Այսօր առավոտյան հրազենային վնասվածքով Միքայելյան հիվանդանոց տեղափոխված 24-ամյա պայմանագրային զինծառայողը քիչ առաջ մահացել է:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել առավոտյան 08:00-ի սահմաններում, որտեղ միանգամից նրան ենթարկել են վիրահատության:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշում է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Forrights-ի հետ զրույցում հաստատել էր այս տեղեկատվությունը, սակայն այլ մանրամասներ հաղորդել չէր ցանկացել:

Pin It on Pinterest