Ազատության հրապարակի տարածքում գտնվող, ապամոնտաժման ենթակա սրճարանների  սեփականատերերը շարունակում են բողոքել քաղաքապետարանի այդ որոշման դեմ։

Երեկ Քաղաքապետարանի կողմից արդեն իսկ իրականացվել էին ապամոնտաժման աշխատանքներ։ Այսօր ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել 17 ցուցարարի՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ Այս պահին Օպերայի տարածքում են գտնվում ԱԺ  ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը, ովքեր զրուցում են հավաքված ցուցարաների հետ։ Պատգամավորները դատապարտում են ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ իրականացված բռնությունը։

«Պետք է փորձել ալտերնատիվ լուծումներ առաջարկել, որովհետև այս մարդիկ օդից չեն ստեղծել իրենց բիզնեսը։  Մենք բոլորս այստեղ ենք՝ օրենքի տառը պաշտպանելու համար, բայց օրենքի տառի մեջ մտնում է նաև քաղաքացուն ցանկացած տեսակի բռնությունից պաշտպանելը, սա բացարձակ անթույլատրելի է»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հավելեց, որ նման հարցերը պետք է անպայման  լուծվեն  երկխոսության արդյունքում։ Պատգամավորները բռնություն ցուցաբերելու մասով զրույց ունեցան նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ, ով կատարված բռնությունը բացատրեց նրանով, որ ցուցարարները վիրավորել են ոստիկաններին, քաշքշել ՊՊԾ գնդի հրամանատարին.

«Նման մարդիկ պետք է մեկուսացվեն»,- հայտարարեց Մնացականյանը:

Ցուցարարները պնդում են, որ Քաղաքապետարանում իրենց հետ չեն հանդիպել այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։

«Երևի մնացած բոլոր պաշտոնյաներին հրահանգված է եղել չխոսել: Մեզ հետ միայն խոսել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, ով նախորդ օրը պատասխանում էր մեր հարցերին»,- պատգամավորների հետ զրույցում ասաց սրճարաններից մեկի սեփականատերը։

Մանրամասները՝ տեսանյութերում.





Ռաֆիկ Ենգիբարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest