37-ամյա դատապարտյալ Հենրիխ Գրիգորյանն արդեն 12 տարի է, ինչ անազատության մեջ է գտնվում: «Վարդաշեն» ՔԿՀ-ում դրական վարքագիծ դրսևորած Գրիգորյանը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին տեղափոխվում է պատժի կրման բաց ռեժիմ՝ աշխատելու և ընտանիք կազմելու մտադրությամբ, սակայն ցանկությունը կիսատ է մնում: Մարտի 15-ին, առանց դատապարտյալին պատճառները բացատրելու, Դատախազությունը որոշում է կայացնում Գրիգորյանին կրկին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և ռեժիմը խստացնել՝ դարձնելով կիսաբաց.

«Դեկտեմբերին՝ դրական վարքագծի համար, Հենրիխի ռեժիմը փոխում դարձնում են բաց, ինքն էլ գնում ա Նռնաձոր, որ աշխատի ու կյանքը դասավորի: Գյուղում անցկացնում ա 3 ամիս, օգնում՝ գյուղում խաղահրապարակ կառուցելու աշխատանքներին, իրա համար հանգիստ ապրում ու աշխատում էր, ոչ մի կարգ չէր խախտում: Մեկ էլ գալիս ասում են, որ Դատախազությունը որոշել ա քեզ էլի նստացնի ու հետ տանի բերդ: Բայց ոչ ոք Հենրիխին չի բացատրում, թե ինչի կամ որ հիմքով: Եթե մարդը ոչ մի կարգ չի խախտել, իրա դրական վարքագծի համար տեղափոխվել ա, էդ ո՞նց ա հանկարծ 3 ամիս հետո որոշում են, որ պետք ա հետ գնա»,- Forrights-ին էր ահազանգել Հենրիխ Գրիգորյանի հարազատներից մեկը:

Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար, Forrights-ը կապ հաստատեց Քրեակատարողական վարչության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ Սյունիքի մարզի դատախազությունը որոշում է կայացրել դատապարտյալին բաց ռեժիմից տեղափոխել կիսաբաց ռեժիմ, իսկ Տեղաբաշխման հանձնաժողովից պահանջել է վերանայել որոշումը:

ՔԿՎ-ն չկարողացավ հստակեցնել, թե որն է եղել նման անակնկալ որոշման հիմքը, ուստի ուղղորդեց զանգահարել Սյունիքի դատախազություն: Սյունիքի դատախազությունը պատասխանատվությունը գցեց Գորիսի դատախազության վրա: Ի վերջո Forrights-ին պատասխանեցին Գլխավոր Դատախազությունից:

Մասնավորապես, ըստ Դատախազության, Գրիգորյանի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից որոշում կայացնելիս հաշվի չի առնվել դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը.

«Անտեսվել է այն փաստը, որ հենց ՔԿՀ պետի կողմից հաստատված բնութագրի համաձայն՝ դատապարտյալ Հ. Գրիգորյանը պատժի կրման ընթացքում 5 անգամ ենթարկվել է  նույնանման կարգապահական տույժերի: Վերջին կարգապահական խախտումը նա կատարել է մեկ անգամ շախմատի մրցաշարի արդյունքում մրցանակային տեղ զբաղեցնելու համար խրախուսվելուց հետո:

Առկա է եղել փաստարկված համոզմունք առ այն, որ բավարար չեն դատապարտյալի կողմից տևականորեն դրական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ տվյալները, մանավանդ որ անձնական գործում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, որ անձը խրախուսանքի է արժանացել կարգապահական տույժի ենթարկվելուց հետո դրական վարքագիծ դրսևորելու համար: Եվ վերջին կարգապահական տույժից հետո դատապարտյալի կողմից դրական վարքագծի դրսևորման մասին վկայող որևէ տվյալի բացակայության պայմաններում, դատախազը գտել է, որ պարբերաբար կարգապահական տույժի ենթարկվող անձին դրական բնութագրվող դատապարտյալների հետ պահելը կարող է հանգեցնել վերջիններիս օրինական շահերի ոտնահարմանը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հարցին, թե ո՞րն է եղել 5 կարգապահական խախտումը, Աբրահամյանը պատասխանեց. «Հեռախոս է պահել»:

Փաստացի, դատապարտյալի պատժի կրման ռեժիմը փոխվել է, շուրջ 3 ամիս անցկացրել բաց ռեժիմում և միայն այժմ է «հայտնաբերվել», որ Հենրիխ Գրիգորյանն ունի 5 կարգապահական տույժ: Հատկանշական է, որ ի հակադրություն Դատախազության պարզաբանման բովանդակության, դատապարտյալի վարքագծի վերաբերյալ դրական բնութագիր է տվել ինչպես «Վարդաշեն» ՔԿՀ-ն, այնպես էլ Նռնաձորի գյուղապետը.

«Դեկտեմբերի վերջին մեր գյուղ ա եկել: Մի քանի անգամ եմ տեսել՝ գյուղի խաղահրապարակի աշխատանքներին էր օգնում: Քիչ եմ շփվել, բայց լավ ու դրական մարդ էր երևում: Ուրբաթ օրն եմ իմացել, որ էլի տեղափոխելու են բանտ, բայց թե ինչի՝ չգիտեմ: Զարմացել էի…խելոք տղա էր»,- Forrights-ին պատմեց Նռնաձորի գյուղապետ Ալեքսան Բոյաջյանը:

Քրեակատարողական վարչությունը ևս նույնակարծիք էր՝ Գրիգորյանը լավագույն դատապարտյալներից էր, «Վարդաշեն» ՔԿՀ-ում միայն դրական են բնութագրում նրան, սակայն Դատախազության որոշումը փոխել չեն կարող:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն «անմարդկային» է համարում հեռախոս պահելու համար դատապարտյալներին նկատողություններ և կարգապահական տույժեր տալը: Քրեակատարողական հիմնարկներում տեղադրված հեռախոսներով զանգահարելու գինը բավականին բարձր է՝ 1 րոպեի արժեքը 170 դրամ, ուստի, ըստ իրավապաշտպանի, խնդրին լուծում տալու համար պետք է սահմանել խելամիտ րոպեավճար, որը թույլ կտա օգտվել կալանավայրում առկա հեռախոսից,

«Անընդունելի եմ համարում Դատախազության պահվածքը, երբ մարդուն արդեն տեղափոխել են և նա բարեխղճորեն աշխատում էր, անսպասելի, առանց նրան տեղեկացնելու կրկին հետ են տարել այն պատճառով, որ ժամանակին հեռախոս է պահել: Հեռախոսը միջոց է հարազատների հետ կապ հաստատելու համար. մարդիկ չեն կարող այդպես մեկուսացված ապրել, դա հանցագործություն չէ, երբ իր հարազատների հետ դատապարտյալը կապի մեջ է մտնում: Այս մասին բարձրաձայնել եմ  նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպման ժամանակ, ով խոստացել էր վերանայել սակագները, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա»,- նշեց իրավապաշտպանը:

Քրեակատարողական վարչությունը, Forrights-ի ահազանգից հետո, կապ էր հաստատել Տեղաբաշխման հանձնաժողովի հետ, որտեղից տեղեկացրել էին՝ առաջիկա օրերին նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվի կասեցման վերաբերյալ  Դատախազության որոշումը և կկայացվի նոր որոշում: Հարցին՝ հնարավո՞ր է դատապարտյալը կրկին բաց ռեժիմում լինի, ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց.

«Հնարավոր է, ամեն ինչ Տեղաբաշխման հանձնաժողովի առաջիկա նիստից է կախված»:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest