22 օր հացադուլ և 11 օր ջրադուլ. դատապարտյալի վիճակը ծայրահեղ ծանր է

0
1125

22 օր հացադուլի և 11 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Պապյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Նա պարբերաբար կորցնում է գիտակցությունը, հրաժարվում՝ տրամադրվող բուժօգնությունից:

Քիչ առաջ Forrights-ին տեղեկացրին, որ դատապարտյալը հրաժարվել է նաև տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց, պնդելով՝ հրաժարվում է ցանկացած տեսակի բուժօգնությունից, քանի դեռ իր վրայից չի հանվել կեղծ մեղադանքը:

Forrights-ը մայիսի 3-ին եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն մեզ չհաջողվեց տեսակցել Պապյանին: ՔԿՀ պետի տեղակալ Հայրապետյանը հայտնեց, որ դատապարտյալն ի վիճակի չէ քայլել դեպի տեսակցության վայրը, իսկ խուց մտնել՝ արգելվում է:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ևս հաստատեց, որ դատապարտյալ Պապյանը կտրականապես հրաժարվում է դուրս գալ հացադուլից և ջրադուլից, ինչպես նաև՝ որևէ տեսակի բուժօգնությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները դեռևս ուրբաթ օրն են այցելել Արկադի Պապյանին, սակայն նրանց ևս չի հաջողվել իրավիճակ փոխել:

Հիշեցնենք, որ նման ծայրահեղ քայլով դատապարտյալ Պապյանը բողոքում է Գլխավոր դատախազության կողմից առաջադրված «կեղծ մեղադրանքի» դեմ: Ջրադուլ հայտարարելու մասին դիմումում դատապարտյալը նշել էր՝ ջրադուլ է հայտարարում, քանի որ Գլխավոր դատախազությունը մամուլում սուտ տեղեկություններ է հրապարակում իր վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունն այս ամբողջ ընթացքում 3 անգամ այցելել է դատապարտյալին և հորդորել դադարեցնել, սակայն Արկադի Պապյանը հրաժարվել է: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ իր հերթին նշեց՝ դատապարտյալի հացադուլի ընթացքը դատախազության ուշադրության կենտրոնում է և դատախազության համապատասխան վարչությունը մշտական կապի մեջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ:

«Արկադի Պապյանին ներկայացվել են նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած՝ համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացվել է, որ հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Արկադի Պապյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Forrights-ին հայտնեց, որ քննչական մարմնի այսօրինակ գործողությունների ոչ իրավաչափության մասին դեռ նախաքննության փուլում է բողոքներ ներկայացրել, որոնք, սակայն, մերժվել են.

«Քրեական գործը մեկ տարուց ավելի է դատաքննության փուլում է, նախապատրաստական փուլը դեռ չենք հաղթահարել, բուն դատաքննություն՝ չենք մտել, փաստացի՝ տեղից չենք շարժվում: Գործը բազմահատորանի է, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվի: Քրեական գործով անցնող վկաները բազմաթիվ են, որոնք պետք է հարցաքննվեն երկու գործերում էլ, այսինքն ստացվում է՝ դատական գործընթացն ինքստինքյան կրկին երկարում է: Այս տեմպերով դատավարությունը մեկ տարի կգնա, այնինչ դատապարտյալը մեղադրանքի դեմ իր կյանքի գնով է պայքարում»,- նշեց Ամրամ Մակինյանը:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here