Մինչ այժմ չպարզված հանգամանքներում Ադրբեջանում գերի ընկած ու օրերս Գյանջայի դատարանի կողմից 20 տարվա դատապարտված Կարեն Ղազարյանի ծնողները հուսահատ են. Ադրբեջանական ԶԼՄ-ներում Կարենի նկարը տեսնելով, որտեղ նա դատարանի դահլիճում է, ավելի են տխրել:

«Մենք տրամադրություն չունենք ընդհանրապես էդ դատավճռից հետո»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանի հայրը՝ շարունակելով. «Նկարին նայելով՝ իրա վիճակը շատ վատ ա, նիհարած: Հինգ տարվա բուժումը անօգուտ դարձավ»:

Կարենը հինգ տարի բուժում է անցել Ավանի հոգեբուժարանում: Ծնողները հույս են ունեցել, որ մինչ դատապարտվելը Կարենին հնարավոր կլինի հայրենիք վերադարձնել: Երկարուձիգ ամիսների ընթացքում ոչ մի կապ չեն ունեցել Կարենի հետ, ոչինչ չեն կարողացել որևէ բան փոխանցել: Միայն միջազգային Կարմիր խաչի միջոցով Կարենը բանավոր ծնողներին փոխանցել է, թե լավ է: Ծնողները կրկին մեկ ամիս առաջ նամակ են գրել Կարենին, սակայն որևէ ձևով դրան պատասխան դեռ չկա:

Հիշեցնենք. 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշված անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Փետրվարի 27-ին Գյանջայի նրան դատապարտեց 20 տարվա ազտազրկման՝ որպես դիվերսանտ:

«Մենք դեռ շոկի մեջ ենք դատավճռից: Ես չգիտեմ՝ ինչ պիտի արվի, միայն վարչապետ պարոն Փաշինյանից խնդրում եմ, որ իմ տղայի վերադարձը հայրենիք կարողանա կազմակերպի շուտափույթ, ինչ- որ ձևով»,-ասաց Կարենի հայրը՝ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ Կարենը մայրը ամենածանրն է տանում կատարվածը.

«Աստված չանի որևէ մեկի մայրը նման վիճակում հայտնվի»:

Մինչ Կարենին դիվերսանտի մեղադրանք ներկայացնելը ադրբեջանական կողմը հատուկ ջոկատայինի լուսանկար է հրապարակել՝ պնդելով, որ դա թե հենց Կարեն Ղազարյանն է:

«Անզեն աչքով էլ երևում է, որ Կարենը չի էդ լուսանկարում: Իմ տղան հողագործ ա, ոչ մի դիվերսիայի հետ կապ չունի: Դա իր լուսանկարը չէ, իր հետ կապ էլ չունի, իմ տղան զինվորական ոչ մի բանի չի մասնակցել»,-վստահեցրեց վշտահար հայրը:

Սահմանամերձ գյուղում ամիսներ առաջ ցույցեր էին կազմակերպվել՝ Կարենի վերադարձի պահանջով, սակայն իշխանության հետ բանակցելուց հետո դրանք դադարեցվեցին՝ Կարենի վերադարձի կազմակերպչական աշխատանքներին չխանգարելու համար: Կարենի հայրը չի բացառում, որ հնարավոր է բողոքի ակցիաները վերսկսվեն.

«Հիմա էն վիճակում ենք մենք, որ ամեն ինչ էլ հնարավոր ա, որ լինի: Անկանխատեսելի բաներ կարող է լինի, չեմ կարա ասեմ: Կարող ա և չլինի»:

Գյուղում Կարենի դատավճռի լուրը ցավագին են ընդունել: Գյուղացիները չեն բացառում, որ ադրբեջանցիները Կարենին գողացել են հենց տանից կամ մերձակայքից:

«Հարցի միակ լուծումը փոխանակումն է, ուրիշ լուծում չենք տեսնում»,-ասաց Բերդավանի գյուղապես Սմբատ Մուղսուդյանը՝ շարունակելով. «Պատերազմի ժամանակ գյուղն ինքն էր ինքնապաշտպանվում, եթե գերի էին ընկնում, գյուղը կանգնում, ճնշումով հետ էր բերում, հիմա կանոնավոր բանակն է, կանգնած, էլ գյուղը չի կարողանում ճնշելով հետ բերի գերուն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի վերջին հանդիպել էր գերի Կարեն Ղազարյանի ծնողներին՝ նշելով, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել՝ ասելով, որ Արցախում կա երեք ադրբեջանցի, իսկ Ադրբեջանի կողմում կա երեք հայ, առաջարկել են բոլորին բոլորի հետ փոխանակենք: Սակայն, նրա խոսքով, իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որովհետև Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, քանի որ Արցախի երկու քաղաքացի են սպանել:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե եթե երկու գերիներին հանձնեն Ադրբեջանին, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու՝ հավելելով, թե Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադաձնել, և որ իրենք այդ հարցը ավելի ու ավելի կբարձրացնենք միջազգային բոլոր ատյաններում:

Մարդու իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանն մեզ հետ զրույցում ասաց, որ Եվրոպական դատարան բողոք ներկայացրել են դեռ հուլիս ամսին:

«Դիմում, որ շտապ տեղեկացվի Կարենի գտնվելու վայրը և նրա առողջական վիճակի մասին տեղեկություն տրամադրվի, ուղարկվեն քրգործի նյութերը: ՄԻԵԴ-ն այս դիմումը բավարարել էր, սակայն Ադրբեջանը կցկցտուր տվյալներ է ուղարկել»:

Փաստաբանի խոսքով՝ այժմ իրենք Կարենի դատավճռի հետ կապված են նյութեր նախապատրաստում՝ ՄԻԵԴ դիմելու համար: «Կարևոր խնդիրն այսօր այն է, որ ծնողներն ընդհանրապես հնարավորություն չունեն զրուցել իրենց որդու հետ կամ թեկուզ հաղորդակցվել: Գործը մտել է դատական փուլ և արդեն հիմքեր չկան նման սահմանափակում կիրառելու: Պարտաստվում ենք նոր փաթեթ ուղարկել և սպասում ենք, որ Եվրոպական դատարանը գանգատը կոմունիկացնի Ադրբեջանին»,-ասաց Ղազարյանը:

ՄԻԵԴ դիմումներով, սակայն, ըստ փաստաբանի, հնարավոր չէ Կարենի արտահանձնման կամ վերադարձի պահանջ դնել. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում չենք կարող պահանջ դնել արտահանձնելու: Եվրոպական դատարանը չի զբաղվում վերադարձնելու հարցերով, բայց դա կարող է ապագայում հիմք ստեղծել քաղաքական դաշտում Կարենին վերադարձնելու համար»:

Ինչ վերաբերում է Կարենի փոխանակման տարբերակին, Ղազարյանը նշեց, որ փոխանակումը իրավական գործընթաց չէ: «Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Հայաստանի հետ իրավական դաշում համագործակցելուց»,-դժգոհություն հայտնեց պաշտպանը:

Արա Ղազարյանի խոսքով՝ իրենք ՄԻԵԴ-ում վիճարկում են Կարեն Ղազարյանի կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքը, անօրինական ազատությունից զրկելը, արդար դատաքննության իրավունքը, անձնական կյանքի իրավունքը և խտրականության արգելքը: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Կարեն Ղազարյանի դատավճիռը.

«Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է»:

Ըստ ԱԳՆ-ի՝ Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։ «Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ»,-վստահեցրել են ԱԳՆ-ից:

Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ևս հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը: Հայտարարություններն ու հավաստիացումները, սակայն, չեն մխիթարում Կարենի ծնողներին, նրանք րոպե առ րոպե սպասում են իրենց տղայի վերադարձին սահմանի այն կողմից:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest