան, հետևաբար Վերաքննիչ դատարանը չէր կարող կալանավորման որոշում կայացներ և մնացած դատարանները չէին կարող կալանքը երկարացնելու որոշում կայացնել»:

Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը առնվազն նոր հանգամանքով նոր բողոք բերելու հիմք է կալանքի որոշման դեմ:

Մարտի մեկի գործով մի շարք նախկին դատապարտյալների ու տուժածների պաշտպան Մուշեղ Շուշանյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին խորհուրդ է տալիս շատ չոգևորվել՝ հիշեցնելով, որ գործն արդեն մտել է դատարան: «ՍԴ-ն ընդամենը Վճռաբեկ դատարանի լիազորություններն է հստակեցրել, որ Վճռաբեկ դատարանը պետք է վերջնական որոշում կայացներ, չէր կարող բեկանել, ուղարկել նոր քննության: Սակայն սրանով իրենք կարող են կրկին բողոքարկել կալանքի որոշումը, ուրիշ ոչինչ»,-նշեց Շուշանյանը:

Նրա խոսքով՝ Քոչարյանի պաշտպանները PR ակցիա են իրականացնում, սակայն իրական ոգևորության հիմք ու առիթ իրանք չունեն: «Սա քարոզչական ակցիա է: Որևէ լուրջ հետևանք ՍԴ որոշումը չի կարող ունենալ»,-նշեց պաշտպանը՝ հավելելով. «Սակայն Վճռաբեկ դատարանից, ինչպես նաև մյուս դատարաններից տհաճ անակնկալներ սպասել պետք է»:

ՀԱԿ իրավական ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը կարծում է՝ ՍԴ-ն հեծանիվ չի հորինել, ընդամենը ասել է այն, ինչ պետք է աներ Վճռաբեկը: «Ես նախկինում էլ եմ տարակուսանք հայտնել այդ որոշման առթիվ»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով. «Քանի որ գործն արդեն դատարանում է, դատարանն է անդրադառնալու կալանքի որոշմանը, դա ընդամենը կարող է ՄԻԵԴ-ում իրավունքի խախտում արձանագրվել հետագայում: Բայց բուն գործի քննության վրա որևէ ազդեցություն չունի: Ուղղակի այն ժամանակ, եթե Վճռաբեկը խելոք լիներ, էս մի մասով էլ բացթողումը չէր լինի»:

«Ռիսկեր եմ տեսնում, որ Մարտի 1-ի կազմակերպիչները՝ նաև Քոչարյանը կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից»

Մարտի մեկի գործով նախկին դատապարտյալների ու տուժածների պաշտպան Մուշեղ Շուշանյանն իր ֆեյսբուքյալ էջում անդրադարձել է Մարտի մեկից անջատված մասով՝ Քոչարյանի ու մյուսների գործով ընտրված նոր դատավորին՝ Դավիթ Գրիգորյանին՝ կասկածի տակ առնելով արդարադատություն իրականացնելու նրա կարողությունը:

«Գրիգորյանը հրադադարի պայմաններում ոչ հակառակորդի կողմից սպանված զինծառայողների գործեր է քննել և հաստատել պաշտոնական կեղծ վարկածները՝ ինքնասպանություն և այլն։ Դավիթ Գրիգորյանը նաև Հաց Բերող Արթուր Սարգսյանի սկզբնական կալանավորումը արտոնած դատավորն է, ով որոշման մեջ նշել էր, որ Արթուր Սարգսյանը Սասնա Ծռերի հետ 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել էր ՊՊԾ գունդը»,-գրել է պաշտպանը՝ շարունակելով. «Խնդիրը Դավիթ Գրիգորյանի անձի մեջ չէ, նա, ինչպես մյուս դատավորները, որևէ աղերս չի ունեցել, չունի և չի կարող ունենալ արդարադատության հետ․շարքային կամակատար դատավոր է եղել, ով, փեշակի բերումով, պատվերով մարդկանց դատել-դատապարտել-ազատազրկել է»։

Խնդիրը, ըստ Շուշանյանի, Մարտի 1-ի կազմակերպիչների մի մասի (ընդամենը մի քանիսի) դատավարությունը «մինչև կոկորդները հանցանքների մեջ թաղված դատական այս համակարգին վստահելու մեջ է»։

«Սա ներկա գործադիր իշխանության կողմից կամ դիտավորություն է (Ռոբերտ Քոչարյանը կարդարացվի և կասեն, որ անկախ դատարանն է այդպես վճռել), կամ՝ արկածախնդրություն»,-գրել է փաստաբանը։

Մեզ հետ զրույցում Շուշանյանը մանրամասնեց, որ մինչ նման գործի քննությունը պետք է դատական ռեֆորմ իրականացներ, քանի որ որևէ դատավորի առումով երաշխիք չկա, որ ունակ է արդարադատություն իրականացնել: «Գործադիրն ու օրենսդիրը դատական իշխանության վրա ներգործության բազմաթիվ լեգիտիմ լծակներ ունեն: Էդ լծակները պետք է իրենք ժամանակին օգտագործեին՝ հին, արատավորված դեմքերից դատական համակարգը մաքրել ու առողջ դաական համակարգ ձևավորել: Հիմա էլի ուշ չի»,-ասաց պաշտպանը:     

Նրա խոսքով՝ ներկա դատական համակարգում Քոչարյանի ու Սարգսյանի կողմից նշանակված դատավորներ են, որոնք բազմիցս գործնականում ապացուցել են, որ իրենց նշանակողների հանդեպ անձնական նվիրավածություն ունեն՝ քաղաքական պատվերի շրջանակում անմեղ մարդկանց են դատապարտել,  մեղավորներին պատասխանատվությունից ազատել են և այլն:

Այս պահին, ըստ Շուշանյանի, փակուղային է  իրավիճակը: Ինքը որևէ լուծում չի եսնում: «Որովհետև էդ մասին պետք էր մտածել անցյալ տարվա էս օրերին: Էդ լուծումները կարելի էր գտնել: Գոնե դատավորների մի մասին ազատելու հնարավորություն ու ժամանակ կար, ինչը չի արվել: Անցումային արդարադատության մասին էլ խոսվեց ու մոռացվեց: Ես գտնում եմ, որ անցումային արդարադատության շրջանակներում Մարտի մեկի գործը պետք է քննվեր: Անձամբ ես ռիսկեր տեսնում եմ, որ մարտի մեկի կազմակեպիչները կարող են խուսափել քրեական պատասխանավությունից: Նաև Քոչարյանը»,-շեշտեց պաշտպանը:

ՀԱԿ իրավական ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը ևս կարծում է, որ հեղափոխությունը դեռ ազդեցություն չի թողել դատական համակարգի վրա: Նրա խոսքով՝ անգամ այսօր Մարտի մեկին տուժածների վերաբացված գործերը քննում են դատավորներ, որոնք 2008-ին կամ առաջին ատյանի դատարաններում են վճիռներ կայացրել, կամ Վերաքննիչ ու Վճռաբեկ:

«Էս պարագայում ուղղակի անհրաժեշություն է, որ էդ դատավորները հանդես գան ինքնաբացարկի միջնորդությամբ: Բայց մինչև էս պահը չունենք ոչ մի ինքնաբացարկի միջնորդություն էդ գործերով»,-անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով նախկին դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկին՝ ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը չի բացառում, որ նախկին իշխանությունը կոմպրոմատներ ունի իր օրոք աշխատած դատավորների վրա: «Ներկա դատավորների 99 տոկոսը նշանակվել են Քոչրայանասերժական ռեժիմի կողմից՝ նրանց օրոք: Ընդ որում, ես, որպես քաղաքացի, ողջամիտ կասկած ունեմ, որ նրանց մեծ մասը նշանակվել են բացառապես իրենց գիտելիքների հաշվին և զերծ են մնացել կոռուպցիայից:

Մի դեպքում՝ դատավորը իշխանության պատվեր է կատարել, կամ հայտնի է իրենց, թե ինչպես է այդ դատավոր նշանակվել, մյուս դեպքում՝ կայացրել է վճիռներ, որտեղ կարող են կոռուպցիոն հարցեր եղած լինեն»: Ուստի Խաչատրյանը ևս կարևորում է ռեֆորմը դատական համակարգում: «Համակարգը կամ պետք է ծառայի արդադատությանը, կամ ծանր, վիրահատական միջամտության ենթարկվի»:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի կարծիքով՝ Քոչարյանի թե կալանքի, թե բուն գործի քննությամբ դատավորների ինքնաբացարկները ցույց են տալիս, որ դատավորները խուսափում են «թե քաղաքական պատասխանատվությունից, գուցե վախեր ունեն, թե ծանրաբեռնվելուց»:

Ուստի նախկին դատավորն կարծում է  անհրաժեշտ է օրենքի փոփոխություն կատարել, որպեսզի նման կարգի գործերը դատավորը միանձնյա չքննի, նման ծավալի ու քաղքական հնչեղություն ունեցող գործերը քննի Վերաքննիչ դատարանը. «Դա և պետությանն է ձեռնտու և գործի մասնակիցներին, որովհետև միանձնյա նման կարգի գործ քննելը, մեղմ ասած, շատ ծանր է: Ում գլխին էլ էս գործը ջարդվի, պետք է ցավակցել ու աջակցել»:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest