Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա գտնվեց Բարձրագույն դատական խորհրդի մեկամյակի միջոցառմանը: Որևէ ԲԴԽ-ականի հրաժարականի պահանջ չեղավ:

Փաշինյանը կոնյակով շնորհավորեց խորհրդի անդամներին՝ մինչ այդ ասելով.  «Հայաստանում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել»: Նաև ընդգծեց, որ այսօր պատմական շանս կա Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ, և այսօր չկա որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսն արգելակելու համար։

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ դատական համակարգն առողջացնելու իրենց ջանքերի առթիվ ասաց, թե ԲԴԽ-ն 6 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել 5 ամսում՝ ընդհուպ դատավորի լիազորությունների դադարեցման ելքով: Իսկ 3-ը վարույթներ քննելու են առաջիկայում:

«ԲԴԽ-ն չափազանց դանդաղկոտ է՝ դատական համակարգը մաքրելու հարցում»,-Forrights.am-ի հետ զրույցում հակադարձեց ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, որը, եթե հիշում եք, 2013-ին աղմկահարույց զեկույց հրապարակեց դատական համակարգի կոռումպացվածության վերաբերյալ: Անդրեասյանը պնդեց, որ իր զեկույցում տեղ գտած դատավորները այսօր էլ շարունակում են աշխատել:

«Ես ուրախ եմ, որ վարչապետն ասում է, որ կոռուպացված պաշտոնյաները չպետք է հանգիստ քնեն, բայց իրենք ոչ միայն չպետք է հանգիստ քնեն ու մնան դատավոր, այլև ոմանք պետք է քնեն քրեակատարողական հիմնարկներում, որովհետև իրենք այնպիսի խայռատակ ապօրինություններ են թույլ տվել, որոնց ընդամենը մի փոքր մասն է անուններով գրված իմ դատական զեկույցում»,-նշեց ՀՀ նախկին ՄԻՊ-ը:

Ըստ նրա, որքան էլ տեսանելի են ԲԴԽ-ի որոշ փորձեր՝ իրավիճակ փոխելու, քանի դեռ ԲԴԽ-ն չի կարողացել դատական համակարգը մաքրել նման հանցագործ դատավորներից,  ամբողջ համակարգը, որտեղ կան նաև շատ ազնիվ մարդիկ, վարկաբեկվում է:

«Որովհետև իրենց կողքին այնպիսի խայտառակ դատավորներ են գործում, որոնք վարկաբեկում են բոլորի չարչարանքը: Այդ զեկույցում կան կոնկրետ անուններ և դեպքեր, և քանի դեռ այդ դատավորները աշխատում են, դատական համակարգի մաքրության մասին խոսելը շատ դժվար է»,-շեշտեց նախկին ՄԻՊ-ը՝ հավելելով. «Սակայն այսօր ոչ թե այդ դատավորներն են վատ քնում, այլ էն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ կեղտոտ էր դատական համակարգը»:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այսօր դատական համակարգն ազատվել է վերևից եկող համակարգված կոռուպցիայից, որտեղ վերևից ներքև հրամաններով է կարգավորվում կոռուպցիան, սակայն «հիմա դատական համակարգը մնացել է անհատ կոռուպցիոներների վրա»:

«Այսինքն՝ էլի կան դատավորներ, որ այսքանից հետո, վստահաբար, զբաղվում են իրենց հին գործերով, կան դատավորներ, որոնք իրենց հին շեֆերի ասածներն են անում, բայց ես վստահ եմ, որ այսօրվա դատավորների վրա իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր Կառավարության, ճնշումներ չի գործադրում»,- նշտեց նախկին ՄԻՊ-ը՝ հավելելով. «Համակարգը դեռ պահպանում է այլանդակություններ արած այն բոլոր դատավորներին, որոնց մի մասի անունները դեռ իմ զեկույցում են գրված»:   

Անդրեասյանն առաջարկեց հենց իր զեկույցում տեղ գտած դատական գործերը վերաբացել և տեսնել, թե ինչ «կեղտոտ, անգրագետ» վճիռներ են: «Էնպես որ, շատ արագ կարելի է մաքրել այդ դատավորներից դատական համակարգը»,-վստահեցրեց Անդրեասյանը՝ հավելելով, որ մինչդեռ դատական համակարգում այսօր կա համակարգված դանդաղկոտություն՝ կեղտոտ համակարգը մաքրելու: «Թե որքանով վարչապետի ուղերձը տեղ կհասնի, կտեսնենք առաջիկա շաբաթներին»:

Հիշեցնենք, որ ՄԻՊ դատական զեկույցում Կարեն Անդրեասյանն անդրադարձել էր դատական համակարգի կոռուպցիոն մեխանիզմներին, շրջանառվող գումարի չափերին և տրման ձևերին, սակայն որևէ իրավական հետևանք այդ աղմկահարույց զեկույցը չունեցավ,  իսկ Անդրեասյանը հեռացավ ՄԻՊ-ի պաշտոնից:

«Դատական համակարգը ոչ միայն չի մաքրվում, այլև շատ ինքնավստահ կերպով շարունակում է նախորդ տարիների ընթացքը: Համակարգն առողջացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել ու հույս չկա, որ իշխանությունը մտադիր է այդ ուղղությամբ քայլեր անել»,-Forrights.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց փաստաբան, «Մարտի 1-ի» գործով նախկին մի շարք դատապարտյալների պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքով՝ դեռևս Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո հույս, նաև հանրային մեծ պահանջ կար, որ դատական իշխանությունը ենթարկվի լրջագույն ռեֆորմի, ինչը սակայն տեղի չունեցավ ու նախադրյալներ էլ չկան, որ կունենա:

«Դատական համակարգի առավել օդիոզ դեմքերից ազատվելու հանրային պահանջ կար, բայց համապատասխան քայլերն էդ ուղղությամբ դանդաղեցին ու տեղի չունեցան»,-հայտարարեց փաստաբանը՝ շարունակելով. «Ընդամենը գործադիրի կողմից հայտարարվեց, որ դատական իշխանությանը որևէ միջամտություն այսուհետ այլևս բացառվելու է, դատավորները ազատ են և կարող են իրականացնել արդարադատություն:

Դա սխալ մոտեցում էր, որովհետև էդ դատավորները, որոնք տարիներ շարունակ քաղաքական հետապնդման գործիք են հանդիսացել և իրենց կայացրած դատավճիռներով կամ այլ դատական ակտերով վավերացրել են դատախազության մեղադրանքները բոլորովին անմեղ մարդկանց նկատմամբ կամ մարդկանց  ունեզրկումն են հաստատել իրենց վճիռներով, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»:

Ուստի՝ ըստ Շուշանյանի, դատական կոռումպացված համակարգը ինքնահոսի թողնելը առնվազն անհեռատես մոտեցում է: «Վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ ընդհանրապես մտադրություն չկա դատական համակարգն առողջացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Իսկ դատական համակարգը նույն ապօրինությունները շարունակում է: Հեղափոխությունից հետո կարճ ժամանակ շոկային վիճակում էին, իսկ այժմ շարունակում են նախկին գործելաոճը: Այսօր էլ դատարանները ակնհայտ կողմնակալ մոտեցում են ցույց տալիս ու ապօրինի որոշումներ են կայացնում»,-փաստեց պաշտպանը:

«Օրինակ՝ մի պահ թվաց, թե դատարանները սկսել են կալանքի այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել ավելի շատ, բայց պրակիկան ցույց է տալիս, որ դա ընտրովի է կիրառվում: Կիրառվում է նախկին ռեժիմի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ, շարքային մահկանացուների համար գրավների կամ այլ այլըտրանքային միջոցների կիրառումը զրոյական մակարդակի վրա է»,-շարունակեց նա՝ հավելելով, թե ոչ ոք թող չասի, որ դատական համակարգում էլ կոռուպցիա կամ  ուղղորդում չկա: 

Ըստ փաստաբանի՝ մենք խնդիր ունենք Հայաստանում անկախ, բնականոն գործող դատական իշխանություն ձևավորելու, որովհետև այն համակարգը, որը գործել է անցած տարիների ընթացքում դատական իշխանություն կարելի է կոչել միայն մեծ վերապահումով: «Դատական իշխանությունը չի գործել անկախ և մեծ կախվածություն է ունեցել գործադիր իշխանությունից: Դրա լավագույն վկայությունն են հենց ՄԻԵԴ-ի կողմից կայացված բազմաթիվ գործերով վճիռները: Ես կառանձնացնեի հենց «Մարտի 1-ի» գործերով մինչ օրս կայացված 4 վճիռները, որոնցով ոչ միայն ճանաչվել է դիմող անձանց եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք իրավունքների խախտումների փաստը»,-նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ բոլոր դատավորները, որոնք ժամանակին քննել են «Մարտի 1-ի» գործերը և դատապարտել են բոլորովին անմեղ անձանց չկատարած արարքների համար տարբեր պատիժների, պետք է պատասխանատվության ենթարկվեն և նրանցից դատական համակարգը պետք է ազատել ուղղակի:

Մարինե Խառատյան 

Pin It on Pinterest