ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի միջոցառման խափանման մասին

0
426

Սույն թվականի մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, որը Հայաստանում միակ իրավապաշտպան կազմակերպությունն է, որ մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց, կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը:

Գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով 2017թ. սեռական բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի 68% դեպքում տուժող են ճանաչվել 5-17 տարեկան անչափահասները: ՍԲՃԿ ջանքերով 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:

Միջոցառման հայտարարությունը տեղադրվել է սոցիալական ցանցերում, որի համաձայն միջոցառման մասնակցությունը պետք էր նախապես հաստատել: Միջոցառումից մեկ օր առաջ Վահագն Չախալյանը ֆեյսբուք սոցիալական ցանցով տարածել է գրքի շապիկի նկարը և կոչ է արել միջոցառումից առաջ հավաքվել «Կամք» ՀԿ գրասենյակում՝ հետագա անելիքները տեղում որոշելու համար:

Միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը: Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլոք, ովքեր տևական ժամանակ ապատեղեկատվություն, սպառնալիքներ և ատելության խոսք են տարածում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կոչ են անում.

ՀՀ իրավապահ մարմիններին՝ պատշաճ քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցած խուլիգանական արարքներին և հասարակական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտմանը, իրականացնել գործի արդյունավետ և օբյեկտիվ քննություն և պատժել բոլոր պատասխանատու անձանց,

ՀՀ կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել կանխարգելելու և պատժելու իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների նկատմամբ հարձակումները և ատելության խոսքը և ապահովելու իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեությունը:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Մարդու իրավունքների տուն Երևան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here