«Սանիթեք» ընկերության մաքրուհիներն աշխատանքային շահագործման են ենթարկվում: Նրանք համակերպվում են գործատուի առաջարկած ստրկատիրական պայմանների հետ, քանի որ հիմնականում  60-65 տարեկան կանայք են և նոր աշխատանք գտնելու հույս չունեն: Կանանցից երեքն օրերս այցելեցին մեզ և զարհուրելի մանրամասներ հայտնեցին իրենց աշխատանքային առօրյայից: Նրանք դեմ չէին, որ մեր զրույցը ձայնագրվի, սակայն իրենց անունները ցանկացան թաքցնել:

Ա.Ս-ն, ով համեմատաբար երիտասարդ էր, մաքրում է Կենտրոնի տեղամասը։ Այն ընդգրկում է Բաղրամյան փողոցի հարակից տարածքը, Մաշտոց, Տերյան, Աբովյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Խանջյան փողոցները, ավարտելով Վարդան Մամիկոնյան արձանի շրջակայքում։ Մեկ գիշերվա ընթացքում՝  22.30-ից մինչև առավոտյան ժամը 08.00-ն, Ա․Ս-ն մոտ 20 հազար քմ-ի սանմաքրումն է իրականացնում։ Մոտ այդքան էլ մյուս հավաքարարներն են մաքրում: 

2014 թվականից առաջ, երբ քաղաքի սանմաքրման աշխատանքներն իրականացնում էին վարչական շրջանների «սանսեկտորները»՝  քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, Ա.Ս-ից օրական պահանջվում էր 10.500 քմ տարածք մաքրել:

«Այդքանի համար այն ժամանակ ստացել եմ 130 հազար դրամ աշխատավարձ։ Այսօր մենք 20 հազար քառակուսի մետրը ավլում ենք ամսական 85 հազար դրամով, որից հանում են բանակի ֆոնդը: Մենք չենք կարող այդ գումարով ապրել: Գիշերը տանջամահ ենք լինում, իսկ առավոտյան ստիպված երկրորդ, երրորդ աշխատանքի ենք գնում»:

Շատ փողոցներ մաքրուհի չունեն

Մեր մյուս զրուցակից է Զ-ն, պատմում էր, որ քաղաքում բազմաթիվ փողոցներ պարզապես չեն մաքրվում, քանի որ քչերն են համաձայնվում աշխատել այս պայմաններում:

«Մոնումենտի հին և նոր թևերը, որոնք միանում են Լամբադա կամրջին, Ձորափի փողոցը, չունեն աշխատող: Կարող եմ ասել, որ ոչ մի թունել էսօր չունի աշխատող: Մեզ ստիպողաբար մաքրել են տալիս նաև այդ մասերը, բայց հավելյալ վճարում դրա համար չեն տալիս: Արձակուրդային մենք չենք ստանում, բյուլետենի որ գնում ենք, էդ օրերի համար մեզ փող չեն տալիս»:

Կանայք իրար հերթ չտալով, ներկայացնում էին իրենց ծանր վիճակը, պատմում էին, որ աշխատանքի ընդունվելուց իրենց խոստացել են, որ մոտ 250 դոլարի համարժեք աշխատավարձ կտան:

«Մեկ ու կես տարի հետո  մեր աշխատավարձը կտրեցին, դարձրեցին 85 հազար, խոստանալով, որ պարգևատրումներով կլրացնեն: Ոչ մի բան էլ չլրացրեցին, ու մեր ռոճիկը մնաց էդ 85 հազարը », — խղճուկ թվաբանությունն են ներկայացնում Զ-ն: Նա պատմում էր, որ աշխատանքի իրենց տանում են մեքենաներով:

«Իսկ աշխատանքից տուն գնալուց ասում են՝ ոնց ուզում եք, գնացեք, ձեր գործն է: Քաղաքապետ Մարությանը գոհ չի, թե ինչպես ենք մաքրում, բայց խի՞ չի հարց դնում, թե ինչքան ենք մենք ստանում, ինչ անմարդկային պայմաններում ենք աշխատում»:

Մաքրուհիները պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ

Մաքրուհիները մեզ խնդրեցին, որ  իրենց ձայնը հասցնենք քաղաքապետ Հայկ Մարությանին, խնդրենք նրան, որ հանդիպի իրենց հետ:

«Հայկ Մարությանը « Սանիթեք» -ի հետ հանդիպելու փոխարեն, թող մեզ դիմի՝ հավաքարարներին ու բանվորներին: Մենք  5 տարի առաջ, երբ կար ՙ «Կենտրոն» ձեռնարկությունը, 150 հոգի ենք եղել: Հիմա այդ նույն գործը անում ենք 40 հոգով, բացականերին հանած՝ 20-25 մարդ է օրական աշխատանքի դուրս գալիս: Չկա մի մարդ, որ գոհ լինի, ուղղակի բոլորը պարտքերի տակ ճռռում են, հիմնականում տարեց կանայք են, վարձով ապրողները և վախենում են աշխատանքը կորցնեն, դրա համար չեն խոսում», — ասում էր մի կին, որը  13 տարի է մեր քաղաքն է մաքրում:

9000 աղբամանի փոխարեն տեղադրել են մոտ 5000

Երևանի քաղաքապետարանի հարաբերությունները լիբանանյան ՙ «Սանիթեք» ընկերության հետ, ինչպես հայտնի է, հարթ չեն: Քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի անգամ դեղին քարտ է ցույց տվել աղբահանման օպերատոր «Սանիթեք»-ին: Նա մտադիր է վերադառնալ նախկին կարգի, երբ քաղաքի սանմաքրման աշխատանքներն իրականացնում էին թաղապետարանները:

«Սանմաքրումն անում եք պատշաճ որակով, կամ «Սանմաքրումը» քաղաքը վերցնում է հետ և որպես օպերատոր՝ ներգրավվում և անում է ինքը։ Այլևս այսպես հնարավոր չէ, աղետ է ուղղակի»,- հայտարարել է Երևանի քաղաքապետը՝ մարտի 25-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի խնդրանքով ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների հաշվարկներ են կատարում, պարզելու համար, թե որքան գումար է ծախսվելու Երևանի բյուջեից, եթե փողոցները սեփական ուժերով մաքրեն:

Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը Forrights.am-ի հարցերին պատասխանելով, հայտնեց, որ հաշվարկներն ընթացքի մեջ են:

«Սանմաքրման դեպքում առաջին հերթին պետք է մաքրուհիների աշխատուժ, որը ընկերությունը հիմա չի ապահովում: Տպավորություն է, որ մարդիկ քաղաքին վճարված գումարներից գրեթե ներդրում չեն անում իրենց ծառայությունների բարելավման համար: Մինչդեռ քաղաքը նրանց վճարները մեկ օր անգամ չի ուշացնում», — ասում է նա:

Թաղապետը վստահեցնում է, որ երբեմն գիշերով անցնում է քաղաքով և նկատում է, որ փողոցներն ավլող մաքրուհիները քիչ են: Նրանք թաղապետին գանգատվել են, որ անորակ ցախավելներով են աշխատում:

«Երևանում պետք է 9 հազարից ավելի աղբաման ունենայինք, ըստ
«Սանիթեք»-ի ստանձնած պարտավորությունների, բայց հիմա փաստացի քաղաքի կոմունալ վարչությունը հաշվարկել է, որ ունենք մոտ 5000 աղբամաններ: Այսինքն, 50 տոկոսով պակաս: Վերջերս միայն 250 լրացուցիչ աղբաման բերեցին, որոնք դրեցին միայն քաղաքի կենտրոնում»:

Հ․Գ․ Լիբանանյան «Սանիթեք»-ը Հայաստանի ամենաանհաղորդ ընկերություններից է։ Ընկերության կայքում չկա գոնե մեկ հեռախոսահամար, որով հնարավոր կլիեր կապվել ղեկավարների հետ։ Համացանցում բոլոր վարչական շրջանների անունների դիմաց «Սանիթեք»-ի «Թեժ գիծ» ծառայության միակ համարն է նշված՝ 8090։ Այն չի պատասխանում։

Հայտնի է միայն տնօրենի՝ Նիկոլաս Էլ Թավիլի անունը և հաշվապահ Լալայինը։ «Սանիթեք»-ի մաքրուհիներն այնքան են զանգել հաշվապահին, որ Լալան արգելափակել է իր հեռախոսնանծանոթ համարներից, և նրա հետ կապ հաստատելն անհնարին է դարձել։

Ակնկալում ենք ընկերության պատասխանը սույն հրապարակմանը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest