«Հայաստանի և ԵՄ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, որոնց կարևոր բաղադրիչը մարդու իրավունքներն են»

0
154
Պյոտր Սվիտալսկի

Ազգային ժողովում այսօր անցկացվեց «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումները:

Նիստը վարող ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս պարբերական դիտարկումը կարևոր հարթակ է հանդիսանալու նախորդ դիտարկումների ընթացքում արձանագրված պարտավորությունների ընթացքն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը ամփոփելու համար։

«Մենք բազմաթիվ պարտականությունների հարցում ունենք մտահոգիչ վիճակ։ Ունենք ստանձնած բազմաթիվ միջազգային պարտավորություններ, որոնց կատարման հարցում սահմանված ժամանակացույցից հետ ենք ընկել»,- ասաց  Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ այս միջոցառումը նպատակ ունի խթանել համագործակցությունը պետական իշխանության բոլոր մարմինների և հասարակական կազմակերպությունների, միջազգային և դիվանագիտական կառույցների միջև՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Անդրադառնալով նոր Հայաստանում այդ ոլորտում առկա բացերին՝ Զոհրաբյանը նշեց, որ այսօր էլ առկա են բազմաթիվ խնդիրներ, և վստահեցրեց այս լսումների ընթացքում չի լինելու որևէ խնդիր, որը չքննարկվի։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու շեշտեց՝ մարդու իրավունքների հարցերը Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության օրակարգի առաջնահերթություններից են:

«Մարդու իրավունքների թեմայով հանրային լսումները վիթխարի նշանակություն ունեն երկրում ժողովրդավարական մշակույթի առաջմղման և ամրապնդման համար: Հայաստանի և ԵՄ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, որոնց կարևոր բաղադրիչը մարդու իրավունքներն են: Այս քննարկումը նաև գործնական արժեքավորություն ունի, քանի որ հաջորդ շաբաթ Բրյուսելում մեր հայ գործընկերների հետ մարդու իրավունքների հարցով երկխոսության մասին ամենամյա բանավեճ ենք անցկացնելու»,- ասաց Սվիտալսկին:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց ազգությամբ եզդի, զինծառայող Յուրիկ Բրոյանի առողջության, նրա նկատմամբ կատարված բռնության և անօրինական գործողությունների մասին:

«Յուրիկ Բրոյանի առողջական վիճակը շատ ծանր է, դժվարւթյամբ է քայլում, վերջին օրերին նաև քթից արյունահոսություն է լինում, որը կրկին անտեսվում է: Նրա կյանքի և առողջությանը վտանգ է սպառնում, պատկան մարմինների կողմից որև գործողություն չի իրականացվում»,- հայտարարեց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը Նաիրա Զոհրաբյանին կոչ արեց այցելել Ռազմական ոստիկանության 20/420 զորամաս և անձամբ տեսնել, թե ինչ վիճակում է գտնվող զինծառայող Բրոյանը: Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքն արդեն իսկ արձանագրել է խնդիրը և հետևողական կլինի դրա լուծմամբ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին, նշեց, որ եթե նախկինում այդ խախտումների բարձրաձայնման հարցում հանդիպում էին բարիկադների  իշխանությունների կողմից, ապա այժմ տրամաբանություն է փոխվել, կա քաղաքական կամք, որը պետք է արտահայտվի ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով:

«Շատերն են վախենում անցումային արդարադատությունից, չգիտեմ՝ ալերգիա ունեն, հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, սակայն  նրա բուն էությունը ճշմարտության բացահայտումն է»,- ընդգծեց  Սաքունցը։

Խորհրդարանական լսումներին ելույթներով հանդես եկան մի շարք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և այլք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here