«Լեզվի տակից են հանել փամփուշտը». մանրամասներ՝ ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի դիահերձումից

0
2204

«Մասնակցել եմ Յուրիի դիահերձմանը: Բռնության հետքեր չեն եղել, բացի հրազենային վնասվածքից, այլ հետք չկար: Գլուխը բացելուց հետո՝ լեզվի տակից հանել են փամփուշտը»,- դատարանում ցուցմունքի ժամանակ նշեց ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի կնքահայրը՝ Տիգրան Գրիգորյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Այսօր դատարանում ցուցմունք տվեց նախկինում Յուրի Տեփանոսյանի մասով ներգրավված տուժողի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը: Նա դատարանին հայտնեց, որ մտերիմ կապի մեջ է եղել Յուրիի հետ, նրա մահից հետո եղել ընտանիքի կողքին և հնարավորինս աջակցել:

«Տեղեկություններ ունեմ, որ Յուրիին վերևից դիպուկահարի կրակոցից է մահացել: Ասում են՝ նստած ա եղել հետևի նստարանին: Իրենց ասելով՝ բացի Տեփանոսյանից, մեքենայի մեջ ևս երեք անձ է եղել»,- նշեց Գրիգորյանը:

Պավել Մանուկյանը հարց հղեց նրան, թե արդյոք զենքներն իրարից տարբերո՞ւմ է, տեսե՞լ է գնդակն ինչ տեսակի հրազենի է պատկանում: Գրիգորյանը հայտնեց, որ բավականին լավ է տիրապետում և տարբերակում զենքերը, քանի որ ծառայել է որպես դիպուկահար:

«Էդ րոպեին իմ աչքի դեմը բացել են, գրել են, 7.62 տրամագիծ ուներ»,- Մանուկյանի հարցին ի պատասխան նշեց Տիգրան Գրիգորյանը:

Մանուկյանը փորձեց ճշտել՝ պարկուճը տեսնելու դեպքում, կտարբերե՞ք, քանի որ դրանից ճակատագիր է կախված: Գրիրգորյանը դրական պատասխան տվեց:

Ավարտված համարելով Գրիգորյանի հարցաքննությունը, դատարանը հարցաքննության հրավիրեց Յուրի Տեփանոսյանի կնոջը՝ Արփինե Թումասյանին: Հենց նա է այս պահին հանդիսանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Թումասյանը դատարանին հայտնեց, որ ամուսնու մահից կես ժամ առաջ է խոսել նրա հետ.

«էդ խոսելու ընթացքում, ինքն իրա կամքով նստել է մեքենայի հետևում, ոչ թե նրան ստիպել կամ սպառնացել են, ինչպես ասում են ոմանք (Արփինեն Թումասյանն ամենայն հավանականությամբ ակնարկում է սկեսրայրին՝ Վահրամ Տեփանոսյանին): Դեպքի մասին իմացել եմ հեռուստատեսությունից, անընդհատ էլ խոսվում ա, էդ թեման շատ ա խոսեցվում։ Մեքենան գնալու ժամանակ ա էդ դեպքը տեղի ունեցել, ընթացքի մեջ ա կրակոցն եղել: Ախր 3 երեխա ա որբացել։ Ընտանիք ա քանդվել»,- իր ցուցմունքում նշեց Տեփանոսյանի այրին:

Անդրադառնալով սկեսրոջ այն հայտարարություններին, թե որդու հրամանատարը՝ Գուրգեն Գրիգորյանն իմացել է, որ որդուն սպանելու են, Արփինե Թումասյանը բացառեց նման տարբերակը, շեշտելով՝ Գուրգեն Գրիգորյանի հետ ընտանեկան հարաբերություններ են ունեցել, ամուսիններով անգամ որոշել են, որ հենց նա պետք է իրենց երեխաների քավորը լինի.

«Յուրի մահանալուց հետո ասել եմ, որ մենք  նման որոշում ենք ունեցել, որ դուք պետք է լինեք մեր երեխաների քավորը»։

Թումասյանը նշեց, որ սկեսրոջ հետ լավ հարաբերությունների մեջ չի գտնվում: Ավելին, 3 երեխաների հետ առանձին է ապրում: 2016 թվականի հոկտեմբերից ծառայության է անցել Ոստիկանական համակարգում՝ կատարելու ամուսնու չիրականացրած նպատակները:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը փորձեց այրուց ճշտել՝ հնարավո՞ր է ոստիկանությունից իր վրա ճնշում գործադրած լինեն, ինչին ի պատասխան Արփինե Թումասյանը կտրուկ շեշտեց.

«Իմ վրա չեն կարող ճնշում գործադրել, ես 3 երեխա եմ պահում»։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here