Մենք նրան սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ

0
521

Մարտի 16-ը Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան երկրորդ տարելիցի օրն է: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամները և աջակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արթուր Սարգսյանի հիշատակին: Նրանք երթով շարժվեցին գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհեցին Հաց բերողի շիրիմին:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը իր խոսքում նշեց, որ Հաց բերողը իր քայլով երկրորդ անգամ գրավեց ՊՊԾ գունդը: «Սասնա Ծռերի» տարածած հայտարարությունը հնչեցրեց Սերգեյ Կյուրեղյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ չորս կողմից տեղացող կրակահերթերի տակ ոստիկանական շղթան ճեղքելով նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին ճանաչեցինք, սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ:Որովհետև Արթուրը մարմնավորում էր այն բոլոր հատկանիշները, որ անհրաժեշտ էին մարդու, քաղաքացու և ազգի ազատագրման ու արժանապատիվ կյանքի հասնելու համար:

Առաջին հայացքով կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը՝ հայրենակցի և Հայրենիքի հանդեպ անսահման սեր, դրանից բխող՝ աստվածային բարություն, անսասան ու վճռական կամք և վճռական մենակի հոգեբանություն, նպատակասլացություն և նպատակն իրագործելու համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ: Եվ, մեղք գործած չլինելու համար անմիջապես հավելենք, որ Արթուրը մի ամբողջ տիեզերք էր և անհնար է բառերով նկարագրել նրան»:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ Արթուրի կերպարը դեռևս եզակի է և այն ինչի համար նա պայքարում էր դեռևս չի իրականացել.«Դու ողջ ես ավելի, քան շատ մարմնով շարժվող շատ արարածներ: Դու ողջ ես քո գաղափարով, մարդ լինելով, սիրելու կարողությամբ»:

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը նկատեց, որ Արթուրի կերպարը այնքան կենդանի է, որ հնարավոր չէ հավատալ , որ նա չկա.«Իր արարքով նա ժողովրդին ապտակ հասցրեց: Լինելով ֆիզիկապես տկար ինքը ցույց տվեց, որ կարևոր չի ֆիզիկական տվյալները, կարևորը ցանկությունն է: Նա մեզ բացատրեց իր արարքի դրդապատճառները և ապացուցեց, որ այն ինչ արեց ինքը ֆենոմենալ էր»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here