Հայաստանի զինված ուժերում, խաղաղ պայմաններում գրեթե ամեն տարի գրանցվում են մահվան դեպքեր, ինչպես նաև հրամանատարական կազմի կողմից խոշտանգման, զինծառայողների նկատմամբ դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումներ։

2019թ-ի առաջին եռամսյակում, խաղաղ պայմաններում զինծառայողների 11 մահվան դեպք է գրանցվել։

Ըստ պաշտոնական վիճակագրության մահվան դեպքերի մեջ գրանցվում են նաև ինքնասպանության դեպքեր։ Իրավապաշտպանները մշտապես անդրադառնում են մարդու իրավունքների խնդիրներին՝ բանակում և զինծառայողների գործերով ջանքեր են գործադրում արդարադատության հասնելու համար։

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյողյանն անդրադարձավ խոշտանգման հետևանքով հոգեկան խնդիրներ ձեռք բերած զինծառայող Արթուր Հակոբյանի խախտված իրավունքերը վերականգնման խնդրին, նշելով, որ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է շատ կարևոր հարցի՝ հոգեկան առողջություն ունեցող անձի հարցաքննությանը:

«Դատարանը փաստել է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողին լսելու իրավունքի սահմանափակումը հանգեցրել է Արթուր Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտմանը,-ասաց փաստաբանը, հավելելով, որ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր նախադեպային որոշում է կայացրել՝ հոգեկան առողջություն ունեցող վկաների հարցաքննության և նրանց ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ:

«Վճռաբեկ դատարանի որոշումն իրենից ենթադրում է, որ արդար դատաքննության ընթացքում քրեական պատասխանատվության կենթարկվի ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը և դատավորները, որոնք կոծկել են գործը, սակայն դեռ առաջխաղացում չկա՝ բոլոր միջոցները գործադրվում է, որ Արթուր Հակոբյանի գործը կոծկվի և իրական մեղավոր անձիք չենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց Արա Ղարագյոզյանը հավելելով, որ այս գործով դիմելու են ՄԻԵԴ։

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսնյանը ևս անդրադարձավ Արթուր Հակոբյանի դեպքին, նշելով, որ ինքն այցելել է նրան, երբ վերջինս գտնվել է Կանազի հոսպիտալում՝ ծանր հոգեկան վիճակում, վախի ու սարսափի արտահայտությունը դեմքին և անընդհատ կրկնում էր այն սպայի անունը, ով իրեն ծեծի էր ենթարկել։

«Չնայած հեղափոխությանը՝ ՊՆ-ն, Դատախազությունը և Քննչական կոմիտեն շարունակում են նախկին գործելաոճը. կոծկել խոշտանգումների գործերը, բանակում եղած խնդիրները լուծելու փոխարեն՝ լռեցնել դրա մասին բարձրաձայնողներին»,-ասաց իրավապաշտպանն անդրադարնալով Յուրիկ Բրոյանի գործին, նշելով որ առողջական խնդիրներ ունեցող զինվորների հարցերով զբաղվելը շատ դժվար է

«Բոլորը գիտեն այս գործի մասին, սակայն միևնույն է դոփում է տեղում՝ զինվորը շարունակում է պահվել Զինվորական ոստիկանությունում։ Այս անգամ նրան այլ բաժին տեղափոխեցին, քանի որ նախորդում նրան խոշտանգում էին՝ ցնցումների մեջ էր, նույնիսկ չէր խոսում, սակայն ներարկումներ արեցին, թուլացավ և այժմ խոսում է»,-պատմեց Ժաննա Ալեքսանյանը, հավելելով՝  խնդիրները ՊՆ-ի կողմից չեն  վերհասկվում։

ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական և առաջնահերթուղղություններից մեկը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն է:

«ՄԻՊ-ը, որպես անկախ մեխանիզմ բողոքներ է ստանում պարտադիր ժամկետային զինծառոյողներից, նրանց ծնողներից։  Մահվան դեպքերի հետ կապված  ահազանգերը քիչ են լինում, հիմնականում՝ բռնությունների հետ կապված և առողջականի հետ կապված հարցեր են»,-ասաց Ռազմիկ Մարիկյանը։

Բանախոսները միակարծիք էին, որ բանակին անհրաժեշտ է քաղաքացիական վերահսկողություն:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկատվության՝ 2018 թվականին 2017 թվականի համեմատությամբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը նվազել են 3 անգամ, ավելի քան 40 տոկոսով աճել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը, և կրկնակի անգամ ավոտվթարի հետևանքով մահացության դեպքերը։

Հավելենք, որ քննարկմանը հրավիրված էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից, Զինվորական դատախազությունից և Քննչական կոմիտեից, սակայն վերջիններս հրաժարվել էին մասնակցել։

Առավել մանրամասն տեսանյութում՝

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest