Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած երթը՝ նվիրված Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին ավարտվեց Մյասնիկյան արձանի մոտ։

Երթի մասնակիցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավությույամբ լուռ քայլեցին Մատոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի քաղաքապետարան, որտեղ էլ մասնակիցներն ու վարչապետը ծաղկեպսակ են դրել:

Երթին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի բացահայտման ուղղությամբ այսօրվա իշխանությունները համապատասխան քաղաքական կամք դրսեւորում են, ինչը, ըստ նրա՝ չկար նախկին իշխանությունների կողմից:

«Երբեմն նույնիսկ արտաքին քաղաքական՝ մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում՝ հետ կանգնեցնելու նպատակով, բայց, ի պատիվ իշխանությունների՝ հետ չեն կանգնում: Ինչքանով կարող են դատական մարմինները, դատախազությունը հիմնավոր ներկայացնել մեղադրանքը, կուզենայի, որ կարողանային, ու հանրության համար  լուսաբացի նման պարզ դառնար՝ ով ինչ է արել ու ինչի համար»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ մեղադրյալներն ունեն պաշտպանության հնարավորություն, նրանց լավագույն փաստաբաններն են պաշտպանում.

«Թող փորձեն հայ ժողովրդին հակառակն ապացուցել: Պետությունը պետություն է, երբ կա դատարան, երբ դատարանն է որոշում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ»,- ասել է նա, հավելելով, որ գործը պետք է դատարանը քննի ու ներկայացնի հանրությանը:

Վերջինս նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ երեք նախագահները Մարտի 1-ի գործի քննության ընթացքում նույն հարթության վրա չեն դիտարկվում դատական մարմինների կողմից.

«Ես չեմ կիսում երեք նախագահներին նույն հարթության վրա դնելու մոտեցումը. տարբեր մարդիկ են ու տարբեր դերակատարություն են ունեցել, չի կարելի զոհին ու դահճին նույն հարթության վրա դնել: Մարտի մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը զոհն էր, որ մնաց հրապարակում միայնակ` ծխախոտը ձեռքին, մնացած բոլորիս ծեծելով, մահակներով դուրս հանեցին: Ի՞նչ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը` ասում էր, որ ընտրություններ են եղել, որ կեղծվել են, չէի՞ն կեղծվել, բա մարդիկ ինչո՞ւ էին լցվել հրապարակը, ասում էր, որ գումար է բաժանվել ընտրություններում, չասե՞ր, կամ մարդիկ կան, որ ասում  էին՝ ժողովուրդը մեղավոր էր, որ եկել էր այստեղ, թող փողոցում չլիներ, չսպանվեր: Ի՞նչ »:

Եթե կիսում ենք տրամաբանությունը, ուրեմն, ըստ դրա, երեք նախագահներին կարող ենք դնել նույն հարթության վրա, եթե չէ, տարանջատենք: Ինչ վերաբերում է հարցաքննելուն, նա նշեց, որ երեք նախագահն էլ լուրջ ինֆորմացիոն բազայի են տիրապետում, որը կարող է նախաքննությանը օգուտ տալ:

«2008-ին Նիկոլ Փաշինյանին և ինձ մեղադրանք է առաջադրվել, ես գնացել եմ եւ երեք անգամ ցուցմունք եմ տվել, ուզում են, թող կանչեն, 2018-ին չեն կանչել, Փաշինյանը իր կալանավորվելուց առաջ ասել է` ցուցմունք տվել է, չեմ կարծում, որ ավելացնելու բան կունենան»,- ասաց Արամ Սարգսյանը :

Երթի ժամանակ լրագրողները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին այն մասին, որ դեռևս որևԷ մեկին Մարտի 1-ի գործի շրջանակներում սպանության մեղադրանք չի առաջադրվել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքը քաղաքական գործիչ է և չի պատրաստվում զբաղվել իրավապահ մարմինների գործերով.

«Եթե ես ինձ կարողանայի թույլ տալ, ապա ես կասեի, թե իմ կարծիքով ով է հիմնական մեղավորը, բայց ես դա ինձ թույլ չեմ կարող թույլ տալ, քանի որ նախ` գոյություն ունի անմեղության կանխավարկած, հետո ես պետական պաշտոնյա եմ և իմ ասածը հնարավոր է` ճնշում կամ ուղղորդում դիտարկվի»,- ասաց նա։

Հավելենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իր ուղերձում անդրադարձել էր քայլերթին, նշելով, որ քայլերթը լինելու է «ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների ու ապօրինությունների».  

«Եվ նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը եւ քաղաքացու իշխանությունն այլեւս անշրջելի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլեւս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու ընդհանրապես քաղաքական բռնություններին, քաղաքական հետապնդումներին»:

Հիցնենք, որ Հիշեցնենք, որ 11 տարի առաջ` 2008 թվականի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում արյունալի իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 քաղաքացիներ՝ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest