«Չպետք է կորցնենք մեզ ու փաստաբանի շահը պաշտպանելիս մոռանանք ՀՀ քաղաքացու գերագույն արժեքի շահը, որտեղ նա պետք է պաշտպանված լինի»

0
461

Երբեմն հասարակությունը մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին նույնացնում է իր վստահորդի հետ, արդյունքում՝ հալածման է ենթարկվում պաշտպանը, և վերջինիս նկատմամբ կիրառվում է տարբեր տեսակի բռնություն:

Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով։ Բազմաթիվ են փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող, նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանությունները սոցիալական ցանցերում, ինչն այդքանով չի սահմանափակվում:

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանը վերջին ժամանակներս շատ է թիրախավորվում և դառնում նմանօրինակ դեպքերի «զոհը»: Չնայած այն հանգամանքին, որ իրեն «զոհ» չի համարում, փաստաբանը կեսկատակ կեսլուրջ նշում է՝ արդեն իմունիտետ է ձեռք:

Արսեն Մկրտչյանը փաստում է՝ խնդիրն առավել խորքային է, քան թվում է: Եթե պարբերաբար բարձրաձայնվում է, որ պետք չէ փաստաբանին իր վստահորդի հետ նույնականացնել ու ատելության խոսքեր, սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին, ապա ի՞նչ է ստացվում, որ փաստաբանին չպետք է սպառնալ, իսկ վստահորդին կարելի՞ է ատելության խոսք ուղղել:

«Չպետք է կորցնենք մեզ ու փաստաբանի շահը պաշտպանելիս մոռանանք ՀՀ քաղաքացու գերագույն արժեքի շահը, որտեղ նա պետք է պաշտպանված լինի: Եթե փաստաբանն իր մասնագիտական համայնքով, օրենքով լուրջ պաշտպանություն ունի, ապա քաղաքացին հենց այդ փաստաբանի պաշտպանությունից է օգտվում և ասել, թե՝ փաստաբանին չի կարելի, բայց իր վստահորդի նկատմամբ ատելություն սփռել համացանցում և հավաքների ժամանակ՝ կարելի է, նշանակում է սխալ ուղով գնալ»,- հայտարարեց փաստաբանը:

Փաստաբան Մկրտչյանը մատնանշեց իր հետ տեղի ունեցած դեպքերից մեկը, երբ դատական նիստից հետո՝ դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը թքել էր, ապա թան լցրել իր մեքենայի վրա: Չնայած կատարվածի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կոնֆլիկտն օրեր անց լուծվել է. քաղաքացին անձամբ է ներողություն խնդրել փաստաբանից:

«Ցուցարարներն ինձ ասում էին՝ գիտե՞ք, Դուք դատարանում պաշտպան եք, իսկ դատարանից դուրս՝ Դուք Ձեր կարծիքը մի՛ հայտնեք: Փաստորեն, հասել ենք նրան, որ փաստաբանը պետք է իր կարծիքը չհայտնի, այնինչ ցուցարարն ազատ է այն արտահայտել: Եվ հենց այս սահմանափակումները բերում են նրան, որ պետք է հստակեցնել և լրացնել այն պակասը, որն առկա է մեր օրենսդրության մեջ»,- հավելում է նա:

Փաստաբանն իրենց կատարած աշխատանքի համար նախ շնորհակալություն հայտնեց Ոստիկանությանը, ապա՝ վարչապետին: Մկրտչյանը, սակայն, նշեց՝ շնորհակալությունը կիսատ է, քանի որ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավել շուտ միջոցներ ձեռնարկեր և կանխեր նմանօրինակ ատելության խոսքը կամ սպառնալիքները, ապա հնարավոր կլիներ խուսափել տհաճ միջադեպերից:

«Մասնագիտական պաշտպանվածության հարցը պետք է լուծել ոչ թե, որ վարչապետն է ասել, դրա համար, այլ պետք է լինի օրենք, որի վրա հենվելով կարողանանք խնդիրը կարգավորել»:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here