Քառօրյա պատերազմի առաջին զոհը 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն էր

0
1397

Քառօրյա պատերազմի առաջին զոհը 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն էր

Երեք տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց պատերազմական գործողություններ, որոնք «պաշտոնապես» տևեցին չորս օր։ Չնայած տարածված է Քառօրյա պատերազմ անվանումը, այսինքն՝ որպես պատերազմի ավարտ նշվում է ապրիլի 5-ը, սակայն ակտիվ ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև ապրիլի վերջ: Առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Այդ գործողությունների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ունեցավ 110 զոհ, 120 վիրավոր։

Ապրիլի 2-ի առավոտյան 09:10 րոպեին հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Սակայն գործողությունները սկսվել էին դեռ գիշերը՝ 03:00-ի սահմաններում:

Առաջին զոհը 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանն էր՝ Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղից: Չնայած հրապարակված տվյալների, Ապրիլյան պատերազմի ժամանակ երկկողմ կորուստների մասին առկա են իրարամերժ տեսակետներ:

Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետևանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվում. առկա են իրար հակասող ցուցակներ, որոնցից է Ադրբեջանի զինուժի 14-ից մինչև 93 սպանված զինծառայող:

Քյարամ Սլոյան

«Հաղթական ավարով» լուսանկարվել էին և տեղադրել համացանցում

Հայկական կողմի կորուստների մեջ էր ազգությամբ եզդի զինծառայող 20-ամյա Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվեց 2016 թվականի ապրիլի 5-ին։ Շարքային Սլոյանը մահացու վիրավորել է, երբ սպառվել էին փամփուշտները, ինչից հետո փորձել է կրակի գծից դուրս բերել ծանր վիրավորված հրամանատարին՝ Արմենակ Ուրֆանյանին։ Բազմաթիվ վիրավորումներից և ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հետ բռնված ձեռնմարտից հետո սպանվել է, ենթարկվել խոշտանգումների և վերջում գլխատվել։ Ադրբեջանական կայքերը մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին տարածել Քյարամի կտրված գլուխը: Մարդասպանները «հաղթական ավարով» լուսանկարվել էին և տեղադրել համացանցում:

Սլոյանին հուղարկավորեցին 2 անգամ. գլուխն ընտանիքին հանձնվել էր միայն 7 օր անց՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ:

«Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ բայց երեկ էլ գլուխը բերինք անատոմիկից, տարանք, դագաղը հանեցինք, բացեցինք, գլուխը դրեցինք տեղը, թաղեցինք»,- պատմել էր հայրը՝ Քյալաշ Սլոյանը, ով որդու մահից 1 տարի էլ չանցած՝ մահացավ:

Քյարամ Սլոյանի դեպքին անդրադարձան և դատապարտեցին նաև միջազգային մի շարք լրատվականներ ու կառույցներ:

«Ընտրության խնդիր էր. արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել 35-40-80 հայրենասեր տղաներ»

2016 թվականի ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հա տարածք.

«Երբ ասում եմ, որ մեր զինված ուժերն իրենց խնդիրները կատարեցին, հավատացեք` մեր զինված ուժերն ի վիճակի էին այս ստատուս քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր. արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել 35-40-80 հայրենասեր տղաներ»,- ասել էր Սարգսյանը, ապա հավելել,- «Ռազմավարական առումով, այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, միգուցե, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի են հասել»:

Համաձայն հակամարտող կողմերի տարածած տեղեկությունների՝ ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանը չի ունեցել տարածքային կորուստ:

Այսօր…«Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի»

Այսօրը…

3 տարի անց դեռ խորքային վերլուծություններ են անում հասկանալու համար, թե ինչպես հակառակորդն Ապրիլյան պատերազմը սկսելու հնարավորություն ունեցավ։ Դեռ անելիք կա, որպեսզի ամբողջությամբ հասկանանք՝ ապրիլին տեղի ունեցածին մենք որքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք և կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Մենք պետք է հասկանանք՝ որտեղ ենք թերացել և դա կարող է միայն մեր ներքին խնդիրը չլինել, պետք է հասկանանք՝ հակառակորդը այդպիսի հնարավորություն ոնց ունեցավ, արտաքին քաղաքական գործոնը եթե կա, պետք է տեսանելի լինի մեզ համար:

Այսօր Եռաբլուր պանթեոնում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Վարչապետն ու նրան ուղեկցողներն առանձին-առանձին մոտեցան ու ծաղիկ դրեցին Ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին:

Փաշինյանն անդրադառնալով բանակցային գործընթացին շեշտեց՝ բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի.

«Պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:

«Երբ զինվորի մոտ փամփուշտը վերջանում է, եթե բահն է ձեռքին, բահով պետք է կռվի, բահը չդարձնենք կարևոր մի գործոն, բահն էլ է սպառազինություն, բահը չլինի, կարող է քարը լինել: Պետք է հասնենք նրան, որ ցանկացած խնդիր լուծելու համար մենք բավարար պաշարներով տվյալ տարածքում նստած լինենք։ Եթե հասել ենք բահերով կռվին, նշանակում է մենք այնքան ենք մոտեցել իրար, այնպիսի իրավիճակ է, որ պետք է բահն էլ կիրառես։ Բահի մեջ չի խնդիրը»,- այցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ նախօրեին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին մոմավառություն էր կազմակերպվել:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here