Փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ Քոչարյանի փաստաբաններին ուղղված սպառնալիքների առթիվ

Փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի քանի այլ փաստաբանների հետ միասին իրականացնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, Քոչարյանի անունից բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ բողոքելով, որ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության իրավունքը:

Փաստաբանը Forrights.am-ին պատմեց, որ իր անձի հանդեպ վիրավորանքներն ու սպառնալիքները սկսվել են այն պահից, երբ ինքը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը: «Օգոստոս ամսին դատարանի մուտքի մոտ լրագրողների ու տեսախցիկների առկայությամբ մի մարդ կոչ էր անում սպանել Քոչարյանի փաստաբաններին, մանրամասն ներկայացնում էր՝ ոնց է դա անհրաժեշտ անել»,-պատմեց Ալումյանը:

Նա նաև հավելեց, որ չնայած այդ օրը, մինչ դատական նիստի սկիզբը, ինքն արդեն դիմել էր ոստիկանությանը՝ անհրաժեշտ պաշտպանության համար. «Ենթադրում էի, որ կլինեն նման դրսևորումներ ու չսխալվեցի, բայց ոստիկանությունը ոչինչ չձեռնարկեց: Եվ շատ ավելի ուշ, արդեն ցերեկը երկու ոստիկան եկան՝ իբրև էդտեղ կարգ պահպանելու»:

Այդ դեպքից հետո Հայկ Ալումյանը դիմել է ՔԿ՝ սպառնալիքների առթիվ: Ավելի ուշ նրա դիմումին միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հանդեպ հնչած սպառնալիքների առթիվ դեռ ամիսներ առաջ քրգործ է հարուցվել ՀՀ Քննչական կոմիտեում, սակայն, փաստաբանն ասում է, որ ՔԿ-ն ոչ թե սպառնալիքների հեղինակներին է փնտրում, այլ ճանապարհներ՝ գործը կարճելու համար:

«Չեն էլ ձգտում՝ մի բան պարզել: Ձգտում են մի հնարք գտնեն՝ էդ գործը չքննեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ՔԿ-ն անգամ մինչ այժմ չի գտել տեսախցիկների առաջ փաստաբաներին սպառնացողին: «Բոլոր կողմերից այդ մարդուն նկարել են լրատվամիջոցները, տեսանյութեր կան, բայց չեն կարողանում գտնել»,-տարակուսանք հայտնեց փաստաբանը:

Մյուս սպառնալիքների առթիվ էլ, Ալումյանն ասաց, որ իրավապահները ոչինչ չեն ձեռնարկել, ոչինչ չեն գտել: «Ամբողջ քննությունը հետապնդում է միայն մի նպատակ՝ ինչ պատճառաբանություն գտնել, որ էդ գործի վարույթը կարճել»-ասաց փաստաբանը՝ շարունակելով. «Բայց ես անձամբ պատրաստ եմ նաև էդ զարգացմանը և էս հարցն արդեն ներկայացրել եմ Եվրադատարան: Որպես մեր պաշտպանյալի պաշտպանության իրավունքի խախտում: Գործը գրանցվել է ՄԻԵԴ-ում»:

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ԱԱԾ տնօրենին ավելի կոնկրետ արդյունքներ գրանցել ֆեյքերի դեմ պայքարում:

«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է»,-ասաց նա ԱԱԾ տնօրեն Աթուր Վանեցյանին՝ շարունակելով. «Սոցիալական ցանցերում կան ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների հետ կապված՝ ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի: Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն լրագրողներին ասել է, որ ձարբակալվել է «Դուխով Հայաստան» ֆեյք էջի հեղինակը:

«Կոնկրետ իմ գործի վրա ես զգում եմ, որ քննչական մարմինները ոչ թե ձգտում են ֆեյքերին գտնել, այլ ամեն կերպ պարտակել: Համացանցը լիքն է սպառնալիքներով»,-հակադարձեց Ալումյանը:

Հայկ Ալումյանը շատ մեծ ակնկալիք ունի, որ ՄԻԵԴ-ում կճանաչվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության իրավունքի խախտումը: «Էդ գործողություններն ուղղված չեն անձամբ իմ դեմ: Իմ փոխարեն Գասպարյան Գասպար լիներ կամ չգիտեմ՝ ով, նունը լինելու էր նրա հետ կապված: Դա ուղղված է իմ պաշտպանյալի դեմ ու մենք այնքանով ենք թիրախավորված, որ իրեն ենք պաշտպանում: Հայկ Ալումյանին մինչ այդ ոչ ոք նպատակ չէր ունեցել սպառնալ և դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ Քոչարյանին եմ պաշտպանում»,-նշեց փաստաբանը:

Համացանցի միջոցով մարդու իրավունքներին վնաս հասցնելու սպառնալիքը շատ ավելի մեծ է, քան մամուլով

Իր տարեկան զեկույցում ատելության խոսքին ու ֆեյքերի գործունեությանն է անդրադարձել ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ այդմ՝ «2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ընթացքում սոցիալական ցանցերը ծառայեցին իբրև տեղեկությունների արագ և արդյունավետ տարածման փոխակտիվ հարթակ։ Միևնույն ժամանակ, ապրիլյան հավաքների օրերին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունը վկայում էր, որ առանձին դեպքերում դրանցում առկա էին բախումների կամ այլ միջադեպերի այնպիսի ձևակերպումներով նկարագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հանգեցնում էին ատելության խոսքի ու բռնության կոչերի»,-գրել է պաշտպանը:

Ըստ նրա՝ այդ հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից խրախուսվում էր բռնությունը, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելը, իսկ մի շարք դեպքերում կոչ էր արվում «ֆիզիկապես ոչնչացնել», «կյանքից զրկել» ոստիկանության ծառայողների:

Ըստ Թաթոյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ճանաչելով համացանցի «կարևոր դերը» «հանրության համար լուրերի մատչելիությունն ապահովելու և ընդհանրապես տեղեկությունների ավելի արագ տարածման գործում, այնուամենայնիվ, նշել է, որ համացանցը տպագիր մամուլից տարբերվող տեղեկատվության և հաղորդակցության միջոց է: «Համացանցում տեղադրվող բովանդակությունն ու դրա միջոցով կատարվող հաղորդակցությունները մարդու իրավունքների և ազատությունների իրացմանը վնաս պատճառելու ավելի մեծ սպառնալիք են պարունակում, քան մամուլը»:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest