Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը միաձայն քվեարկեց 2008 թվականի մարտի 1-2-ի զոհերին ու տուժածներին պետական աջակցութուն ցուցաբերելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի նախագծին: Արտակ Զեյնալյանը պարզաբանել է, լրագրողների հարցերին պատասխանելով, որ աջակցության չափը կորոշի կառավարությունն ըստ իր հնարավորությունների: «Կա 10 զոհ, մարմնական վնասվածքներ ստացած 187 ոստիկան 32 քաղաքացի: Այս թիվը կարող է փոխվել», — ասել է Արտակ Զեյնալյանը:

Աջակցությունը ստանալու են բոլոր նրանք, ովքեր տուժել են մարտի 1-2-ին բողոքի հավաքներ իրականացնելիս: Առայժմ հստակեցված չի, թե ինչ աջակցության մասին է խոսքը: Չի բացառվում, որ տուժողը ոչ թե գումար, այլ, ասենք, հանգստյան վայրի ուղեգիր ստանա: Պետական աջակցությունը տուժողներին ցուցաբերելու են մինչև տարեվերջ:

Մոտ մեկ տարի առաջ, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ դեռ պատգամավոր էր և գլխավորում էր «Ելք» դաշինքը, պահանջում էր հանրապետական խորհրդարանից հայտարարություն ընդունել այդ իրադարձությունների վերաբերյալ, որում առանձին կետով նշվում էր և օրենսդրական փաթեթի մշակում, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի զոհերի հարազատներին:

Այսօր Փաշինյանը երկրի առաջին դեմքն է և հետամուտ է Մարտի մեկի ոճրագործության բացահայտմանը: Սակայն հարազատների փոխհատուցման հարցը կրկին չի լուծվում: Իրավական նրբություններ կան, որոնք թույլ չեն տալիս դա անել: Փետրվարին, երբ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ դրեցին մարտի 1,2-ի իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծ, արդարադատության նախարարությունը առարկություններ հայտնեց օրենքի հեղինակներին:

Մարտի 23-ին պարզ դարձավ, որ օրինագիծը չի ներկայացվել գործադիրին, քանի որ հեղինակները այն հետ են կանչել: Արդարադատության նախարարությունից մեր հարցին ի պատասխան, կարճ բացատրություն էին ներկայացրել, հղում տալով նախարարի բառերին. «ԱԺ-ն լիազորված չէ գործադիր իշխանությանը նման լիազորություն տալու, գործադիր իշխանությունը լիազորված չէ մտնել դատական իշխանության տիրույթ»:

Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ «փոխհատուցում» հասկացությունը «աջակցություն» բառով փոխարինելը մտածելու տեղիք տալիս է: «Աջակցությունը բոլորովին այլ բան է: Դա պետության նոր իրավահաջորդի կողմից աջակցելն է տուժածին: Պարզապես աջակցում են, որ դու վատ վիճակում չլինես — կառավարության նախաձեռնությունը գնահատեց փաստաբանը, —

Աջակցությունը պետության պարտավորություն չի ենթադրում: Իսկ փոխհատուցումը ենթադրում է, որ պետությունն ընդունում է իր մեղքը, գիտակցում է, որ կոպիտ ասած՝ վատ բան է արել: Կարծում եմ, այս բառերը մտածելու ինչ որ տեղիք տալիս են, բայց կարևորը վերաբերմունքն է: Թե դրա անունը ինչ կդնեն, այդքան էլ կարևոր չի»:

Ըստ փաստաբանի, փոխհատուցումը ենթադրում է, որ պետությունը ճանաչել է կյանքի իրավունքի խախտում: «Բայց քանի որ Մարտի մեկով գործ է քննվում, փոխհատուցման խնդիրը կլուծեն գործը ավարտելուց հետո»:
Մարտի մեկի զոհերի հարազատների շրջանում օրինագիծն այս միանշանակ չի ընդունվել: Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Forrights. am-ի հետ զրույցում ներկայացրեց բառերի տրանսֆորմացիայի պատմությունը:

«Փոխհատուցումը սիրուն չի, որովհետև դա նշանակում է վնասի վերականգնում: Օրինակ, կարկուտի ժամանակ այգիները վնասվում են, գյուղացիների վնասը վերականգնում են: Բայց մեր վնասը ո՞նց կվերականգնեն: Հիմա ասեցին՝ հատուցում: Հետո Արտակ Զեյնալյանը, որ կառավարությունում քննարկում էին, ասում էր, որ հատուցումը սխալ է, որովհետև հատուցումը դատարանի որոշմամբ է լինում: Բայց ոչ դատարանում, ոչ եվրոդատարանում դեռ ոչ մի դատավճիռ չկա»:
Սարգիս Քլոյանը կարծում է, որ փոխհատուցումը աջակցությամբ փոխարինելը նպատակ ունի նաև չխանգարելու ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացներին:

«Արտակ Զեյնալյանն ասեց՝ պետք է օժադակել, ոչ խանգանգարել եվրոդատարանին: Հակառակ դեպքում, եվրոդատարանն արդեն կասեր, որ մեզ մոտ խնդիրը վերացել է» : Սարգիս Քլոյանը բարոյապես իրեն բավարարված է զգում:

«Անցել է 11 տարի, հանրապետականը բոլոր իրենց տուժածներին փոխհատուցել էր, օժանդակել էր, Համլետ Թադևոսնյանին թոշակ էր նշանակել, բայց մեզ ոչ մի կոպեկ: Եկավ թավշյա հեղափոխությունը և որոշեցին, որ մեզ էլ պետք է աջակցեն: դա շատ մեծ նշանակություն ունի մեզ համար», — ասում է Սարգիս Քլոյանը զոհվածների բոլոր հարազատների անունից:

Մարտի մեկի զոհերի աջակցության օրինագիծը անհասկանալի է վանաձորցի ոսկերիչ, մարտի մեկին զոհված Դավիթ Պետրոսյանի մոր՝ Ջմեմմա Վարդումյանի համար: Նա չի հասկանում, թե ինչ տարբերություն կա փոխհատուցման և պետության աջակցության միջև և ուզում է մի լավ իրավաբան գտնի, որն իրեն օգնի գլուխ հանել այդ ձևակերպումներից: «Իմանամ, առավելություն է, թե թերություն էդ աջակցությունը, մինուս է, թե պլյուս» — ասում է Ջեմմա Վարդումյանը:

Նա մարտի մեկի վերաբերյալ օրինագծին սպասել է 11 տարի: Տեղեկանալով, որ հատուցման մասին օրենքի նախագիծը պատգամավորները հետ են կանչել այնքան էր հուսահատվել, որ Վանաձորի կենտրոնական հրապարակ էր գնացել, ինքնահրկիզման փորձ անելու, որի մասին տեղեկացրել էր ոստիկանությանն ու մարզպետին:

Այժմ զոհվածի մայրը հիվանդանոցում բուժում է ստանում: Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ անձամբ խոսել է որ իրեն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի հայրն էլ՝ Հովսեփ Խաչատրյանը Forrights.am-ին փոխանցեց, որ իր ընտանիքի համար առաջնայինը փոխհատուցման, կամ աջակցության հարցը չի:

«Սիրուն չի լինի, եթե մենք էդ հարցով շատ խոսենք: Մեր ընտանիքի առաջնահերթ խնդիրը նա է, որ բացահայտվեն սպանությունները, մարդասպանները պատժվեն: Մեր գործը մեր փաստաբանը ներկայացրել է Եվրոպական դատարանին, և աջակցության չափն էլ կլինի արժանապատիվ ձևով: Մնացածը՝ թող կառավարությունը որոշի՝ գումարի չափը, կտան, չեն տա, թող ամեն ինչ լինի արժանապատիվ ձևով», — արձագանքեց Հովսեփ Խաչատրյանը:

Նրանից իմացանք, որ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, արտագաղթել է, բայց վերադառնալու է ու անպայման մասնակցելու է մարտի 1-ին զոհվածների հուշակոթողի բացմանը: Իրենք սպասում են այդ օրվան :

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest