Այսօր Երևանի դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժեց ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանի պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Սերգեյ Բագրատյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արծրուն Ծառուկյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությունները Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանքը գրավոր փոխարինելու վերաբերյալ։

Նիստը կայացավ դատարանի Կենտրոն վարչական շրջանի նստավայրում։ Պատգամավորներն այսօր չէին եկել դատարան, իսկ նախորդ նիստին ներկա Արայիկ Աղաբաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Գևորգ Պետրոսյանը վրդովված ելույթներ ունենալուց հետո հեռացան չսպասելով նիստի ավարտին, քանի որ դատավորը չէր կարողանում պաշտպանել նրանց տուժող կողմի վիրավորանքներից։

Թաթուլ Շուշանյանը, ըստ մեղադրանքի, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության ընթացքում կաշառք է ստացել Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանից, որը մեղադրվում է այդ սպանությունը պատվիրելու համար։ Շուշանյանը արդեն մեկ տարի է, կալանքի տակ է։ Նրան պարբերաբար ազատում և կրկին կալանավորում են։ Նա կաշառք ստանալու համար մեղադրվող իրավապահ ու արդարադատության մարմինների աշխատողներից միակն է, ով դեռ կալանքի տակ է։ Նրա հարազատներն ու փաստաբանները սա համարում են կանխակալ վերաբերմունքի արդյունք։

«Ինչ-որ մեկին պետք է, որ Թաթուլը նստի», — ասում է Շուշանյանի եղբայրը` Մկրտիչ Շուշանյանը։

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանության գործը քննել է «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Թաթուլ Շուշանյանին կալանքի տակ պահելու որոշումը դատավոր Աննա Մաթևոսյանը պատճառաբանում է նրանով, որ «մնալով ազատության մեջ մեղադրյալ Շուանյանը կարող է ազդեցություն ունենալ դատավարությանը մասնակցող անձանց վրա», քանի որ «դեռ չեն հարցաքննվել տուժողը և վկաները, չեն հրապարակվել և հետազոտվել նախաքննությամբ ձեռք բերված ապցույցներն ու գործի հանգամանքները»։

Շուշանյանի պաշտպան և նրան կալանքից ազատելու միջնորդության հեղինալ Հովսեփ Սարգսյանն այս պատճառաբանությունը ակնհայտ անհիմն է որակում։

«6 պատգամավորների երաշխավորությունը կայուն հիմք էր Շուշանյանի պատշաճ վարգագիծը ապահովելու համար։ Եթե այնուամենայնիվ Շուշանյանը չդրսևորեր պատշաճ վարքագիծ, ապա պատգամավորները օրենքի ուժով ենթակա էին պատասխանատվության, ինչի համար նրանք ստորագրել էին։ Հետևապես, դատարան այս քայլով օրենսդիր իշխանությանը ասաց՝ ոչ։ Թե ինչու 6 պատգամավորների երաշխավորությունը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքը, դատական ակտում բացակայում է։ 10 թերթից բաղկացած որոշման մեջ պատճառաբանական մասը ընդամենը մեկ նախադասություն է։ Բովանդակային առումով այն ոչինչ չի պարունակում», — ասաց փաստաբանը։

Մեկնաբանելով իր և ընկերների երաշխավորության մերժումը դատարանի կողմից ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը.

«Կարծում եմ, կարելի էր հարգել պատգամավբորների միջնորդությունը այնպարզ տրամաբանությամբ, որ երկու անգամ փաստորեն, Շուշանյանի խափանման միջոցը փոխել են, նա ազատության մեջ է գտնվել և քննության ընթացքին չի խանգարել, չի բացակայել, պահանջի դեպքում չի բացակայել, ներկայացել է քննչական մարմին։ այս հանգամանքները պետք է հաշվի առնեին»։

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ անշուշտ, պետք է նաև տուժող կողմի շահերը հաշվի առնվեն, բայց հարգելով անմեղության կանխավարկածը։ «Ի վերջո, Թաթուլ Շուշանյանը սպանության կատարողը չի, այս իմաստով մի քիչ անհասկանալի էր լարվածությունը, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք», — ավելացրեց պատգամավորը։

Թաթուլ Շուշանյանի փաստաբանները քննարկում են դատարանի որոշումը բողոքարկելու հարցը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest