Պարոն Փաշինյան, Եղեք արդար հանուն հեղափոխության, հանուն նոր Հայաստանի

0
278

Հարգելի պարոն Փաշինյան, ինձ հորդորում են ձեզ նամակ գրել, որպեսզի տեղեկացնեմ իմ կարգավիճակի մասին։ Ճիշտն ասած ես զարմացած եմ, որ դուք այսքան անտարբեր եք քաղբանտարկյալների և քաղաքական դատավարությունների նկատմամբ։ Չէ՞ որ դուք ինքներդ տարիներ առաջ բանտում եք եղել և ձեզ մեղադրել են Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս գալու համար։ Կաշխատեմ պարզ ձևակերպել մտքերս, որպեսզի չշեղվեմ բոլոր տրամաբանական տարբերակներից և իրավիճակներից։

Հիմա ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից ծնված իշխանությունը հանդուրժող է և անտարբեր պատժին և վրեժխնդրությանը, որը տեղի է ունենում իմ հանդեպ։ Մի քանի օրինակ բերեմ: Ձեր կուսակցության որոշ պատգամավորներ ասել են, իբրև քաղաքական դատավարությունների մեջ չեն ուզում խառնվել, մանավանդ ինձ վերաբերող հարցերում։

Հարց է ծագում, միգուցե իմ դեմ է հեղափոխություն տեղի ունեցել։ Միգուցե ձեր կարգախոսը եղել է «քայլ արա մերժիր Արթուրին», եթե դա այդպես է, ես կհասկանամ, թե ինչու եմ բանտում և հավատացեք կհամակերպվեմ։ Բայց տեղի է ունեցել այլ բան։ Հիշում եմ, տարիներ առաջ, բանտում երբ ձեզ հայհոյում էին որպես ընդդիմադիր և ոչ միայն ձեզ․ ես բազմիցս պաշտպանել եմ ձեզ ընդդեմ հանրապետական կալանավորների, ինչպես այսօր այդ նույն մարդիկ ազատության մեջ են համաներման շնորհիվ, իսկ ես դեռ բանտում եմ, կալանքի տակ։

Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ և անարդար։ Ես չեմ կարողանում բացատրել, թե ինչպես է որ սերն ու հանդուրժողականությունը ազդեց երկիրը թալանած մարդկանց վրա, մինչդեռ ես դեռ կալանքի տակ եմ: Այնպիսի կարծիք է ստեղծվել ինձ մոտ, որ այս հեղափոխությունը ավելի ձեռնտու էր նախորդ ռեժիմին քան թե հայ ժողովրդին և հավատացեք այդ կարծիքը միայն իմ մոտ չէ ձևավորված:

Հարգելի Պարոն Փաշինյան, միգուցե ձեզ ճիշտ չեն տեղեկացնում կամ միգուցե ձեզ սխալ են զեկուցում։ Հավատացեք, կարծիք է ձևավորվում, որ հեղափոխությունը օրինականացնում է երկիրը թալանած մարդկանց «նախորդ ռեժիմի» ապօրինությունները և հանցագործությունները, որոնց մասին բազմիցս խոսել եք դուք և որպես պատգամավոր և որպես հեղափոխությունից հետո գործող վարչապետ։ Հիմա ես որպես ՀՀ քաղաքացի և որպես քաղբանտարկյալ ցանկանում եմ հասկանալ և ոչ ավելին։

Եթե ձեր արդարադատության նախարարը ասում է, որ կառավարությունը դեմ է իմ ազատությանը։ Դատախազի և դատավորի շնորհիվ ես կալանքի տակ եմ ( ովքեր մինչև հիմա չեն ընդունել, որ հեղափոխություն է տեղի ունեցել) ուրեմն նշանակուկ է որ ես կալանքի տակ եմ կառավարության որոշմամբ, ձեր ղեկավարությամբ։ Ես շնորհակալ եմ, որ պարոն Զեյնալյանը ընդունում է, որ ես քաղբանտարկյալ եմ, բայց չի բացատրում, թե ինչպես է, որ նոր Հայաստանում դեռ գոյություն ունեն քաղբանտարկյալներ։ Միգուցե դուք կարողանա՞ք ավելին ասել:

Ասում են, թե Սերժ Սարգսյանը ստվերում դեռ որոշումներ է կայացնում և դուք չեք որոշում և որ իմ կալանքի տակ գտնվելը նախորդ ռեժիմի որոշումն է: Ես հուսով եմ, որ դուք այդքան թույլ մարդ չեք և որ ժողովուրդը չի հիասթափվի հիմնվելով այդ կարծիքների վրա: Համենայնդեպս իմ առողջական խնդիրներով հանդերձ զգում եմ պետկան ողջ համակարգի ճնշումը իմ ուսերին, որպես պատժիչ մեխանիզմ։ Փաստորեն հակված եմ մտածել, որ ձեր խոստումները «ժամ առաջ, օր առաջ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն» միայն խոստումներ էին։ Ինչպես տեսնում եմ նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմը ավելի շահավետ իրավիճակում հայտնվեց շնորհիվ հեղափոխության, քան թե հասարակ մարդիկ:

Մարդու իրավունքները հասարակ մարդկանց, ՀՀ քաղաքացիների խախտվում են ամեն օր։ Ես կողմ եմ ազատ և արդար դատական համակարգի,բայց հուսալ, որ նախորդ ռեժիմի կողմից հրահանգված կամ գուցե և հիմա հրահանգվող դատական համակարգը կգործի արդար և անկախ, ճիշտն ասած, չեմ հավատում: Անարդարությունները և ապօրինությունները հեղափոխությունը արագացրեցին և ապստամբության ալիք բարձրացրին։ Պարոն Փաշինյան։ Եղեք արդար հանուն հեղափոխության, հանուն նոր Հայաստանի:
Արթուր Վարդանյան

Հ․Գ․ Օրերս Արթուր Վարդանյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց, որտեղ նա չի կարող համապատասխան բուժում և դեղեր ստանալ։ Վարդանյանի կնոջ խոսքով ՔԿՀ-ում Արթուր Վարդանյանին զգուշացրել են, որ չեն կարողանա անհրաժեշտ բուժում իրականացնել, ինչպես նաև չեն հասկանում, թե ով և ինչու է կարգադրել, որպեսզի բուժումը ընդհատելով նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոցից։ Ի դեպ, Արթուր Վարդանյանի դեղերը վերջինիս կինը պատվիրում է արտերկրից, քանի որ դրանք Հայաստանում գրանցված չեն և չեն վաճառվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here