««Սասնա Ծռեր»-ը չեն խփել իմ տղային: Ասուն են՝ Սմբատ Բարսեղյանն ա խփել, բայց նման բան չի կարող լինել, քանի որ կան մի շարք հանգամանքներ: Յուրայի մեքենան մուգա ապակիներով ա եղել, ո՞նց կարող էր ինչ-որ մեկը գնդից նշան բռնել ու ուղիղ ծոծորակին կրակեր»,- դատարանում հետազոտված տեսանյութերից մեկում հայտարարում էր ՊՊԾ գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատարան է ստացվել Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի կողմից վկայակոչված այն փաստերը, որ իր որդին սպանվել է ոչ թե «Սասնա Ծռեր»-ի կողմից, այլ ոստիկանների:

Դատարան էր ներկայացվել մեկ սկավառակ՝ երկու տեսանյութերով, որտեղ Վահրամ Տեփանոսյանը պարբերաբար փաստում է, որ որդին զոհ է գնացել «նախկին հանցավոր ռեժիմի» կողմից:

«Սերժը, Վովան ու Գուգոն տղուս գլուխը կերան: Տղես իրա մահից մի օր առաջ հետս խոսում էր, ասում էր՝ պա՛պ, ասում են՝ կրակի, ես չեմ կրակել, չեմ ենթարկվել իրենց անօրինական հրամաններին»,- տեսանյութերից մեկում նշում է հայրը:
«Գուգոն» Յուրի Տեփանոսյանի հրամանատարն էր՝ Գուրգեն Գրիգորյանը:

Տեսանյութերի հետազոտվելուց հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Վահրամ Տեփանոսյանին: Միջնորդության միացավ նաև պաշտպանական կողմը.

«Ասում է, որ պատվիրատուն եղել է Սերժ Սարգսյանը, պարտադիր պետք է լսենք իրեն։ Նաև մի խնդրանք ունեմ. իմ պաշտպանյալը գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ անցյալ նիստը հետաձգվել էր անորոշ հիմքով։ Պետք է խնդրեմ՝ արագ լսենք Վահրան Տեփանոսյանին»,- նշեց պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հայտարարեց, որ որպես վկա առաջիկայում կհարցաքննվի Վահրամ Տեփանոսյանը:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest