«Որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել», — այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, և հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ: Մի բան հասկանում եմ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից, այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որ էմոցիոնալ շարժվելով ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ վարչապետին։

Ես վստահ եմ, որ չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետն իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր է տվել, ես էս պահին բացառում եմ։ Թե որ մարմիններն, ինչ կուզենան առհասարակ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունն ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի՝ օրենքի շրջանակներում, իհարկե, և այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ մաքուր մարդ լինի, սկզբունքային մարդ լինի, երբևիցե որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի։ Ինքս իմ վստահ ու խիզախ քայլերի համար հայտնվել եմ քրեակատարողական հիմնարկում, հիմա էլ չեմ վախենում, որովհետև ես բացառում եմ, որ ես երբևիցե կարող եմ կոռուպցիայի մեջ լինեմ»։

Սանասարյանը չցանկացավ խոսել քրեական գործի մանրամասների մասին, նշելով, որ նման պարտավորություն ունի:

«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, և ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի չեն կարող, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի չեն կարող չեն կարող դրա վրա խազ քաշել, ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ և վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»,- ասաց Սանասարյանը:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է մամուլում տեղեկություն է տարածվել, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Ավելի վաղ՝ տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել  ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

«Դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ», — ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սանասարյանը և հավելել, թե «ոչ մի վայրկյան չի դադարելու պայքարել հանուն Հայաստանի»։

Pin It on Pinterest