«ՊՆ-ն հանրությունից թաքցնում է, թե իրականում ինչ է կատարվում բանակում»

0
368
Դավիթ Տոնոյան

Երեկ երեկոյան Tert.am-ը տեղեկություն տարածեց, որ մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։ Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունը լռել է 4 զինծառայողի մահվան մասին, որոնք, ըստ պաշտոնական տեղեկության, գրանցվել են ծառայության հետ չկապված հանգամանքներում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով տարածված այս տեղեկությանը, հերքեց նախարարության կողմից զինծառայողի մահվան որևէ դեպք թաքցվելը, սակայն որևէ բացատրություն չտվեց, թե ինչու չի հայտարարվել 4 զինծառայողների մահվան մասին:.

«Բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձևաչափով: Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և՛ Դատախազության, և՛ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված: Զինծառայողների մահվան վերաբերյալ հայտարարվում է, անգամ, եթե դա բնական մահ է»,- մամուլի ներկայացուցիչներին ասում էր նախարարը՝ չպարզաբանելով, թե ինչ է նշանակում զինծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքեր:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չեն հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, ՊՆ-ն հաստատել է:

«Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ: Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չենք հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, հաստատել ենք, դա չհայտնել չի նշանակում: Ո՞վ է ասել, որ դա առաջինը մեր կայքում պետք է դնենք, այդպիսի պարտավորություն ես չունեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանին չզարմացրեց Պաշտպանության նախարարության նման գործելաոճը: Իրավապաշտպանը նշեց, որ ՊՆ-ն շարունակում է տարիներ առաջ որդեգրած ոճով աշխատել և հանրությունից թաքցնել, թե իրականում ինչ է կատարվում բանակում.

«Զինծառայողների մահվան դեպքերը չհայտնելով, ՊՆ-ն երևի ցանկացել է ցույց տալ հանրությանը, որ բանակում նվազել է մահացության դեպքերը կամ դրա շուրջ քրեական գործերը: Այս տենդենցը շատ վտանգավոր է, քանի որ շարունակաբար թաքցնելով, կամ իրենց լեզվով ասած՝ չհրապարակելով նման տեղեկությունները, հանրությանը շեղում են բանակում տեղի ունեցող խնդիրներից»,-  կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

Անդրադառնալով ՊՆ-ի կողմից հայտարարված այն տեղեկությանը, որ 4 զինծառայողների մահվան դեպքերը գրանցվել են ծառայության հետ չկապված հանգամանքներում, Էդգար Խաչատրյանը շեշտեց՝ շատ դժվար չափելի է, արդյո՞ք մահվան դեպքը կապված է ծառայություն հետ, թե՝ ոչ.

«Ցանկացած դեպքի մասին կարելի է հայտարարել, որ գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներւմ, քանի որ վերահսկողության որևէ մեխանիզմ չկա այստեղ: Հենց սա էլ նպաստում է, որ մինչ օրս մենք 2016-2018 թվականների բանակում կատարվող դեպքերի ամբողջական պատկերը չունենք»,- իր խոսքն ավարտեց իրավապաշտպանը:

ՀՀ Զինված ուժերի պահեստազորի նախկին գնդապետ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով զինծառայողների՝ ՊՆ-ի կողմից չհրապարակված մահվան դեպքերին, նշում է, որ ՊՆ-ն շարունակում է իր անգրագետ և անպատասխանատու վարքագիծը: Ըստ նրա, զինվորական ծառայությունը հատուկ ծառայություն է, իսկ զինծառայողի կարգավիճակը՝ հատուկ կարգավիճակ: 

«Դրանց հատուկ լինելու հանգամանքի թելադրանքով ոլորտի կառավարումը ներառում է թե՛ զինծառայողի պաշտոնեական գործունեության, այն է՝ զինվորական ծառայության, և թե՛ զինծառայության ընթացքում կամ դրանից դուրս զինծառայողի անձի հետ անմիջականորեն առնչվող որոշ հարցերի, այդ թվում՝ նրա մահվան, հիվանդության, ինչպես նաև հանցագործություն կատարելու հետ կապված հարաբերություններն ու հետևանքները: Ուստի, ոլորտի կառավարման մարմինը՝ ՊՆ-ն, պարտավոր է հանրությանն իրազեկել թե՛ զինվորական ծառայության, և թե՛ զինծառայության ընթացքում կամ դրանից դուրս զինծառայողի մահվան կամ հիվանդության դեպքերի մասին»,- գրում է Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կրկին արձանագրվեց դեպք, երբ ՊՆ թաքցրել էր զինծառայողի մահվան դեպքը: Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել էր ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չէին հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում ևս տեղադրված չէր:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here