Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք շարունակում են մեկուսացված և խոցելի մնալ

0
2161

«Հոգեբուժարաններում գտնվող անձանց մեծ մասը չունի հոսպիտալացման կարիք և գտնվում է այնտեղ առավելապես խնամքի համար, նաև կա իրազեկման խնդիր, որպեսզի հիվանդը իմանա, որ կարող է ցանկացած պահի հրաժարվել հոգեբուժական հաստատությունում բուժում ստանալուց»  ասաց  ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը:

Այսօր ՀԼԱ գրասենյակում կայացավ «Անձին հոգեբուժական հաստատություններ ուղղորդման իրավական հիմքերն ու պահման պայմանները» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում տարբեր ՀԿ-ներ և պետական գերատեսչություններ ներկայացնող մասնագետները քննարկեցին անձին հոգեբուժական հաստատություն ուղղարկելու կանոնակարգերը և գործող իրավական  կարգավորումները, ինչպես նաև հոգեբուժարաններում պահման պայմանները։

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բուժում ստանան միևնույն ժամանակ չկտրվելով սոցիումից։ Այս խնդրի լուծումը կարող է լինել համայնքահեն ցերեկային խնամքի կենտրոնների բացումը։ Տարիներ շարունակ հոգեբուժական հաստատություններում խնդիրները բացահայտված չեն եղել, որի պատճառներից մեկը այն է, որ հոգեբուժական հաստատություններում գտնվող մարդիկ խոցելի խումբ լինելով զրկված են իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորությունից»։

Ըստ Գոհար Սիմոնյանի 2018 թվականին ՄԻՊ կողմից հրապարակված արտահերթ  զեկույցի շնորհիվ հոգեբուժական հաստատությունների հանդեպ հետաքրքրությունը նպաստել է, որպեսզի դրանցում առկա խնդիրները շատ ավելի ինտենսիվ բարձրաձայնվեն, թե´ անձամբ հիվանդների թե´նրանց հարազատների կողմից։ Հանրային քննարկմանը ներկա իրավապաշտպանները համոզմունք հայտնեցին, որ հիվանդին իր կամքին հակառակ հոգեբուժական հաստատություն տեղափոխելը լուրջ խնդիր է և պետք է օրենսդրորեն կարգավորվի:

ՀՀ առողջապահության նախարարություն, հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Լուսինե Արզումանյանը կարծիք հայտնեց, որ եթե հոգեբուժական ոլորտին զուգահեռ չբարելավվի երեխաների պաշտպանության համակարգը, մանկատնից դուրս գալուց հետո անձի մուտքը հոգեբուժարաններ մշտապես ապահովված է լինելու։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ 10-12 տարի առաջ նույնիսկ Առողջապահության նախարարությունը չէր ողջունում հոգեբուժական հաստատություններում դիտորդների կողմից իրականացվող մոնիթորինգները, ինչի պատճառով դրանցում եղած խնդիրները ի հայտ չէին գալիս ու չէին լուծվում։

« Կատարված այցերից ու ներկայացրած առաջարկներից հետո, թեկուզ ֆորմալ, բայց իրականացվեցին որոշ փոփոխություններ, մասնավորապես հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար սահմանվեց անվճար իրավաբանական օգնություն, որը մինչ այդ չկար, ընդունվեցին գերատեսչական ակտեր, որոնք երաշխավորում են հաստատությունում գտնվող անձի կենցաղային հարմարություններ ունենալու իրավունքները»։

Սաքունցի խոսքով այս տարիներին նաև 2 կարևոր որոշում է ընդունվել՝ ապաինստիտուցիոնալացման մասին երկու հայեցակարգերը, ինչպես նաև 2010 թվականին ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան։

«Ստացվում է որ Հայաստանի հանրապետությունը ունի բավարար չափով օրենսդրական բազա, որը հնարավորություն է տալիս բարեփոխումներ իրականացնել, բայց մենք շարունակում ենք քննարկել հոգեբուժական հիվանդանոցը, փակ հաստատությունը մնում է փակ հաստատություն, մինչդեռ մենք պետք է խոսենք նոր որակի հաստատության մասին, որի նպատակը անձին վերաինտեգրելն է»

Քննարկմանը ներկա մասնագետները նաև համակարծիք  էին, որ հայաստանում թերի  են  անցկացվում նաև դատաբժշկական փորձաքննությունները և դեղորայքի նշանակումները։

Ռաֆ Ենգիբարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here