«Ինքնասպանության դեպքերը փաստում են, որ բանակում ակնհայտ բռնության մթնոլորտ կա»

0
514

«Ինքնասպանության դեպքերը փաստում են, որ բանակում ակնհայտ բռնության մթնոլորտ կա»

Բանակում զինծառայողների նկատմամբ հրամանատարական կազմի կողմից կան բռնության դեպքեր։ Այս մասին այսօր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի կողմից  «Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայի քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

«2018թ․-ին գրանցված հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը 7-ն են, իսկ ոչ մարտականը՝ 56։ Ոչ մարտական մահացությունների մասով մեծ թիվ են կազմում ավտովթարի հետևանքով մահացությունները՝ 17, առողջական խնդիրներով պայմանավորված մահացությունները 13-ն են, իսկ ինքնասպանություներ որակված դեպքերը՝ 11 »,-ասաց իրավապաշտպանը հավելելով, որ ինքնասպանության դեպքերը փաստում են, որ բանակում ակնհայտ բռնության մթնոլորտ կա:

Ժաննա Ալեքսանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ  Պաշտպանության նախարարությունը երբեմն չի հաղորդում մահվան դեպքերի վերաբերյալ և անդրադարձավ մեկուկես ամիս առաջ բացահայտված դեպքին, որը ոչ թե ՊՆ-ն էր հայտնել, այլ լրատվամիջոցներն էին բացահայտել։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Մարտակերտի զորամասում տեղի ունեցող դեպքերին և նշեց, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն  վերջին շրջանում 6 դժբախտ պատահարներ կամ մահվան դեպքեր է գրանցել նույն զորամասում։

Ժաննա Ալեքսանյանը նաև հավելեց, որ Մարտակերտի զորամասում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ իր մտահոգությունը Քննչական կոմիտեում քննարկման ժամանակ արդեն իսկ հայտնել է․

«Հայկ Գրիգորյանին ես հարց տվեցի՝ եթե նույն զորամասում մահվան դեպքերը երեքն են և ավել, ի՞նչ պետք է արվի, նա էլ ասաց՝ պետք է հրամանատարության նկատմամբ քրեական գործ հարուցել, սակայն նման դեպք չկա»,-նշեց իրավապաշտպանը, հավելելով, որ  Պաշտպանության նախարարությունը պետք է այս դեպքերը ևս վերլուծի։

«Չի կարող հրամանատարը անձեռնմխելի լինել։ Չկա սպա, որը պատասխանատվության է ենթարկվում, կա միայն մեղավոր զինվոր»,- հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ժաննա Ալեքսանյան

«Պետք է կարևորել զինվորների հատուկ հոգեբանական վերապատրաստում անցնելու անհրաժեշտությունը»

Բանախոսներից փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ անդրադարձավ զինակոչի ժամանակ խախտումներին և նշեց, որ շատ են լինում պատշաճ բուժզննում չիրականացնելու հետ կապված խախտումները․

«Լինում են դեպքեր, երբ զինծառայողը ծառայության ընթացքում իրեն լավ չի զգում և սկսում է դրա մասին բարձրաձայնել, սակայն բանակում դա որակում են որպես «սիմուլյանտություն»,-ասաց փաստաբանը՝ անդրադառնալով զինծառայող Յուրիկ Բրոյանի դեպքին:

«Զինծառայողը 2018 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ, ծառայությունից մի քանի օր հետո, նրան հեռվից տեսնելով, հրամանատարն ասել է՝ գետնից հավաքի ծխած ծխախոտների մնացուկները, նա հրաժարվել է, ինչին հաջորդել են բռունցքով հարվածներ՝ դեմքին, ոտքով հարվածներ՝ մարմնին։ Նա պատմում է, որ այդ ծեծից հետո ուշագնաց է եղել, ինչից հետո երեք օր պահել են «կապտյորկայում», որպեսզի կապտուկներն անցնեն, հետո տեղափոխվել են դիվիզիա, որտեղ էլ չդիմանալով պայմաններին՝ կատարել է ինքնավնասում»,- մանրամասնեց Հայարփի Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝  իր վստահորդը տեղափոխվել է Կանազի հոսպիտալ, ապա Երևանի Ռազմական ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելը շարունակական բնույթ է կրել։ Հարուցվել է քրեական գործ․

«Երբ զորամասում առկա է լինում վատ բարոյա-հոգեբանական իրավիճակ, լինում են արդեն ինքնավնասման դեպքեր, հարուցվում են քրեական գործեր՝ զինծառայությունից խուսափելու մասով»,- ասաց նա։

Փաստաբանն իր անվստահությունը հայտնեց Զինվորական դատախազությանը, քանի որ մինչ օրս այս կամ այն զինգործով Գլխավոր դատախազին նյութեր է ուղարկել, իսկ դրանք Դատախազությունն ուղարկել է այն նախաքննական մարմնին, որի դեմ ուղղված է եղել իր բողոքը։

Փաստաբան Հայարփի  Սարգսյանն անդրադարձավ բանակում զինվորների բարոյա-հոգեբանական պատրաստվածությանը՝ կարևորելով զինվորների հատուկ հոգեբանական վերապատրաստում անցնելու անհրաժեշտությունը․

«Պետք է ստուգվեն՝ նրանք արդյո՞ք սեռական այլ կողմնորոշում ունեն, թե՝ ոչ, դրանով պայմանավորված էլ նրանց բարոյա-հոգեբանական վիճակը շատ կարևոր է։

 Օրինակ՝ տղան սպայի կողմից ենթարկվել էր սեռական բնույթի գործողությունների և ծեծի։ Այդ սպան այժմ կա, այդ գործով իմ վստահորդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր մոր միջոցով, որից հետո նա պահվել է Ռազմական ոստիկանությունում, ենթարկվել է ճնշումների, խախտումներ են թույլ տրվել»,- ասաց Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ՌՈ-ում պահվելու ժամանակ իր վստահորդը ցուցմունքը փոխել է՝ 8 ամիս որպես տուժող գտնվել է Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում, որից հետո ստացել է մեղադրյալի կարգավիճակ։

ՌՈ ընդունիչ-բաշխիչը, փաստաբանի խոսքով, ծառայում է որպես վկաներին-տուժողներին պահելու վայր, որտեղ ցուցմունքներ են փոխվում, իսկ մարդիկ՝ ենթարկվում են բռնությունների։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Պաշտպանության նախարարությունից գնդապետ Արթուր Ադամյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ ՊՆ սպայական կազմը և Գլխավոր շտաբի ղեկավար կազմը շատ կառուցողական է տրամադրված և հնարավորին ամեն միջոց ձեռնարկում է մարդու իրավունքները զինված ուժերում պաշտպանելու, ամրագրելու և ՀԿ-ների կողմից բարձրացրած բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրելու և ընթացք տալու համար։

Գնդապետը քննարկման իր տպավորությունների մասին կիսվեց, նշելով,որ միայն խոսվում է բացասական երևույթների մասին․

«Համոզված եմ, որ ներկա գտնվողներից յուրաքանչյուրը բազմակի անգամ դրական փոփոխություններ տեսել է ԶՈՒ-ում և դեռ տեսնելու է»,-ասաց նա։

Արթուր Ադմայանը հակադրեց փաստաբան Հայարփի Սարգսյանի այն խոսքերին, որ բանակում շատ վատ բարոյա-հոգեբանական մթնոլորտ է տիրում․

«Այդպես չէի ասի․ դրա վառ ապացույցը 2016 թվականի ապրիլն է»,-ասաց գնդապետը։


Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին անդրադարձավ 2018 թվականին Հայաստանի և Արցախի Զինված ուժերում 11 ինքնասպանություն որակված զինծառայողների մահվան դեպքերին․ «Դուք հասկանո՞ւմ եք ինքնասպանությունն ի՞նչ է․ դա նշանակում է, որ այդ զորամասը լուծարման ենթակա է, ու նորից պետք է հավաքվի։ Անտարբերության մթնոլորտը բանակի ներսում պետք է չլինի՝ սկսած նախարարից մինչև դասակի հրամանատարը»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ բանակում պետք է ծառայեն միայն առողջ զինծառայողներ․ «Հիվանդը եթե գնաց բանակ, նա կհիվանդացնի մնացածին, կամ այդ հիվանդ երեխան շատ քիչ շանս ունի վերջում ոչ հոգեկան զեղումներով տուն գնալու»։

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ պետք է մասնագիտորեն վերանայել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում թույլատրվում է զորակոչիկին տանել բանակ։

Հանրային քննարկման արդյունքում առաջարկությունների փաթեթ կներկայացվի բանակում մարդու իրավունքների խախտման  կանխարգելման մեխանիզմներ մշակելու վերաբերյալ։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here