Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել․ գործով դեռևս կալանավորվածներ չկան

0
588

Մեղրիի զորամասերից մեկում, մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, իսկ երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

Ըստ Արևիկ Խաչատրյանի՝ գործը մարտի 25-ին ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղ կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո՝ մարտի 17-ին, մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ:

Դեպքի մասին հայտնի դարձավ, երբ զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի առաջ։  Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:

Հավելենք, որ մարտի 23-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սյունիքի զորամասերից մեկում կարգազանցության եւ անհնազանդության դեպք է գրանցվել. «ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»,- նշված էր հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here