Պատգամավորի թեկնածուի նկատմամբ բռնության դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է՝ «կարծել են Եհովայի վկաներ են» հիմքով

0
658

Հատուկ Քննչական ծառայությունը որոշել է կարճել պատգամավորի թեկնածուի հանդեպ բռնության դեպքի առիթով հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել էր «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը։ Այն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Նրանց հորդորել էին հեռանալ տարածքից, նկարելու ընթացքում խփել հեռախոսին, խլել այն։ Տարածքում եղել էին նաև ոստիկաներ, որոնք չէին միջամտել։

Որպես վկաներ հարցաքնվել են դեպքին ականատեսներ Ալվարդ Բաղդասարյանը եւ Թեմուր Տալոյանը, ովքեր նույնաբովանդակ ցուցմունքներով հայտնել են, որ Մարիամ Չախոյանը եւ Ռոբերտ Դավթյանը որեւէ կերպ չեն տեղեկացրել, որ իրենք պատգամավորի թեկնածուներ են, այլ տպավորությունն այնպիսին է եղել, որ վերջիններս հանդիսանում են «Եհովայի» վկաներ։

Հատուկ Քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ Վ․ Սիմոնյանը որոշել է հանցակազմի բացակայության հիմքով կարճել եւ Հայկ Կիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

«Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ իրենց համակցության մեջ գնահատելով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն եւ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսգրքի՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի համաձայն՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ։

Թեեւ սույն քրեական գործով կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ Հայկ Կիրակոսյանը Մարիամ Չախոյանից եւ Ռոբերտ Դավթյանից պահանջել է հեռանալ սուպերմարկետի տարածքից, սակայն բացի գործով շահագրգիռ անձ հանդիսացող Մարիամ Չախոյանից եւ Ռոբերտ Դավթյանից, այլ ապացույցներ ձեռք չեն բերվել առ այն, որ Հայկ Կիրակոսյանը տեղեկացված է եղել Մարիամ Չախոյանի եւ Ռոբերտ Դավթյանի՝ պատգամավորի թեկնածու հանդիսանալու մասին»,- գրված է քրեական գործը կարճելու որոշման մեջ։ ։

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Արտուշ Սահակյանի եւ Տարոն Մալխասյանի կողմից միջադեպին ականատես լինելուն, սահմանված կարգով ընթացք չտալուն եւ դրանով պայմանավորված՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցանքին, ապա քննիչը գտել է, որ կատարված նախաքննությամբ որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որ Արտուշ Սահակյանը եւ Տարոն Մալխասյանը տեսնելով միջադեպը, չեն միջամտել եւ ունեցել են որեւէ շահագրգռվածություն, իրենց պարտականությունները չեն կատարել կամ իրենց պաշտոնական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ եւ արդյունքում էական վնաս պատճառել այս դեպքում անձանց, հետեւաբար նրանց նկատմամբ անհրաժեշտ է քրեական հետապնդում չիրականացնել՝ արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը համոզված է՝ գործը «ծածկադմբոց» արեցին։

«Այս դեպքում երկրորդ գործը պետք է հարուցվեր՝ կրոնական խտրականության վերաբերյալ։ Ուղղակի ծածկադմբոց անելով՝ որոշել են կարճել։ Մենք խնդիր չունենք այդ անձի դեմ, մեզ երեույթն է հետաքրքիր, որպեսզի այլեւս չկրկնվի այն, ինչ եղել է, արջի ծառայություն է մատուցվել։ Նախկինում մտածված էլ է եղել, հրահանգով է եղել, այս անգամ կարծում եմ կառավարող վարչախմբին արջի ծառայություն են մատուցել եւ մեր խնդիրն է եղել դրան իրավական գնահատական տալը»,- ասում է Սուրեն Սահակյանը։

Պատգամավորի թեկնածու, միջադեպի մասնակից Մարիամ Չախոյանը նշում է՝ միջադեպից մեկ երկու օր առաջ «Գնթունիկ»-ում աղուհացով ընդունել էին Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին ՝ մասնակցելով քաղաքական պրոցեսին։ «Մինչդեռ առերեսման ժամանակ այդ տղան պնդում էր, որ տեղյակ եղել է, որ ընտրություններ են ընթանում, բայց ընդհանրապես տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, դա էլ հաշվի չի առնվել։ ՀՔԾ-ն շարժվում է իներցիայով՝ ծառայել իշխող կուսակցությանը։ Սա շատ ամոթալի է Հայաստանի նոր իրողության պայմաններում եւ խարան է հեղափոխությանը, որ իրականացրեց ժողովուրդը։ Սա վարկաբեկում է իրենց՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր կուսակցությանը»,- ասաց Մարիամ Չախոյանը։

Նրա խոսքերով՝ քննիչը հաշվի չի առել, որ խանութի ներսում տեսաձայնագրություն կա։ Իսկ այդ տեսանյութի մեջ պարզ երեւում է, որ պատգամավորի թեկնածուի հագուստ վրա գրված է եղել կուսակցության անունը։ Քննիչը որպես ապացույց չի ընդունել քարոզչաթերթիկները , որոնցից մեկի վրա Մարիամ Չախոյանի նկարն է եղել։ Բացի այդ կուսակցությունից եւս հաստատել են, որ նրանք Ապարան են գնացել՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։

Պատգամավորի թեկնածուները պատրաստվում են կարճման մասին որոշումը բողոքարկել վերադաս դատախազին, իսկ եթե արդյունքի չհասան՝ կդիմեն դատարան։

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here