Հանրային հեռուստաընկերության լուրերի լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի ու Լիանա Կարապետյանի հայցը՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի, Վարչական դատարանը վարույթ է ընդունել։ Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Սիրանույշ Մուրադյանը։

Նա փոխանցեց, որ Վարչական դատարանից արդեն իսկ իրենց տեղեկացրել են, ապրիլի 30-ին կայանալիք նախապատրաստական առաջին դատական նիստի մասին.

«Վարչական դատարանը մեզ գրավոր որոշում է ուղարկել, որով արձանագրում է, որ օրենքով հայցի վարույթն ընդունել է և կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, այսինքն՝ այդ խորհրդի որոշման կատարումը, մինչև այս գործով լուծվող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Այսինքն՝ քանի դեռ չկար դատարանի որոշումը, իրենք ուղղակի չէին կարող մեզ գործից ազատել, որովհետև օրենքն իրենց պարտադրում է չազատել մեզ գործից այնքան ժամանակ, քանի դեռ չկա դատարանի որոշում։ Մենք վիճարկում ենք կրճատման մասին որոշումը և վճռական ենք, պայքարը շարունակելու մինչև վերջ, պնդում ենք, որ հեռուստառադիոխորհրդի՝ մեզ կրճատելու որոշումն անհիմն է, ապօրինի և խիստ կամայական»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:

Նա նշեց, որ ոտնահարված են իր իրավունքները, և ինքը պատրաստվում է պայքարել մինչև վերջ, և բողոքի ձայնը հասցնել մինչև եվրոպական ատյաններ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին, Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժին նոր տնօրինության գալուց հետո, առանց որևէ հիմք ներկայացնելու կրճատել են երկարամյա փորձ ունեցող լրագրողների։ Դրանից հետո նրանցից երկուսը՝ հայցով դիմել են դատարան՝ բողոքարկելու իրենց կրճատման մասին որոշումը

Մենք զրուցեցինք նաև լրագրող Լիանա Կարապետյանի հետ։ Վերջինս նշեց, որ հերթական անգամ շրջանցել են օրենքը։

«Նախորդ անգամ էլ ծանուցել են և մեզ մեկուսացրել աշխատանքից, ինչի իրավունքը չունեին, որովհետև հունվարի 11-ից մեզ արգելեցին, որպեսզի եթերում մեր ձայնը լսվի, ընդհանրապես նյուզռումից հանեցին։ Ես անձամբ չեղարկել եմ մի քանի հանդիպումներ, մի քանի պայմանավորվածություններ ՝ ռեպորտաժների համար։ Պետրոս Ղազարյանը շրջանցում է ոչ միայն մարդկային, բարոյական, պրոֆեսիոնալ նորմերը, այլև՝ օրենքը։ Այս ամեն ինչից պետք է հետևություններ արվի»,- ասաց Լիանա Կարապետյանը

Նա նշեց, որ իրենք հետևողական են իրենց պայքարում և ոչ մի քայլ չեն նահանջելու։ Լիանա Կարապետյանն ասում է, որ ինքը հացի խնդիր չի, որ լուծում է, սա իր համար պատվի, պրոֆեսիոնալ պատվի հարց է։

«Ես լրագրող եմ, ով սովոր չի ինչուների պատասխանը չստանալ։ Ես պիտի ստանամ ինչուների պատասխանը։ «Բեսպրեդելն» այնտեղ է հասել, որ Պետրոս Ղազարյանը եթերներում ասում է, որ եթե մասնավորը կարողանում է դուրս շպրտել, ինչու մենք չենք կարող անել։ Նրանք էլ իրավունք չունեն, դու էլ չունես։

Մարդու մասին ես խոսում, մասնագետի մասին ես խոսում։ Սա այն հարցն է, որ ես կարող եմ իրենից պատիվ պահանջել, որովհետև ինձ է ասում, իմ ընկերոջ մասին է ասում»,- եզրափակեց Լիանա Կարապետյանը։

Հարցի վերաբերյալ մենք զրուցեցինք նաև լրագրողների շահերի պաշտպան Տիգրան Ղազարյանի հետ։ Նրա խոսքով, երբ հայց ես ներկայացնում և դատարանն այդ հայցը վարույթ է ընդունում, դրա իրավական հետևանքն այն է, որ կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

«Կան որոշակի բացառություններ, սակայն այդ բացառություննները առերևույթ չեն վերաբերում մեր գործին։ Ու պետք է կասեցվեր վարչական ակտի կատարումը, ինչը չի իրականացվել Հանրային հեռուստառադիոընկերության կողմից։ Ապօրինաբար լրագրողներին ազատել են, լուծել են պայմանագիրը, որը ունեցել են և՛ Սիրանույշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը։

Նրանք պետք է նախատեսեին, որ դա անբողոքարկելի վարչական ակտ չի, բողոքարկելիության ժամկետների մեջ է և դատարանը, եթե վարույթ է ընդունում, իրենք պետք է կասեցնեին դրա կատարումը։ Իսկ այս դեպքում նրանք խախտել են վարչական օրենսգրքի 83 –րդ հոդվածի 1-ին մասը։ Եվ հենց առաջին հայացքից, որ նայում ես հասկանում ես, որ իրավանորմը խախտվել է»,- ասաց Տիգրան Ղազարյանը։

Լիլիթ Թադևոսյան

Pin It on Pinterest