«Ինձ վրա կրակել է Մարտիրոս Հակոբյանը: Մկաններս էր վնասվել, չէի կարողանում շարժել»,- «Սասնա Ծռեր 2» քրեական գործով հարցաքննության ժամանակ անակնկալ հայտարարեց «02» լրատվականի օպերատոր Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ տուժողի, ինքը դեպքի վայրում պետք է նկարահանում իրականացներ, սակայն կրակոցի պատճառով նկարահանել է ընդամենը մի քանի վայրկյան: Արեգ Կյուրեղյանը «հակասություն» որակեց տուժողի ցուցմունքը: Նա հայտարարեց, որ տեսանյութը կրճատել են` գործը կոծկելու համար, քանի որ տեսանյութում պետք է երևար, որ առաջինը ոչ թե գնդի կողմից է հնչել կրակոցը, այլ «ԲԷՏԵԷՌ»-ի:

«Յոթն անց կեսի կողմերը եղել եմ այնտեղ, Էրեբունու կողմից եմ եկել, նկարահանում էի  դեպքերը, երբ զրահամեքենան փորձեց մտնել գունդ ու կրակոցներ հնչեցին:  Ինձ մոտ էին կանգնած Մարտիրոս Հակոբյանը և Թաթուլ Թամրազյանը: Հենց զրահամեքենան փորձեց մտնել, սկսեցին կրակել դրա ուղղությամբ: Մարտիրոս Հակոբյանն իրեն ագրեսիվ էր պահում: Օդ էր կրակում:  Հրազենային վնասվածք ստացա, և ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- պատմեց տուժող Հայրապետյանը:

Ամբաստանյալները տուժողին հարցրին, թե ինչպես կարող էր Մարտիրոս Հակոբյանը կրակել իր ուղղությամբ, եթե նա գտնվել է «ԲԷՏԷԷՌ»-ի հետևում, իսկ ինքը՝ առջում: Տուժողը նշեց, կարծում է՝ կրակողը Մարտիրոս Հակոբյանն է եղել: Պավել Մանուկյանը արձագանքեց.

«Հա՞, այսինքն՝ ոչ թե վստահ ես, այլ կարծում ես, որ կրակողն ինքն ա եղել: Ասել են՝ այդպես ասա, դու էլ՝ ասում ես»,- վրդովված ասաց Մանուկյանը:

Հարցաքննության ավարտին տուժող Ռուբեն Հայրապետյանը հայտնեց՝ դեմ է որ «Սասնա Ծռեր» խմբի նկատմամբ համաներում կիրառվի:

Նմանօրինակ դիրքորոշում հայտնեց նաև գործով տուժող ճանաչված ՊՊԾ գնդի ոստիկան Գարիկ Մաթևոսյանը: Նա հայտարարեց, որ ամբաստանյալներից Արմեն Բիլյանը գնդի գրավման օրերին ցանկացել է կրակել իրեն, բայց Պավել Մանուկյանը թույլ չի տվել: Տուժողի նմանօրինակ հայտարարությունը բարկացրեց Բիլյանին: Նա նշեց, որ նման բան չի եղել և Մաթոսյանը ստում է:

«Դուք ուզում էիք մեքենաներն այրել, ես էլ ասացի Պավել Մանուկյանին՝ մի՛ վնասեք մեր մեքենաները, այլ տանենք ավտոպարկ, ասացի՝ մենք ի՞նչ մեղք ունենք, որ ձեր գործողությունների հետ կապված, մենք պետք է վնաս կրենք: Ես կոտրեցի Դավիթի մեքենայի ապակին, որ կարողանայի իր մեքենան էլ տեղաշարժել, դուք էլ բարկացաք և զենքը պահեցիք վրաս, ուզում էիք կրակեիք, Պավել Մանուկյանը թույլ չտվեց»,- բացատրեց նա և հավելեց, որ Արայիկ Խանդոյանն է նրան խորուրդ տվել հանձնվել, հակառակ դեպքում անմեղ զոհ է լինելու:

Բանավեճ սկսվեց Բիլյանի և Մաթոսյանի միջև, ինչին հետևեց դատավոր Մեսրոպ Մակյանի նախազգուշական սանկցիան:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում էր «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Նրանցից 8-ն այս պահին ազատության մեջ են. նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, ստորագրությամն կամ անձնական երաշխավորությամբ: Անազատության մեջ են գտնվում Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Նրանց է վերագրվում ՊՊԾ գնդում 3 ոստիկանների սպանությունը:Հավելենք, որ նիստին զուգահետ դատարանի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում: «Սասնա Ծռեր» համակիրները բողոքում էին դատարանի որոշման դեմ և պահանջում վերանայել այն: Դատարանը, պայմանավորված նախորդ նիստի ժամանակ որոշ համակիրների դրսևորած վարքագծով, որոշում էր կայացրել նիստը շարունակել դռնփակ ռեժիմով:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest