«Ի՞նչ, ապստամբությո՞ւն…Զինվորական ճանապարհ անցած Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի և թողնում ներսում, այսքանից հետո հարցնո՞ւմ եք: Եթե ձեր մերձավորին և հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք»,- «Սասնա Ծռեր 2» քրեական գործով քննության ժամանակ Պավլիկ Մանուկյանի հետ բանավեճի մեջ մտավ ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Խաչատուր Ավետիսյանը:

Գնդի հրամանատարին զայրացրեց Մանուկյանի ակնարկն այն մասին, որ իրենք օգտվել են ապստամբության իրավունքից և դուրս են եկել նախորդ ռեժիմի դեմ: Խաչատուր Ավետիսյանը նշեց, որ խմբավորման անդամներն այն մարդիկ չեն, որոնք պետք է խոսեն ՊՊԾ գնդից.

«Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Ես տեղյակ չեմ ՊՊԾ-ում գտնվող չհրկիզվող պահարաններում առկա նռնակների ու գումարի, հայտնաբերված մարմնավաճառների ցուցակի մասին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»,- չհասցրեց խոսքն ավարտել Ավետիսյանը, երբ Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «Ազգությամբ թո՞ւրք եք»:

Դատավորը հրահանգեց վիրավորանքներ չհնչեցնել, սակայն Կյուրեղյանը շարունակեց չենթարկվել դատավորի պահանջին, ինչի պատճառով Մեսրոպ Մակյանը որոշեց սանկցիայի ենթարկել Կյուրեղյանին.

«Հեռացվում եք դատական նիստերից 10 ժամով, հաջողություն Ձեզ»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա Ծռեր 2» դատական նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում: Նախ դատարանի շենքն էին շրջապատել խմբավորման համակիրները. այսօր գործով անցնող ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի ծննդյան օրն էր և մի խումբ անձիք դատարան էին եկել շնորհավորելու նրան, սակայն նիստը շարունակվում էր մնալ դռնփակ, ուստի համախոհները մինչև նիստերի ավարտն այդպես էլ չկարողացան դատարան մտնել:

Գործով տուժող ճանաչված ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանի հարցաքնքնությունն անցավ առավել լարված մթնոլորտում: Նա դատարանին պատմեց, որ տեսել է խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանին, ով զինված է եղել և կոչ է արել միանալ իրենց.

«Նա կրակահերթ է արձակել զրահամեքենայի վրա, ինչի հետևանքով գնդակների անդրադարձ եղավ: Երկու ոստիկան և Ոստիկանության լրատվականի աշխատակիցը վիրավորվեցին: Կրակոցներ եղան նաև հսկիչ-անցագրային կետի կողմում՝ մի քանի զինված անձանց կողմից»:

Ավետիսյանի փոխանցմամբ՝ իր ղեկավարությամբ կազմակերպվել է ՊՊԾ գնդի հարակից շենքերի բնակիչների տարհանումը, որպեսզի ստեղծվեին անվտանգության գոտիներ.

«Խմբի հանձնվելուց հետո մուտք եղավ գնդի տարածք՝ քննչական գործողություններից հետո: Գունդն ամբողջությամբ ավերված էր՝ շենքերը, դռները, պատուհանները: Բացել էին բոլոր չհրկիզվող պահարանները, զինանոցը դատարկ է եղել, զենք-զինամթերքը՝ շաղ տված գնդի տարածքով: Անգամ ՊՊԾ գնդի հարակից շենքերում է զինամթերք եղել»:

Զոհված ոստիկանների վերաբերյալ էլ Խաչատուր Ավետիսյանը նշեց՝ տեղյակ է, որ Գագիկ Մկրտչյանը որովայնի հատվածքում վիրավոր է եղել.

«Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաեւ ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել Շտապ օգնությունը»:

Ինչ վերաբերում է գնդի տարածքից դուրս գտնված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը նշեց՝ չնայած անձամբ չի տեսել, բայց կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը: Ապա տուժողին հարց ուղղեց մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանը: Նա փորձեվ ճշտել՝ արդյո՞ք Ավետիսյանն իրեն տուժող համարում է.

«Այո, բոլոր փաստերով համարում եմ»,- հայտարարեց Ավետիսյանը:

Հարցաքննության ավարտին դատարանը տուժողից ճշտեց վերջինիս դիրքորոշումը՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ համաներում տարածվելու մասին: Խաչատուր Ավետիսյանն առարկեց. նա դեմ է, որ համաներումը տարածվի խմբավորման վրա:

Ռոզա Վարդանյան


Pin It on Pinterest