«Քրեական գործով նման նույնիսկ ակնարկ չկա». Ծառուկյանի պաշտպանը՝ սպանվածի քրոջ՝ սպանությունը հրահանգելու մեղադրանքի մասին

0
533

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կնոջն ուղղված՝ «Հե՞շտ է լինել մարդասպանի մայր» վերտառությամբ բաց նամակով, որը վերջին օրերին տարածվում է ԶԼՄ-ներում ու ֆեյսբուքյան տիրույթում, Կոտայքի մարզի «Պարտեզ» ռեստորանում կատարված փոխհրաձգության արդյունքում մահացած Ջիվան Հարությունյանի քույրը՝ Նարե Մանուկյանն ուղղակի մեղադրանք ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանին՝ սպանությունները հրահանգելու համար:

«Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին և հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր տղայի հրամանով հիմա ինչ-որ մեկը կյանքին հրաժեշտ է տալիս, իսկ պատճառը պարզ է. նա կարծում է, որ Աբովյան քաղաքը իրենն է, և բոլորը պետք է իրեն հնազանդվեն ու ենթարկվեն, հակառակ դեպքում մահն անխուսափելի է դառնում»,-գրել է փետրվարի 10-ին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացած Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա ուսանող Ջիվան Հարությունյանի քույրը:

Գագիկ Ծառուկյանի տղան՝ Նվեր Ծառուկյանն այս գործով հարցաքննվել է որպես վկա, նրան գործը քննող մարմինը որևէ մեղադրանք չի առաջադրել: Խուզարկություն է կատարվել Գագիկ Ծառուկյանի տանը: ՔԿ-ի լրատվականից մեր հարցին, թե արդյոք Նարե Մանուկյանի հայտարարության առթիվ քննություն կա՞, հետևյալ պատասխանն են տվել.

«Տվյալ դեպքով քննությունը շարոնակվում է: Միջոցներ են ձեռքնարկվում միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և մասնակիցների յուրաանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատակ տալու ուղղությամբ»: ՔԿ-ից նաև փոխանցեցին, որ Նվեր Ծառուկյանի մասով գործում որևէ նոր բան չկա:

Forrights.am-ի հարցին, որ Գագիկ Ծառուկյանի տղային սպանությունները հրահանգելու մեղադրանք է ներկայացվել բաց նամակով, Նվեր Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց. «Ըստ էության, իմ վստահորդն այս պահին գործով ունի վկայի կարգավիճակ, այդ կարգավիճակով հարցաքննվել է ու մի շարք քննչական գործողություններ են կատարվել, որի արդյունքում հիմնավորվել է, որ ինքը որևէ առնչություն չունի»:

Հստակեցմանը, թե հենց իր վստահորդին է բաց նամակում քույրը մեղադրանք ներկայացնում սպանությունը հրահանգելու համար, պաշտպանն ասաց. «Ես չեմ մտածում, որ դա լուրջ հայտարարություն է: Քրեական գործով նման մեղադրանք, նման նույնիսկ ակնարկ չկա»:

Հետաքրքրվեցինք, թե բացառո՞ւմ է, որ հետագայում կարող է մեղադրանք ներկայացվել Նվեր Ծառուկյանին: «Էս պահին չկա, քննությունն օբյեկտիվ ընթանում է, արդեն 17 անձի մեղադրանք է առաջադրված: Ավելացնելու ոչինչ չկա: Ես դա համարում եմ մերկապարանոց, ավելի շատ էմոցիոնալ բնույթի հայտարարություն, այլ ոչ թե կոնկրետ փաստեր: Եթե էդ հայտարարությունը որևէ մեկը լուրջ կընդունի, վարույթ իրանացնող մարմինը պարտավոր է կանչի, հարցաքննի»,-նշեց պաշտպանը:

Հարցին, թե եթե սպանվածի քրոջ հայտարարությունը սուտ է, չե՞ն պատրաստվում բողոք ներկայացնել, փաստաբանն ասաց. «Եթե վարույթ իրանակացնող մարմինը դա ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին, քննության արդյունքում սուտ մատնության համար կնախազգուշացվեն անձինք և սուտ մատնության համար քրեական պատասխանատվության կենթարկվեն»: 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի: Նրանցից 8-ը Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներն են, 2-ը թիկնապահները: Ծառուկյանի կողմնակիցներից կա 5 կալանավորված: Մնացած 9 մեղադրյալները ԲՀԿ-ական նախկին պագամավոր Մելիք Մանուկյանի կողմնակիցներն են, այդ թվում նրա տղան՝ 27-ամյա Շանթ Մանուկյանը:

Շանթ Մանուկյանի պաշտպան Արմեն Ֆերոյանն էլ Forrights.am-ին ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի օգտագործմամբ: «Նման մեղադրանքը մեզ համար անընդունելի է ու աբսուրդ, քանի որ ինքը ոչինչ չի արել: Ընդ որում, իր գործողությունների մասով մեղադրանքում գրված է՝ այլ անձանց խուլիգանական գործողություններին չխոչընդոտելու համար: Մոտավոր էդ ձևակերպում է: Քանի որ ինքը գործողություն չի արել, մարդիկ էլ տեսել են՝ ոնց է ընկերոջ գլուխը գրկած գոռում՝ օգնություն-օգնություն»,-ասաց փաստաբանը:

Արմեն Ֆերոյանը վստահեցրեց, որ Մելիք Մանուկյանի որդին որևէ մեկին կրակելու հրահանգ չի տվել, թիկնապահ էլ չունի ոչ ինքը, ոչ հայրը. «Դա իր հորեղբոր ռեստորանն է: Ինքը հաճախակի է էդտեղ լինում: Երբ որ քաշքշուկի ձայներ է լսել, դուրս է եկել, տեսել է ընկերը մի կողմի վրա ընկած է, գլուխը գրկել է՝ գոռացել՝ օգնեք: Էս է եղել իր մասնակցությունը»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել էր զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից երկուսը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանը և 21-ամյա ուսանող Ջիվան Հարությունյանը։

Ըստ մամուլում շրջանառվող վարկածի՝ Մելիք Մանուկյանի եղբոր որդին իր ընկերոջ հետ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կենտրոնում խնդրել է նորոգել ավտոմեքենայի անիվը, որտեղ տարբեր պատճառաբանություններով՝  աշխատակցի տեղում չլինելու, ապա նաեւ աշխատանքային ժամն ավարտված լինելու պատճառով հրաժարվել են սպասարկել։

Նշված ավտոսպասարկումն աշխատացնում են «Բարեց Վահրամ» անունով հայտնի Վահրամ Գրիգորյանն իր երկու եղբայրների հետ, ովքեր հայտնի են Գագիկ Ծառուկյանի միջավայրի հետ իրենց կապերով։ Առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի։

Մելիք Մանուկյանի զարմիկը հեռացել է՝ ուղեւորվելով ռեստորան, որտեղ հավաքված են եղել իրենց այլ հարազատներ եւ ընկերներ։ Բայց հարցը դրանով չի ավարտվել։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ քիչ անց տեխսպասարկման կենտրոնի աշխատակիցների համախոհներից մեկը զանգել  եւ Մելիք Մանուկյանի քրոջ որդուն առաջարկել է հանդիպել Աբովյանի մարզադպրոցի մոտ, որտեղ չկան տեսանկարահանող սարքեր, ինչը Մելիք Մանուկյանի ազգականները մերժել են։ Ապա, տեղեկանալով, որ վերջիններս գտնվում են ռեստորանում մի խումբ անձինք՝ նրանց թվում «Թաթ» մականունով հայտնի Արթուր Վարդանյանը, ով Ծառուկյանի մոտ աշխատել է որպես անվտանգության աշխատակից, զինված, տարբեր մեքենաներով ուղեւորվել են այնտեղ։  

Վիճաբանությունը վերածվել է զինված բախման, հնչել են կրակոցներ։ Արդյունքում՝ վիրավորվել է 8 անձ, որոնցից մեկը՝ Մելիք Մանուկյանի զարմիկի ընկերը, ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցի ճանապարհին, ազգականը՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանը, գլխի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ փետրվարի 10-ին արձանագրվել էր նրա մահը։

 Վիրավորների թվում են նաեւ Մանուկյանի զարմիկները, իսկ 2-ը՝ Ծառուկյանի կողմնակիցներից են։ 

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here