Բանակում հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի  վերաբացված գործով արդյունավետ քննություն չի իրականացվում։

Դեռ  2015 թ Ագարակի զորամասում Արթուր Հակոբյանի նկատմամբ իրականացվել էր խոշտանգում եւ դաժան վերաբերմունք, որի հետեւանքով նա ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ 

 Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը հոդվածով։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում առավելագույնը 4 տարի ժամկետով։

 Սակայն   որոշ ժամանակ անց հարուցված քրեական գործը կարճվել էր։ Բանակում հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը կարճման որոշումները բողոքարկել էր առաջին եւ վերաքննիչ դատարաններ, սակայն դատարանները կայացրել էին բացասական որոշում եւ գործը հասել էր Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանն արդեն գործով ճանաչել է Արթուր Հակոբյանի իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ  խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման փաստը։ Ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձը պետք է լսված լինելու իրավունք ունենա: Pետք է գործով առերեսումներ կատարվեին, որը չի կատարվել։

Արթուրը իրեն խոշտանգելու մեջ մեղադրում է իր հրամանատար Ջիվան Մկրտչյանին։  Մինչդեռ նրա հետ առերեսումներ նախկինում չեն արվել։

 «Եթե իրականում քննչական մարմինը ցանկանար, վաղուց գործը բացահայտված կլիներ։ Եթե համապատասխան փորձաքննություն նշանակվեր, կպարզվեր,  որ Արթուր Հակոբյանը խոշտանգման է ենթարկվել, ինչպես նաեւ այլ զինվորների հարցաքննություններով կհիմնավորվեր, որ իրականում Արթուրի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորվել»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

 Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ներկա պահին գործը վերաբացվել է  եւ գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը,  սակայն հույսեր չի կապում գործի վերաբացման հետ։

«Նույն քննչական բաժինը կոծկել է Արթուր Հակոբյանի գործի իրական մանրամասները։ Իսկ հիմա Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նույն քննչական բաժինն է զբաղվում այդ գործով»,- ասաց փաստաբանը։

Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի կողմից միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին՝ քրեական գործը Հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու համար։

«Վերաբացված քրեական գործը հարուցվել է սխալ հոդվածով՝ այն դեպքում,  երբ Վճռաբեկ դատարանը ճանաչել է Արթուր Հակոբյանի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը, սակայն քննչական մարմինը դա կրկին անտեսում է եւ չեն ցանկանում խոշտանգման մասով քննություն իրականացնել»,- ավելացնում է ներկայացուցիչը։

Այդ միջնորդությունը, ինչպես նշեց փաստաբանը, Գլխավոր դատախազը չի քննարկել եւ ուղարկել է Գորիսի կայազորի դատախազություն, որոնք,  նախկինում խախտել էին Արթուր Հակոբյանի իրավունքները եւ ազատությունը։ Այստեղից էլ  պատասխան է ստացվել, որ  գործը չի տեղափոխվելու։

Արթուր Հակոբյանին  երկու անգամ հրավիրել են քննչական բաժին՝ առերեսումներ կատարելու, սակայն տուժող կողմը  տարբեր պատճառներով չի ներկայացել՝ Արթուր Հակոբյանին ծանուցագիր չեն ուղարկել, փաստաբանը այդ ժամին դատական  նիստ է ունեցել, բացի այդ   Արթուր Հակոբյանը գտնվում է առողջական եւ հոգեկան ծանր վիճակում եւ չի  կարող ներկայանալ քննչական գործողությանը։

«Ինձ հետ մանսնավոր զրույցում Արթուր Հակոբյանը նշեց, որ զինվորական  համազգեստով անձ տեսնելու դեպքում կարող է կրկին անգամ վատ վիճակում հայտնվել։ Դիմում եմ ներկայացրել քննիչին, որպեսզի միջոցներ ձեռնարկի քննչական գործողությունը այլ վայրում անցկացնելու համար, քանի որ կարող է համազգեստով զինվորական տեսնելու դեպքում կրկին անգամ հոգեբանական տրամվա ստանալ։

Նույն դիմումով հայտնել ենք նաև, որ տուժող կողմը երբեւէ չի հրաժարվել վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց ,մինչդեռ քննիչ Ա․ Սարգսյանը իր գրության մեջ նշել է , որ  կրկին չներկայանալը կդիտարկվի, որպես իրավունքներից հրաժարում։ Քննիչի կարծիքը  անհիմն է, սրանով հաստատում է, որ քննիչը գործով շահագրգիռ է եւ խոշտանգման գործը ցանկանում են կրկին անգամ փակել եւ իրականությունը չբացահայտել»,- եզրափակում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

2015 թ խոշտանգման ենթարկված  Արթուր Հակոբյանի առողջական վիճակը ներկայումս էլ լավ չէ։ Նա անաշխատունակ է եւ բուժման կուրսեր է անցնում։

Սուսաննա Պողոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest