Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը մարդու իրավունքների ազգային օրակարգի շուրջ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ տակն ու վրա արեց Հայաստանը: Բողոքի ակցիաներ անցկացրեցին ընդդեմ ԼԳՏԲ համայնքի, դանակ ճոճեցին, հարթակներում տրանսգենդերներին ոչնչացնելու, «ուտիլիզացնելու» կոչեր լսվեցին: Եվրոպայի միությունն ու ՄԱԿ-ի գրասենյակը մտահոգություն հայտնեցին Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքների կապակցությամբ:

«Հնարավո՞ր էր, որ ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ ամբիոնից ելույթ ունենար», — հարցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստատեսության մեկնաբան Անժելա Թովմասյանը իր հյուրին, պաշտպանելով հարձակումներից ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս ձեռնարկել էր խորհրդարանական լսումները, սակայն տրանսգենդերի ելույթից անակնկալի եկած, նրա կողմից խնդիրների բարձրաձայնումը որակել էր որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ ամբիոնի և իր նկատմամբ:

Մինչդեռ Լիլիթ Մարտիրոսյանը ընդամենը տրանսգենդերների նկատմամբ կատարված հանցավոր արարքների թիվ էր հնչեցրել՝ 283: Ըստ նրա, այդքան խոշտանգված, բռնաբարված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, թալանված, խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատության մատնված տրանսգենդերներ են ապրում մեր կողքին, որոնց պետական մարմինները չեն պաշտպանում: Մենք գտանք 283-ից մեկին՝ տրանսգենդեր Ժ-ին, որը հանգամանքների բերումով ստիպված է մարմնավաճառությամբ զբաղվել:

«Ականջս ջարդեց՝ զգացի, որ օդս պրծնում ա»

2018 թվականի փետրվարի 28-ի գիշերը նրան խոշտանգել են, խեղդել են, փորձել են սպանել, այրել են Մաշտոցի պողոտայում գտնվող վարձով բնակարանը, որտեղ ապրում էր: Վիրահատությունը տևել է 9 ժամ: 6 օր ժ-ն եղել է կոմայի մեջ: «Ինձ չէին ուզում վիրահատել: 1 մլն 370 հազար դրամ էր պետք: Լիլիթը եկավ, ասեց՝ Եվրոպան փող է տվել Հայաստանին դրա համար, ոչ տուն ունի էս մարդը, ոչ տեղ, ունեցվածքը վառվել, գնացել է, որտեղի՞ց նրան փող», — հիշում է Ժ-ն այն դաժան օրը:

Մատուցող Ե-ին, որը աշխատում է Երևանի ռեստորաններից մեկում, նա այդ օրը առաջին անգամ էր տեսնում: Ոչ ավանդական ձեւերով Ժ-ի հետ հարաբերվելուց հետո մատուցողը պահանջել է կրկին կենակցել։ Ժ-ն մերժել է։ Ե-ն անցել է բռնարարքների։

«Սիգարետը հանգցրեց, ասեց’ լավ, էլ չեմ ուզում։ Վզիցս քաշեց, սկսեց խեղդել, ականջս ջարդեց: զգացի, որ օդս պրծնում ա։ Նա թողեց, հանգստանամ։ Հետո նորից սկսեց խեղդել։ Նա խեղդելուց էր հաճույք ստանում։ Ես պայքարում էի։ Դա տևեց ժամեր: Լուսաբացին փորձեցի տան դուռը բացել, որ օգնության կանչեմ։ Ժամը հինգի կողմն էր: Այնպես էի գոռում, փողոցում լսվում էր, երեւի։ Ոչ ոք դուրս չեկավ: Քացով խփեց մեջքիս, ընկա պադեզդի մեջտեղը։ Դեմքով դեպի ներքեւ էի, սկսեց բռունցքներով խփել գլխիս։ Տանձիկն ինչպե՞ս է լինում: Գլուխս դարձրել էր բոքսի տանձիկ: Երկու բռունցքներով ծեծում էր, մի պահից սկսած էլ ոչինչ չեմ հիշում>>:

Հարևաններից մեկը զանգել է ոստիկանություն: Ե-ն փորձել է փախչել: Ոստիկանները նրան բռնել են մուտքից դուրս գալուց: Կանչել են հրշեջների։ Հրդեհի կադրերը պահում է բջջային հեռախոսի մեջ: Ժ-ն կասկած չունի, որ նրա սադիստ հաճախորնդը իրեն դաժանաբար ծեծելուց հետո վերադարձել է և այրել է ննջասենյակը, նպատակ ունենալով վերացնել հետքերը: Դատախազությունը սակայն ուրիշի գույքը ոչնչացնելու մեղադրանք ամբաստանյալին չի առաջադրել, թեև փորձագետի եզրակացության համաձայն, բնակարանը այրել են:

Ծեծողին ստորագրոյթյմամբ բաց են թողել

Քննիչը փորձել է Ժ-ին համոզել, որ ինքն է իր տանը հրդեհ սարքել։ «Ինչքան ինքը կարա պաժառ տված լինի, էնքան էլ դու կարաս», — ասել է նա, դիմելով Ժ-ին: «Բայց ես ո՞նց կարող էի այրել իմ ննջասենյակը, երբ որ ես ուշաթափված ընկած եմ եղել «պադեզդում»», — վրդովմունքը չի թաքցնում ժ-ն: Գործի քննության ողջ ընթացքում նա խտրական վերաբերմունք է զգացել իր նկատմամբ դատախազի և դատավորի կողմից: Քննիչը երկու ամսվա կալանքը է պահանջել ծեծողի համար, բայց դատախազը մերժել է։ Նրան 72 ժամից ստորագրությամբ բաց են թողել, երբ Ժ-ն դեռ կոմայի մեջ է եղել:

«Ես մտածում էի, որ նրան տեսնեմ, կհարձակվեմ ու կծեծեմ: Բայց երբ որ ես իրան տեսա, ես իրան խղճացի, ես իրան ամեն անգամ տեսնելուց խղճում եմ», — ասում է Ժ-ն: Ամբաստանյալը ցուցմունքում նշել է, որ չի իմացել, թե մարմնավաճառուհին աղջիկ չի, որ նրա հետ հանդիպելուց հետո է իմացել, թե ում մոտ է եկել՝ հեքիաթ, որը տարածված է տրանսգենդերների հետ հարաբերվող տղամարդկանց շրջանում:

Ժ-ն առերեսման ժամանակ մանրամասն նկարագրել է, թե ինչ ձևերով է կենակցել վերջինիս հետ, ինչը բացառում է «չիմանալու» հանգամանքը: Ծեծողը ծնունդով Ախալքալակից է: Ամուսնացած է: Ունի մանկահասակ երեխա: Նա Ժ-ին պատմել է, որ Վրաստանում կենակցել է տրանսգենդերների հետ:

«Մի րոպե կկանգնե՞ք, հարգարժան դատավոր»

Այս գործով դատը սկսվել է սեպտեմբերին: Դատավոր Մարինե Մելքոնյանի կանխատրամադրվածությունը Ժ-ն զգացել է հենց առաջին նիստի ժամանակ: Դատավորն ասել է, որ չի կարողանում ճանաչել Ժ-ին անձնագրի նկարով և պահանջել է նոր անձնագիր: «Ասեց՝ դուք սև մազերով եք, ձեր քիթը ձեզ նման չի, — պատմում է Ժ-ն, — նոր նկարով անձնագիր բերեք: Երկու ամսով հետաձգեց դատը: Նոյեբերին նոր անձնագրով գնացի՝ նկարս էի փոխել:

«Ոտքի, դատարանն է գալիս» է ասել, նստել ենք, առանց մեզ խոսք տալու, առանց մեղադրականը լրիվ կարդալու, միանգամից սենց թղթին նայելով, ասեց՝ ուզում եմ իրեն ուղարկել հոգեբանական փորձաքննության: Կողմ եք, թ՞ե դեմ: Ասեցի՝ ուզում եք, ուղարկեք: Վեր կացավ ու գնաց: Հետևից վազում եմ, ասում եմ՝ մի րոպե կկանգնե՞ք, հարգարժան դատավոր: Ինքը գնում ա, չի լսում ինձ», — վերհիշում է Ժ-ն իր առաջին նվաստացուցիչ շփումը դատավոր Մարինե Մելքոնյանի հետ:

Դատարանում նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը չցանկացավ խոսել այս դատավարության մասին, անգամ ամբաստանյալի փաստաբանի անունը չհայտնեց, պատճառաբանելով. «Դռնփակ դատավարություն է: Ես ոչ մի տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունեմ»: Չե՞ք պատրաստվում առարկել դատավորի գործողությունների դեմ: «Երբ որ ժամանակը կգա, ես իմ առարկությունները կներկայացնեմ դատարանին », — կարճ կապեց փաստաբանը:

Ես ձեզ համարում եմ կին՝ ու «պեչատը» խփեց

Ժ-ն սևով ջնջում է իր աչքերը Forrights.am-ի համար ընտրած լուսանկարի վրա: Չի ուզում, որ իրեն ճանաչեն: Այդ լուսանկարում ինքը վիրակապերով է, անգիտակից վիճակում, տղամարդու կերպարանքով: Հիմա երկար, շեկ մազերով կին է, մեղմ, արտահայտիչ դիմագծերով, կանացի ժպիտով, լցրած շուրթերով, խնամված մաշկով: Տարեց հոգեբանը, որը պետք է Ժ-ի հետ զրուցեր և նրա կանացի էությունը վավերացնող փաստաթուղթ տար իրեն, հարցրել է՝ ինչու ես որոշել, որ դու կին ես, չ՞է որ կինը նախ աղջիկ է լինում, հետո օրիորդ: Ժ-ն չի մոռանում այդ հանդիպումը:

«Ես էլ նրան հարցրեցի, տիկին, դուք գեր եք, կնճռոտ եք, ձեր խալաթի տակից այլ, հնաոճ շորեր են երևում, դոք հոգնած եք, բայց այդ կնճիռներից, ճերմակ մազերից այն կոմղ ի՞նչ հոգի կա, ի՞նչ եք դուք տեսնում, երբ հանում եք բոլոր շորերը: Ասեց’ կին: Ասեցի՝ ես էլ եմ ինձ կին տեսնում: Վեր կացավ, աչքերը լցված, գնաց սեյֆի մոտ, «պեչատը» հանեց, թղթի վրա գրեց՝ ես ձեզ համարում եմ կին ու «պեչատը» խփեց: Այդ թուղթը ես ինձ հետ ամեն տեղ տանում եմ»:

Փողոցում նա հաճախ է տեսնում իրեն ատելությամբ նայողների, բայց քիչ չեն նաև ժպտացողները: «Նրանք իմ կերպարն են ընդունում: Որ կանայք ինձ հանկարծ դիմում են, ասելով՝ աղջիկ ջան, աշխարհով մեկ եմ լինում: Ես մտածում եմ, որ Աստված ինձ այսպիսին ստեղծել է, որովհետև պահի տակ մի կարևոր բան է ուզել անել, մեկին փրկել, ու երեւի, մի կնոջ հոգի եկել, ընկել է իմ մեջ: Ես մեղավոր չեմ, որ իմ մարմնում 57 տոկոս տղամարդու հորմոններ են, 40 և ավելի՝ կանացի», — անկեղծանում է Ժ-ն: Իր մարմնի տղամարդու արժանիք համարվող մասին նա վերաբերվում է որպես մի խալի, կամ պզուկի, որը պետք է վերանա, քանի որ իրենը չի, իր օրգանիզմի հետ կապ չունի:

Այս օրերին նրանք սթրես են ապրել

Այս օրերին նա և մյուս տրանսգենդերները ստթրես են ապրում, կրելով հեռուստացույցից, սոցցանցերից, ինտերնետից իրենց վրա հորդացող ատելությունը: Ամենաշատը նրան ցնցել է այն, որ ԼԳՏԲ համայնքի դեմ ակցիայի ակտիվ մասնակիցների թվում ճանաչել է տրանսգենդեր մարմնավաճառուհիների մի երկու մշտական հաճախորդների: «Ամենաշատը ատում եմ սուտը», — ասում է նա:

Ինքը 33 տարեկան է, որից 13 տարի ստիպված է եղել ստել ամենահարազատ մարդուն՝ մորը: «Ես ասում էի՝ դուրսն եմ, Հայաստանում չեմ, իրեն չէի տեսնում: Տանջվել եմ, որ անծանոթների հանդեպ պարզ եմ ու շիտակ, իսկ տանը կեղտոտ եմ։ Մամային ասեցի՝ ես հոգնել եմ խաբելուց: Ասեց’ իմն ես, ինչ էլ լինես, ընդունում եմ քեզ: Մամաս նույն րոպեին վազեց, եկավ ու լացում էր. ոչ թե, որ իմացավ վերջապես ես ով եմ, այլ կարոտից: Երեք տարի ինձ չէր տեսել»։

Ժ-ն իր գլխավոր փորձությունը տրանսգենդերի խարանը չի համարում, այլ սիրած մարդու կորուստը: «Ես հինգ օր առաջ կորցրել եմ նրան: Ամսի 7-ին մահացավ սրտի կաթվածից: Առաջին սիրուս էլ կորցրեցի, երբ 22 տարեկան էի: Նա ավտովթարից մահացավ: Անցյալն անցյալով է, նորն է գալիս, հասկանում եմ, բայց սիրտս ցավում է: Տուն մտնելուց նայում եմ՝ նրա նվիրած կոշիկներն են միջանցքում, սեղանին նրա ծաղիկներն են, — ասում է Ժ-ն, ցույց տալով արդեն չորացած փունջը, որը դեռ երկար պահելու է, — կարդում եմ նրա վերջին նամակը՝ ինչ անսիրտ մարդ ես։ Ինքն է գրել: Մտքումս կռվում եմ հետը: Չէ, անսիրտ չեմ, ուժեղ եմ»:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest