Այսօր Երևանի դատարանը շարունակեց քննարկել ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանի պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Սերգեյ Բագրատյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արծրուն Ծառուկյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորություններով քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանքը գրավոր փոխարինելու հարցը։ Պատգամավորներից երեքը ներկայացել էին նիստին։ Նիստի ընթացքում կողմերը էմոցիոնալ ելույթներ էին ունենում, պատգամավորները դահլիճից հեռացան նեղսրտած, առանց սպասելու նիստի ավարտին։

Այս գործը դատարանների և նախաքննության մարմինների անարդյունավետ աշխատանքի օրինակ կարող է հանդիսանալ։ Դատավարությունը սկսվել է սեպտեմբերից, բայց մինչ օրս դատարանը դեռ չի անդրադարձել բուն մեղադրանքին։ Նախապատրաստական փուլն անվերջ ձգձգվում է։

Թաթուլ Շուշանյանը անցյալ տարվա փետրվարից կալանավորված է, և մեղադրվում է Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով կաշառք ստանալու համար։ Վերջինս էլ, ինչպես հայտնի է, մեղադրվում է իր համաքաղաքացի Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ, և այս գործը ևս ձգձգված ու անարդյունավետ դատական ընթացք ունի։ Երկուսն էլ քննել է քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ, իսկ ներկայում մարտի մեկի գործով մեղադրյալ, փախուստի մեջ գտնվող Վահագն Հարությունյանը։

Շուշանյանին երեք անգամ կալանավորել են, երկու անգամ ազատել են կալանքից՝ մի անգամ գրավի դիմաց, երկրորդ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին, ՔԿՀ պետի հրամանով, քանի որ ավարտվել էր կալանքի ժամկետը և կալանքը երկարացնելու միջնորդություն չէր ներկայացվել։ Վերջին անգամ Թաթուլ Շուշանյանը կալանավորվել էր նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի որոշման արդյունքում։

Շուշանյանի փաստաբանները նրան կալանավորելու որոշումը գնահատել էին երևակայությունը գերազանցող ապօրինություն, քանի որ օրենքը հստակ ասում է․ եթե անձը բաց է թողնվել կալանքից, ապա այդ նույն մեղադրանքով նա չի կարող կալանավորվել կրկին։

Այսօր կալանքը պատգամավորների երաշխավորությամբ գրավոր փոխարինելու հարցը քննում էր նույն դատավոր Աննա Մաթևոսյանը։ Պատգամավորների համար դատավարության օրենսգրքով նախատեսված պարզաբանումներ կատարելուց հետո դատավորը խոսք տվեց կողմերին։ Մեղադրող Հայկ Պետրոսյանը ասաց, որ իր մոտ որևէ հանգամանք չի փոխվել։

Նա անդրադարձավ Թաթուլ Շուշանյանի մեղադրանքի բովանդակությանը, նշելով «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ անձը, ով կոչված է պայքարելու հանցավորության դեմ, ենթադրաբար ինքն է հովանավորություն դրսևորել որոշակի փոխհատուցման, վարձատրության դիմաց, և դրա դեմ պայքարելու փոխարեն ընտրել է հովանավորելու հանցավոր ուղին։ Գտնում եմ, որ բացի կալանավորումից, որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ ապահովել պարոն Թաթուլ Շուշանյանի իրավապաշտ և օրինապաշտ վարքագիծը»։

Մոտավորապես նույն միտքը, բայց ավելի հուզական երանգով, արտահայտեց սպանված Փիրուզյանի այրին։ Նա հարցրեց, թե ինչու պետք է իր ամուսինը չլինի իր երեխաների կողքին, իսկ Թաթուլ Շուշանյանը իր երեխաների մոտ լինի։

Տուժողի իրավահաջորդ Լուսինե Սահակյանի համար անհասկանալի էր, թե ինչպես կարող է միջնորդության նույն տեքստը բառ առ բառ կրկնվել տարբեր պատգամավորների կողմից։ Նա ասաց՝ դատարանը արդեն իսկ կայացրել է իր որոշումը կալանքի մասին, և այդ դատական նիստից հետո ոչինչ չի փոխվել։ «Ոչ վկա է հարցաքննվել, ոչ ապացույց է հետազոտվել, ոչինչ չի եղել, որ դատարանն ասեր՝ այ հիմա հետազոտված են ապացույցները, իրավիճակ է փոխվել, որի կապակցությամբ կարող է քննարկվել նման միջնոդրություն» — ասաց Լուսինե Սահակյանը։

Նա գտնում էր, որ դատարանը եթե որոշի բավարարել պատգամավորների խնդրանքը, ապա պետք է անդրադառնա միայն երեք ներկա պատգամավորների միջնորդություններին, մյուս երեքը ներկա չեն դատական նիստին։ Լուսինե Սահակյանը այս ընթացքում փորձել է, թե ինչպես պետք է դատարանը գտնի, որ երաշխավորը վայելում է վստահություն։

Ինքը՝ Լուսինե Սահակյանը, ճանաչում էր պատգամավորներից մեկին միայն։ «Միայն մեկի գաղափարները հեռուստացույցով լսել եմ, մյուսներին չեմ լսել, ես նրանց վարքագիծը արդեն իսկ իրենց գործողույթյուններով կսկսեմ գնահատել», — ասաց նա։ Լուսինե Սահակյանին դուր չէր եկել մասնավորապես այն, որ Գևորգ Պետրոսյանը նախորդ դատական նիստին, երբ ներս բերեցին Թաթուլ Շուշանյանին, նրան համբուրեց։

«Նախորդ դատական նիստին պատգամավորները նաև միջամտում էին, էլ չեմ ասում, որ Գևորգ Պետրոսյանը, երբ նրան հարց տվեց դատարանը, ասաց՝ այո, մենք պնդում ենք մեր միջնորդությունը։ Ինչ գիտեք, որ մյուսները պետք է պնդեն, որ նրանց փոխարեն պնդում է միջնորդությունը», — ներկայացնում էր պատգամավորների «մեղքերը» Լուսինե Սահակյանը։ Նա առաջարկեց նաև դատարանին պարզել, թե արդյոք պատգամավորներն առնչություն ունեն Վահագն Աբգարյանի հետ, նաև ստուգել պատգամավորների հանրային վարկանիշը, նրանց վստահելիության աստիճանը։ Դատավորն ասաց, որ ինքը չունի երաշխավորների առնչությունները պարզելու պարտավորություն և իրավունք։

Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կոչ արեց մեղադրող Հայկ Պետրոսյանին քննարկել ոչ թե Թաթուլ Շուշանյանի դեռևս չապացուցված մեղադրանքը, այլ կալանքի հիմքերը։ Նա հայտարարեց, որ այս պահի դրությամբ Թաթուլ Շուշանյանն իրեն մեղսագրվող արարքի համար նույնչափ է մեղավոր, որքան մեղադրողը։

«Հիմա այն հարցը չի քննարկվում, թե Շուշանյանը մեղավոր է, մեղավոր չի, հըլը տեսեք, ինչ ա արել։ ՀԻմա ուրիշ բան է քննարկվում՝ որ Թաթուլ Շուշանյանը ստեղծված իրավիճակում ազատության մեջ մնալով, եթե նրա նկատմամբ գրավ կիրառվի, արդյոք այդ խափանման միջոցը կապահովագրի հնարավոր ռիսկերը, թե չէ»։

Ալումյանը նշեց, որ վերջին անգամ, երբ Աննա Մաթևոսյանը բավարարեց Թաթուլ Շուշանյանին կալանավորելու որոշումը, երաշխավորություններ չեն եղել։ «Հիմա մենք երաշխավորում ենք, որ Շուշանյանը գործի քննությանը չի խոչընդոտի»։ Անդրադառնալով Լուսինե Սահակյանի առաջարկին, պարզել, թե արդյոք պատգամավորները վայելում են հեղինակություն, թե չէ, Ալումյանն ասաց․ «Նա առաջարկում է դատարանին սոցհարցում կատարել Երևանի փողոցներում»։

ԲՀԿ-ական պատգամավորները հունից դուրս եկան և սկսեցին արտահայտվել, թեև դատավարության կողմ չեն։ «Կարծես, մեղադրյալի դերում լինենք», — ասաց Սերգեյ Բագրատյանը։ Գևորգ Պետրոսյանն էլ հայտարարեց․ «Մեր հասցեին հնչում են վիրավորանքներ, որոնք կապ չունեն քննարկվող հարցի հետ։ Ի՞նչ է նշանակում, վիճարկել վստահությունը։ Մեր վստահությունը վավերացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը», — ասաց նա։

Լուսինե Սահակյանը առաջարկեց դատարանին սանկցիա կիրառել։ «Ինքը չի իմանում, որ սանկցիա չի կարելի կիրառել պատգամավորի դեմ», — հակադարձեց Գևորգ Պետրոսյանը։ Բուռն ելույթներից հետո, որոնք հազիվ էին լսվում ընդհանուր աղմուկի պայմաններում, պատգամավորները հեռացան։ Քիչ անց դատարանը ևս հեռացավ խորհրդակցական սենյակ։ Իր որոշումը նա կհրապարակի վաղը՝ 12,15։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest