«Ուղղակի չեմ հավատում, որ 600 զինվորներ էդպիսի վանկարկումներ են արել». Իրավապաշտպանը՝ Մեղրու գնդի «ապստամբության» մասին

0
1651

Մի քանի օր առաջ կառավարության շենքի դիմաց բողոքող Մեղրու զորամասի զինվորների ծնողները, որոնց որդիներին արտառոց միջադեպից հետո տեղափոխել են Արցախ՝ առաջնագիծ, իսկ որոշներին կարող է կալանք սպառնալ, երեկ հրաժարվեցին որևէ բան ասել իրենց տղաների ու մամուլի միջոցներով նրանց վերագրվող արարքների մասին: Ծնողներից մեկը հորդորեց «չփորփրել»՝ հավելելով, թե տղան արդեն ծառայում է Արցախում, մեկ ուրիշն ընդհանրապես հեռախոսն անջատեց՝ իմանալով, որ լրագրող է զանգում:

Սա այն դեպքում, երբ մի քանի օր առաջ հենց ծնողներն իրենք էին խնդրում ու պահանջում իրենց որդիների խնդիրը բարձրաձայնել: Տպավորություն էր, որ զինվորների բողոքող ծնողներին «հորդորել են լռել»:

Հիշեցնենք, որ հանրությունը Մեղրու 600 հոգանոց գնդի «ապստամբության» մասին իմացավ զինվորներից մեկի ծնողից՝ դեպքից օրեր անց: Դրանից հետո «Զանգեզուր» հեռուստաընկերությունը, հղում անելով անանուն աղբյուրի, հայտարարեց, թե Մեղրի քաղաք դուրս եկած զինվորների գունդը վանկարկել է «Կյանք գողերին, մահ ոստիկաններին» արտահայտությունը, առանց որևէ փաստ ներկայացնելու, իսկ «Ժողովուրդ» թերթը երեկ գրել էր, թե «իրականում այս միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել», կրկին որևէ փաստ չնշելով ու հղում անելով անանուն աղբյուրի:

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քիչ հավանական է համարում, որ գնդի 600 զինվորները նման վանկարկումներ արած լինեն: «Չեմ բացառում, որ այդ 600 զինվորի միջից 1-2 հոգի այդպիսի արտահայություն արած լինեն, բայց դա չի կարելի վերագրել 600 զինվորին: Ես ուղղակի չեմ հավատում, որ 600 զինվորներ շարքով գնացել են ու էդպիսի վանկարկումներ են արել»,-ասաց Իշխանյանը:

Իսկ եթե զինվորների մեջ այդպիսի արտահայտություններ անողներ եղել են, ըստ իրավապաշտպանի, «պետք է «նրբակրկիտ հետաքննություն կատարվի, ոչ թե ինչպես պրակտիկայում է եղել՝ ահաբեկելով կամ վախեցնելով զինվորներին ստիպեն միմյանց վրա ցուցնունք տալ»:

Ավետիք Իշխանյանը գտնում է, որ պետք է մանրակրկիտ քննություն կատարվի նաև հոգեբանի միջոցով, այն սկզբունքով, որ զինվորները վստահ լինեն, որ իրենց ու իրենց ընկերների նկատմամբ հաշվեհարդար չի լինելու:

Մեղադրանքի և կալանքի դեպքում, ըստ իրավապաշտպանի, շատ կարևոր է , որ զինվորներն ունենան որակյալ փաստաբաններ և քննությունը չգնա ահաբեկման մեթոդով: «Ամենակարևորը, որ մենք վստահենք քննությանը: Կարևոր է, որ քննությունը չգնա այն վարկածով, որը «Զանգեզուր» հեռուստաընկերությունն է ցույց տել և ինչպես կուզենար ՊՆ-ն, այլ որակյալ փաստաբանների ներգրավմամբ պարզվի իրականությունը»,-նշեց Իշխանյանը:

Նրա խոսքով՝ եթե քրեական մշակույթ է եղել զորամասում, դա շատ ցավալի է. «Եվ շատ ցավալի է, որ դեռևս այդ ենթամշակույթը բանակից արմատախիլ չի արվել»:

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ 90-ականներին իսկապես եղել են այդպիսի դեպքեր բանակում: «Ժամանակին եղել են դեպքեր, երբ շարքայինը հիմնական դեմքն է եղել զորամասում, ուղղակի զարմանում եմ, որ, եթե դա ճիշտ է, հիմա շարունակվում է»,-տարակուսանք հայտնեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանի համար ցավալի է նաև, որ Արցախի առաջնագիծ տեղափոխելը որպես պատիժ է կատարվում: «Արդյոք Արցախում ծառայելը պատի՞ժ է: Ինչ տարբերություն. Էնտեղ ծառայողները ուրեմն մեջք չունեն, դրա համա՞ր են էնտեղ ծառայում: Ես չէի ուզի, որ էդպիսի հոգեբանություն լիներ Հայաստանում: Զինվորական ծառայությունը կյանքի վտանգ է ընդհանրապես».-նշեց նա:

Նշենք, որ Մեղրիի զորամասի դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ։ Առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, իսկ երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին երկու գործերով որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Այսինքն՝ ձերբակալված անձ չկա: Նշենք, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ 9 զինվորի կարող է կալանք սպառնալ: «Կիրականացվի լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, որի ընթացքում ձեռք բերվող տվյալների, ապացույցների հիման վրա էլ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»,-վստահեցրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ինձ վերաբերում է, թե արդյոք զինվորներին վերագրվող արարքների փաստեր կան, Աբրահամյանն ասաց.

«Ինչ վերաբերում է այլ տվյալներին, դրանք նախաքննական գաղտնիք են և այս փուլում հրապարակման ենթակա չեն»:

«Գողական կարգախոսներ գոռալը, կանեփ աճեցնելու մասին հորինվածքները նպատակ ունեն գրգռելու իրավիճակը»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մեղրիի գնդի առթիվ վերջին օրերի «լրատվությունը մտածածին հորինվածքներ են, որոնցով փորձում են թեման կոծկել կամ թեմային այլ ուղղություն տալ»:

«Գողական կարգախոսներ գոռալը, կանեփ աճեցնելու մասին հորինվածքները նպատակ ունեն գրգռելու իրավիճակը և ավելի խիտ գույներ հաղորդել այդ դեպքերին: Այս լրատվությունը կարող է վտանգավոր լինեն թե զինվորների, թե բանակի համար»,-ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Հիմա դնել, հետին թվով մտածածին տեղեկություններ հորինել, կարծում եմ արդարացված չի: Իհարկե, չպետք է գողական փոխհարաբերություններ լինեն բանակում, բայց երբ 18 տարեկան երեխան հայտնվում է այդ միջավայրում, երեխան չի մեղավոր: Դրանք մեր բոլորի տներից գնացած երեխաներն են: Խնդիրը կարելի է հանգուցալուծել շատ արագ և կեղծ լուրերի տարածման առիթ չպետք է լիներ»:

Մյուս կողմից, Հարությունյանը շեշտեց, որ այդ ամենի մեջ մեղադրվող զինվորներն արտահայտվելու ու պաշտպանվելու հնարավորություն չունեն:

«Պատասխանատվությունն առաջին հերթին հենց սպաների վրա է, որովհետև միջավայրն արդեն առկա է լինում, երբ 18 տարեկան պատանիները հայտնվում են այնտեղ»,-ասաց նա:

Իրավապաշտպանը կարծում է, որ ՊՆ-ի ամենաբարձր օղակներից պետք է ընդունեն իրենց պատասխանատվությունը, հասկանան, որ դա շատ կարևոր խնդիր է, և փորձեն լուծել այն, որպեսզի մեկընդմիշտ լուծվի այդ խնդիրը:

«Օպերատիվ և վիրաբուժական վիրահատությամբ կարելի է լուծել: Բոլոր այն սպաները, որոնք ապրում են հանցաշխարհի օրենքներով կամ փորձում են հանցաշխարհի օրենքներ ներդնել բանակում, նրանց դեմ այս դեպքի առիթով պետք է շատ լուրջ քայլերի դիմել»,-եզրափակեց Հարությունյանը:

«Ոչ մի գողական չի կարող զորամասում իրեն գողական զգալ, եթե նրան չի կարգել զորամասի հրամանատարը»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ Մեղրիի զորամասում տեղի ունեցածն այդպես էլ մութ մնաց հանրության համար: «Նույնիսկ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց ՊՆ՝ փակ հանդիպման, թվում էր, թե պարզաբանում կլինի և հանրությունը կտեղեկանա՝ ինչ է տեղի ունեցել զորամասում, բայց էդպես էլ չիմացանք»,-ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. «Փաստորեն վարչապետը ևս որոշեց, որ պետք է փակ մնա բանակը և էդ տեսակ աղմկահարույց դեպքերին հանրությունը չկարողացավ տեղեկանալ»:

Ալեքսանյանի խոսքով՝ դեպքի առթիվ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները ավելի շուտ մեղադրանք էին զինվորների դեմ: «Ուրեմն նախնական որոշում կա, որ պետք է զինվորներին պատժեն և վերջ: Զինվորները հնարավորություն չունեն խոսելու և օգտվելով առիթից նրանք զինվորների դեմ կսարքեն գործը, և ես վստահ եմ, որ ոչ մի հրամանատար չի պատժվելու»,-նշեց իրավապաշտպանը: Իսկ պաշտպանության նախարարը նույնիսկ չի այցելել զորմամաս՝ տեսնելու, թե ինչ է էնտեղ կատարվում:

«Ոչ մի գողական չի կարող զորամասում իրեն գողական զգալ, եթե նրան չի կարգել զորամասի հրամանատարը: Նրանց բոլորին կարգում են զորամասերի հրամանատարները: Նրանք են թույլ տալիս ունենալ իրենց փոխարինող մեկը, որը կարող է սարսափ տարածել զորամասում: Եթե կա այդպիսի մեկը, ուրեմն դա միայն և միայն զորամասի հրամանատարի թողտվությամբ է եղել»,-շեշտեց նա:

Իրավապաշտպանն անընդունելի է համարում, որ լրատվամիջոցներով լուրեր են տարածում իբր զինվորների կողմից աճեցվող թմրանյութերի թեմայով կան զինվորներին գողական դարձնելով՝ «մահ ոստիկաններին» ֆաշիստական հայտարարությունները անող:

«Դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: Չի կարող 600 կամ թեկուզ 100 զինվոր դուրս գա ու էդպիսի բան վանկարկի: Դա անհանր է: Կամ ինչո՞ւ պետք է նման բան ասեն, ո՞րն է պատճառը, որ ասեն»,-հարց ուղղեց իրավապաշտպանը՝ հավելելով. «Իսկ ի՞նչ էր անում հրամանատարությունը, երբ գողականներն իրենց էդպես դրսևորում էին: Պետք է փոխեն ողջ հրամանատարական կազմը, նման թողտվության համար»:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here