«Ի՞նչ է կատարվում իմ երեխայի հետ՝  ո՞նց կարող է պատահի, որ բուժում չլինի»:

30-ամյա Մարիամ Մանուկյանը արդեն քանի տարի է պայքարում է իր որդու՝ 7-ամյա Ժորայի առողջության համար: Երեխան երեք տարեկանում վայր է ընկել և գլխի հատվածում հարված է ստացել, սակայն առողջական խնդիրները, մասնավորապես տեսողական խնդիրները հետզհետե են ի հայտ եկել.

«Այդ ժամանակ ես տարել եմ բժշկի, ասել են՝ ոչ մի խնդիր չկա, բայց դրանից հետո երեխայիս աչքի բիբը փախել էր ու  ես մի քանի տեղ տարա՝ ակնոց նշանակեցին»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Մարիամը։

Դեպքից հետո՝ Վանաձոր քաղաքում, մայրն ամեն ամիս տարել է բժշկի, դեղեր են նշանակել, սակայն դրական ոչ մի փոփոխություն չի արձանագրվել երեխայի մոտ:

«Երեխայիս մի աչքը չի տեսնում, էն մեկն էլ կուրանում է»,- մայրը, երեխայի առողջությամբ մտահոգված՝ դիմել է մի քանի բժշկական հաստատություններ Վանաձոր քաղաքում, որտեղ էլ բուժման համար խորհուրդ են տվել Երևանի Մալայան ակնաբուժական կենտրոն տանել:

«Մալայան կենտրոնում անկետա բացեցին ու տարան ակնաբույժի մոտ։ Նայեցին և ստուգեցին, ասացին, որ երեխան պետք է ամեն ամիս հսկողության տակ լինի»,-պատմեց մայրը, իր վրդովմունքը հայտնելով այն հանգամանքի վերաբերյալ, որ Մալայան կենտրոնում երեխային լավ չեն ստուգել և հատուկ դեղ չեն կաթեցրել, որպեսզի տեսնեն թե ինչ է կատարվում երեխայի աչքի տակ:

«Ուզում ես մեզ դատի տա՞ս»:

Մարիամը մի քանի անգամ Մալայան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժին դիմել է խնդրանք-պահանջով, որ դեղ կաթեցնեն և եթե անհրաժեշտություն կա, ինքը պատրաստակամություն է հայտնել, որպես երեխայի մայր ստորագերլ համապատասխան փաստաթուղթ համաձայնության մասին.

«Բժիշկն ասաց, որ չի կարելի, ասի բայց էդ դեղից էլի կաթացրել են ու ոչ մի բան չի եղել, նույնիսկ կստորագրեմ, ինձ ստույգ պատասխան տվեք՝ ի՞նչ է կատարվում իմ երեխայի հետ, ո՞նց կարող է պատահի՝ բուժում չլինի»,- Բժիշկը, մոր պահանջը, այնուամենայնիվ հաշվի չի առել և դեղ չի կաթեցրել, այլ հակառակը՝ հեգնել  է ասելով, որ «ուզում ես մեզ դատի տա՞ս».

«Ասի չէ, էդ նույն դեղը Վանաձոր քաղաքում, կաթացրել են իմ երեխու աչքերին ու ոչ մի բան չի եղել»։

Մալայան ակնաբուժական կենտրոնում  իրեն կնիքով մի թուղթ է գրել տվել, որով պետք է երեխան անցներ թոշակի և ստանար համապատասխան գումարը:

«Եկել եմ ու իրենց տված թուղթը՝ մյուս թղթերի հետ տարել եմ Վանաձորի ՍՏԵԿ-ը, որ իմ երեխան այս թղթերով անցնի թոշակի, բայց բժիշկն ինձ բացատրում է՝ եթե ասել են, որ երեխային բուժում չկա, այդ պարագայում թղթի վրա կապույտ կնիքից բացի, հետևում, պետք է ախտորոշումը գրված լիներ, ինչպես նաև կարմիր կնիք դրվեր»,- պատմեց Մարիամը, նշելով, որ նույն թղթով, բայց արդեն համապատասխան կնիքով և ախտորոշմամբ՝ էլի էր դիմող եղել:

Վանաձորում բժիշկը ցույց է տվել և մանրամասնել, որ կարմիր կնիքի բացակայության պատճառով իր որդին չի կարող անցնել թոշակի.

«Ես այդքան գումարի հնարավորությունը չունեմ, որ նորից գնամ Երևան»,- դժգոհեց Մարիամը, մանրամասնելով, որ Երևան այցելության համար գումարով օգնել է Վանաձորի  մի քաղաքացի:

Ժորա

«Մամա, ես կկուրանա՞մ»։

Մարիամը պատմեց, որ Մալայան ակնաբուժական կենտրոնում տվյալ բժիշկը՝ ում անունը նա դժբախտաբար չկարողացավ հիշել, 7-ամյա Ժորայի ներկայությամբ է ասել, որ վերջինիս առողջական խնդիրը բուժում չունի, ուստի պետք է հարմարվել տվյալ իրավիճակին և վերադառնալ Վանաձոր.

«Ես պայքարում եմ, որ իմ երեխան բուժվի:  Հիմա ինքը դպրոց ա գնում ու խեղճանում է, իրեն դա խանգառում է, անընդհատ հարցնում է՝ «մամա, ես կկուրանա՞մ»:

«Տվյալ բժիշկն ինձ ասեց՝  գնա տանը նստի ու էրեխեդ երբ կքոռանա՝ կքոռանա»,- իր արցունքները հազիվ զսպելով պատմեց Մարիամը։

7-ամյա Ժորան  ունի ի ծնե հիվանդություն.

«7 տարի է էպիլեպսիա  ունի՝ պայքարում եմ դրա դեմ, սակայն ասում են, որ բուժում չկա»,- պատմեց մայրը, մանրամասնելով, որ երեխան իր հիվանդության համար նախատեսված այդ դեղերը ևս չէր ստանում: Մարիամը դեղերը տանալու նպատակով դիմել է Վանաձոր քաղաքի հոգեբուժարան, որտեղ նրան օգնել են՝ երեխային գրանցել են, և  ամեն ամիս դեղերն անվճար ստանում է, ինչպես նաև համապատասխան բուժզննություն անցնում.

«Այնտեղ մի հատ լավ բժիշկ կար, իմ երեխուն գրանցեց  ու հիմա ամեն ամիս կանչում ա: Իր մոտ կամիսիան անցանք ու երեխաս իր էպիլեպսիայի համար թոշակը սկսեց ստանալ»,- ասաց Մարիամը։

«Ո՞նց կարա բուժում չլինի, տեղից ինքը լավ չի՝ աչքերն էլ որ կուրանա, ես ո՞նց եմ իրան տենց պահելու»:

Եթե ակնաբույժի կողմից համապատասխան ախտորոշմամբ և կնիքով թուղթը լիներ, ապա ժորայի թոշակը կավելանար.

«Ամեն անգամ չեմ կարա հասնեմ Երևան, բայց որ փողն ավելանա կկարողանամ՝ երեխաս պամպերս է հագնում, չի գիտակցում տակն է անում»,- պատմեց Մարիամը, մանրամասնելով, որ ամուսինը ևս ունի առողջական խնդիրներ՝ ոտքը պրոթեզավորած է, ուստի շատ դժվարությամբ է կարողանում տան հոգսերը տանել և երեք երեխաների խնամակալության հարցը կարգավորել։

«Երեխուս ուզում եմ ոտքի կանգնացնեմ, թող էս թոշակը չլինի, թող երեխես առողջանա, ես էդ երկու կոպեկն էլ չեմ ուզում»,- ասաց Մարիամը, հավաստիացնելով, որ ինքն էլ աշխատանք կփնտրի երեխաների մի փոքր մեծանալուց հետո։

Մարիամը պատմեց, որ շատ են եղել մարդիկ՝ առաջարկել են Ժորային հանձնել Հատուկ խնամքի կենտրոններ.

«Ես էդ ձև բան չեմ կարող անել՝ ինչ էլ ուզում ա լինի իմ երեխեն ա, ինքը մեղավոր չի որ էդ ձև ա ծնվել: Ո՞նց կարա բուժում չլինի, տեղից ինքը լավ չի՝ աչքերն էլ որ կուրանա, ես ո՞նց եմ իրան տենց պահելու»:

Վանաձոր քաղաքի բժիշկն ասել, որ Ժորայի մոտ շատ է խորանում էպիլեպսիան, ինչպես նաև նիարդային համակարգը խանգառված է։

Մարիամը հավաստիացրեց, որ առաջիկայում Առողջապահության նախարարություն նամակ կգրի՝ խնդրանքով, որ ինչ-  որ ձևով իր որդուն օգնեն:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest