Զինվորի վրա 15 փամփուշտ կրակած սերժանտի դեմ քրգործը կարճվել է. հայրը կասկածում է, որ «փողն է դեր ունեցել»

0
1789

Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, նախկին ժամկետային զինծառայող Դավիթ Քամալյանն ու նրա ծնողները վիրավորված ու վրդովված են ՀՀ քննչական կոմիտեի որոշումից, որը որոշել է կարճել 19-ամյա Դավիթին մարտական դիրքում դիմահար կրակակերթով վիրավորելու առթիվ հարուցված քրգործը:

Անցյալ տարվա՝ 2018-ի փետրվարի 20-ին Արցախի Մարտունի 3 զորամասի նախկին ծառայող Դավիթ Քամալյանը 7 հրազենային վիրավորում է ստացել ծառայակցի՝ սերժանտ Սերյոժա Նահապետյանի կրակոցից, սակայն այս տարվա հունվարին քրգործը կարճվել է: Քննչական կոմիտեի քննիչները որոշել են գործը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով:

«Ցավն էն ա, որ էն, ինչ գրվել է քրգործով ու հայտարարվել, իրականությանը չի համապատասխանում»,-Forrights.am-ին ասաց նախկին զինվորը՝ հավելելով. «Ես բողոք չեմ ներկայացրել՝ դառնալով հաշմանդամ ու ունենալով բազմաթիվ վնասվածքներ, բայց իմ վրա կրակող սերժանտը իմ դեմ է ցուցմունք գրել ու ինձ մեղադրել կատարվածում: Ես չորս օր կոմայի մեջ եմ եղել, հենց դուրս եմ եկել, բժիշկը մոտեցել, ասում ա՝ էս էն տղեն ա, որ պարոլ են ուզել, չի պատասխանել, կրակել են, բայց նման բան չի եղել: Այ էդ ա ցավը»:

Դավիթի վրա կրակել է ծառայակից սերժանտը, ով առաջին անգամ է նրա հետ դիրք բարձրացել: Դիրքում ուշ երեկոյան Դավիթը գնացել է զուգարան, հետ գալուց սերժանտը դիմահար կրակել է, վախեցել է, թե թշնամին է: Սակայն հետո ցուցմունք է տվել, թե Դավիթից երեք անգամ նշանաբառ է ուզել, չի ասել, դրա համար է կրակել:

«Բայց տրամաբանությունը ո՞րն է, որ ես լռեմ՝ իմանալով, որ կրակելու է, էն էլ երեք անգամ: Ինքը գրել է, թե այդ պահին գնացել է ճաշարանի կողմը, հետո ոտնաձայներ է լսել, իբր նշանաբառ է հարցրել, չեմ պատասխանել, կրակել է, բայց նման բան չի եղել: Խելքին մոտ չի, որ հնարավոր է երեք անգամ նշանաբառ ուզեր, չպատասխանեի, իրականում ոչ մի նշանաբառ չի ուզել, ես զուգարանից վերադարձել եմ, միանգամից կրակահերթ է բացել իմ վրա»,-պատմեց Դավիթը՝ հավելելով, որ սերժանտը բավարար պատրաստվածություն չի ունեցել. «Ես 19 ամիս ծառայել եմ, դիրքերում 20 հերթափոխ եմ կատարել, իսկ ինքը նոր էր եկել 6-7 օր էր դիրքերում»:

Սերժանտը 15 կրակոց է արձակել Դավիթի ուղղությամբ, որից նրա զինվորական բաճկոնի վրա 9 փամփուշտի տեղ է բացվել, իսկ Դավիթի մարմնի վրա կա 7 հրազենային վիրավորում: «Մի փամփուշտը մինչև հիմա մեջս է, ողնաշարիս կողքը, ռակաշետով է մտել, թոքս ծակել է, երիկամս ծակել է, ողնաշարի մոտ կանգնել է»,-պատմեց Դավիթը, ով մինչ այժմ դեռ լիովին չի վերականգնվել:

Կրակահերթի արդյունքում Դավիթի աջ երիկամը, փայծախը հեռացրել են, թոքն ու լյարդը վիրահատել: «Ներկայումս շնչառական խնդիր ունեմ, լյարդս վիրահատել են, դեռ, բժիշկի խոսքով, բացված վարդի պես վերք կա վրան: Աջ ձեռքիս հինգ փամփուշտ է կպել, չէի կարողանում շարժել, հետո ներվը բուժել ենք: Հիմա էլ միակ երիկամիս վրա կիստա է առաջացել»,-ասաց նախկին զինվորը, ով այժմ երրորդ կարգի հաշմանդամ է:

Դեպքի նախորդ օրը կոնֆլիկտ է եղել, քանի որ սերժանտը երկու անգամ քնել է դիրքում, ու Դավիթը զգուշացրել է ավագին: Բայց նա չի կարծում, որ կոնֆլիկտի պատճառով սերժանտը նման բան կաներ: «Հաստատ վախի գործոնը կա, սերժանտը վախեցել է, բայց իմ համար անընդունելի ու վիրավորական ա, որ իմ վրա ա գցել ողջ մեղքը, էն դեպքում, երբ ես որևէ մեղավորություն չունեմ ու մինչև կրակելը ոչ ոք ինձնից նշանաբառ չի ուզել»,-սրտնեղեց Դավիթը՝ շարունակելով, որ կգերադասեր թուրքից վիրավորում ստանար, քան հայից խաղաղ պայմաններում:

«Ես իրան ասել եմ, թող ճիշտն ասի, ես բողոք չեմ ներկայացնի, բայց Սերյոժան ընդհակառակը իմ դեմ է բողոք ներկայացրել, որ ես եմ մեղավոր»,-դժգոհեց Դավիթը:

Դիրքում այդ օրը ծառայող զինվորներից 4 հոգի ցուցմունք է տվել, որ սերժանտը Դավիթից հարցրել է նշանաբառ, իսկ 3-ը պնդել են, որ չի եղել նման բան: Դավիթը չի բացառում, որ ճնշում է եղել զինվորների վրա.

«Քանի որ նրանց մի մասին շատ քիչ էր մնացել զորացրվելու ու քաշքշուկի մեջ չընկնելու համար հնարավոր է նրանց ճնշած լինեն: Չեմ ուզի ինքը բերդ նստի, բայց ներկայացվի էն, ինչ որ եղել ա, ոչ թե մեղքը գցեն իմ վրա, թե իբր ես նշանաբառ չեմ ուզել: Իրանց ձեռնտու է, որ սենց գործը փակվի: Ձեռնտու չի, որ ասեն՝ դիրքի ավագի կամ հրամանատարի անպատասխանատվության գործոնի ներքո զինվորը վիրավորում է ստացել: Իրանց թերությունը հաստատելը իրանց ձեռք չի տալիս»,-ասաց Դավիթը:

Նշենք, որ դեպքի առթիվ քրգործը հարուցվել էր Քրօրի 365 հոդվածի առաջին մասով՝ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը…, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»:

Դավիթի հայրը, Սերյոժա Քամալյանը համոզված է, որ շուրջ մեկ տարի քննվող գործը փակվել է փողի ուժով: «100 տոկոս, առանց փողի էդ գործը չէր փակվի», -Forrights.am-ին հայտարարեց զինվորի հայրը՝ շարունակելով. «Կրակողի ընտանիքը եկել, գումար ա առաջարկել, ես հրաժարվել եմ, ասել եմ՝ նա պիտի նստի, ասեցին, եթե չվերցնես, տանելու ենք, քննիչին տանք»:

Գործը քննող քննիչներից ՔԿ-ի քննիչ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց պատասխանել զինվորի հոր կոռուպցիոն մեղադրանքին՝ հորդորելով դիմել քննչական կոմիտե:

ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ քրեական գործը կարճվել է, որի մասին կողմերը ծանուցվել են և նրանց պարզաբանվել է սահմանված կարգով բողոքարկման կարգը:

«Քննիչը քրեական գործի քննության ժամանակ առաջնորդվել է օրենքով իրեն վերապահված լիազորություններով և ծնողների կողմից արված հայտարարությունը հեռու է իրականությունից»,- Դավիթի հոր պնդմանն ի պատասխան հայտարարեցին ՔԿ-ից:

Դավիթի հայրը պահանջում է, որ գործը վերաբացվի. գնացել է դատարան, ասել են, բողոքի համար պիտի Ստեփանակերտ գնաս: «Էս գործը պետք ա նորմալ քննվի: Անտերություն ա, ասում են՝ ուրախացեք, որ կենդանի ա մնացել, բայց ո՞վ ա դրա պատասխանատուն, ինչի՞ պետք ա նման բան լիներ: Ես առողջ տղա եմ տվել, թող տանեն ոնց ուզում են բուժեն Պաշտպանության նախարարին երեք նամակ ենք գրել, ոչ մի պատասխան չի եղել, ոչ մի հատ»,-ասաց վշտացած հայրը՝ շարունակելով.

«Դավիթը որ Սեփանակերտի հիվանդանոցում պառկած էր, էդ 2 ամսվա ընթացքում էդ չաստից 4 երեխա հաշմանդամ դարձավ ու ոչ ոք պատասխանատվություն չի կրում դրա համար: Հրամանատար Կարեն Գրիգորյանը խոզաբուծությամբ էր զբաղված»:

Ըստ հոր՝ Դավիթին երկրորդ կարգի փոխարեն հաշմանդամության երրորդ կարգ են տվել. «Դեռ էդ էլ չէին ուզում տան, չնայած օրգանների մի մասը չկա»:
Նախկին զինվորի հայրը նաև ասում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ անձամբ է տեսել, թե զիվորների վիճակն ինչ բարձիթողի էր Արցախի բանակի դիրքերում:

«Գնացել էի Հադրութի դիրքեր, երկու օր լաց եմ եղել՝ երեխեքի վիճակը տեսնելով՝ կեղոտ շորերով, սնունդը ուտելու բան չէր, ամբողջ աշխարհը օգնություն էր ուղարկում, էդ երեխեքը մի բան չտեսան: Մի արկղ ջեմով կանֆետ, մի արկղ էլ պեչենի, էլ ոչ մի բան: ՊՆ-ի կաշան էլ երեխեքը թափում էին, որովհետև ուտելու բան չի: Հրամանատարները խոզ են պահում զինվորների հաշվին, անգամ թերի են խաշում ցորենը, որ զինվորները չուտեն, տան իրենց խոզերին»,-պատմեց հայրը՝ շարունակելով.

«Մովսես Հակոբյանի թխած հացն էին տալիս զինվորներին, չգիտես կավից էր, թե ինչից, հնարավոր չէր ուտել, մի անտերություն էր տիրում:Երեխեքը ստիպված տանից փող էին ուզում, որ ուտելիք առնեն, ուտեն»:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here