Պաշտպանության նախարարության կողմից սիմուլյանտ հայտարարված ու անմարդկային պայմաններում հոգեբուժարան հետազոտման ուղարկված Էջմիածնի Ջրառատ գյուղի բնակիչ, եզդի զինվոր Յուրի Բրոյանը, որը մոտ 5 ամիս չէր կարողացել խոսել՝ դողալով ու նյարդային շարժումներ անելով, երկու օր առաջ «Էրեբունի» հիվանդանոցում կարճատև բուժման արդյունքում խոսել է ու փաստաբանին պատմել, թե ինչ է եղել իր հետ:

«Բրոյանին մկանները թուլացնող ներարկում էր արվել, որ գլուխը չշարժի ու հնարավոր լինի տոմոգրաֆիկ հետազոտություն իրականացնել»,-պատմեց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը, ում միջնորդությամբ էր Բրոյանը տարվել հիվանդանոց՝ շարունակելով. «Հինգ ամիս Յուրիկ Բրոյանը չէր խոսել: Մինչ օրս գլխի շարժումներով էր ինձ հետ հարաբերվում: Առաջին բառը ասաց՝ լավ եմ, չեք պատկերացնում, թե ինչքան ուրախ եմ: Ասաց, որ իրեն «Կանազի» հոսպիտալում ներակումներ են արել, որի արդյունքում մկանների ձգվածություն է առաջացել ու չի կարողացել խոսել: Ինքը կասկած ունի, որ հենց այդ պատճառով չի կարողացել խոսել»:

Բրոյանը նաև այլ բաներ է պատմել պաշտպանին, որը նա սակայն չի բացահայտում՝ հարուցված քրգործի նախաքննությանը չխոչնդոտելու համար: Երբ մկանները թուլացնող դեղի ազդեցությունն անցել է, սակայն, Բրոյանը կրկին կորցրել է խոսելու ունակությունը, անգամ այսօր չի կարողացել հիվանդանոց գնացած մոր հետ խոսել: Բժիշկներն ասել են, որ նա բուժման կարիք ունի, մինչդեռ հոգեբուժարանում, որտեղ նա պահվում է հոգեկան հիվանդների հետ ընդհանուր պալատում, բուժում չի ստանում:

«Դեղի ազդեցությունը անցնլուց հետո նորից սկսեց ցնցվել, գլուխը շարժել, նյարդաբանն ասաց, որ իրեն հանգստացնող դեղեր են պետք: Այսինքն՝ բուժում է անհրաժեշտ, որը չի իրականացվում»,-նշեց պաշտպանը՝ հավելելով. «Ասել է թե՝ մենք ճիշտ էինք, Բրոյանին անհրաժեշտ էր բուժօգնություն տրամադրել, ոչ թե տանել, գցել ռազմական ոստիկանություն, ապա հոգեբուժարան»: Ուշագրավ է, որ այսօր հիվանդանոցում Բրոյանի մորը մերժել են տալ հետազոտության արդյունքները՝ պատճառաբանելով, թե անձը հաստատող փաստաթուղթ չունի:

«Ինձ զանգեցին, ուրախացրին, որ երեխեն խոսում ա: Ուրախ-ուրախ գնացի, տխուր հետ եկա, էլի հին վիճակում էր, դեղի ազդեցությունն անցել էր: Լացում էր, որ չէր կարողանում խոսալ, էլի ցնցվում էր, աջ ձեռքն ու ոտքն էր ցույց տալիս, հասկացնում էր, որ սեղմում ա: Վզին ու ձեռքերին կարմիր ցան էր թափել: Կերակրեցի, եկա»,-պատմեց որդու վիճակից վշտացած մայրը:

Փաստաբանի խոսքով՝ զինվորի ցնցումներն առաջացել են ռազմական ոստիկանությունում ստացած հարվածից հետո: Մինչ այդ էլ Յուրիկ Բրոյանը իր փաստաբանի հետ շփվել է ժեստերով: Նա դժվարությամբ է քայլում, ամբողջ մարմնով ցնցվում է: Եզդի երիտասարդին բանակ են զորակոչել անցյալ տարվա օգոստոսին:

Պաշտպանության նախարարությունը գտնում է, որ նա սիմուլյանտ է,  չի ցանկանում ծառայել ՀՀ զինված ուժերում: «Հատուկ պետք է շեշտել, որ նման անձիք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը», — ասված է եզդի զինծառայողի մասին ՊՆ պաշտոնական պարզաբանման մեջ: Ըստ Բրոյանի մոր՝որդին ժառանգական հոգեկան հիվանդություն ունի, չի խոսում և դժվար է հաղորդակցվում, և հոգեկան պատճառով անգամ դպրոց չի հաճախել:

«Փաստ է, որ զինվորին բուժօգնություն չեն տրամադրել, ուզում էին տանջել՝ հոգեբուժարանի գարշահոտ, կեղտոտ ու անմարդկային պայմաններում պահելով: Այսօր մենք կարողացանք ապացուցել, որ դա սիմուլանտություն չէր, անհրաժեշտ է բուժում իրականացնել»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ պատրաստվում է կրկին դիմել ՊՆ և առողջապահության նախարարություն՝ Բրոյանի բուժումը հնարավոր դարձնելու համար:

Հիշեցնենք, զինծառայողը բանակ է զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։ Նրան բանակ զորակոչելու օրինականությունը դատարանում վիճարկում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ։

Բրոյանի հետ կապված զինդատախազությունում երեք քրեական գործ է քննվումզորամասի կոմբատի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության, հոգեբուժարանի աշխատակցի հետ կոնֆլիկտի փաստերով, որը լեզվակռվի մեջ էր մտել Բրոյանի մոր հետ ու հարվածել մորը, ինչպես նաև ինքնավնասման դեպքի կապակցությամբ: Վերջին գործով եզդի զինծառայողը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով «անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը»:

Հենց այս գործով դատարանի որոշման համաձայն նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար հետազոտություն, որի շրջանակում Յուրիկ Բրոյանը ներկայում գտնվում է Սովետաշենի հոգեբուժարանում` Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:  Այդ կենտրոնի գարշահոտության ու անմարդկային պայմանների մասին պաշտպանը ահազանգել է, ինչին արձագանքել է ՄԻՊ-ը՝ արձանագրելով անմարդկային վիճակը:

«Սակայն էական փոփոխություն չկա: Միպ-ի այցելությունից հետո ոչնիչ չի փոխվել, նույն գարշահոտությունն է: Իրենք ասացին, որ նախկինում էլ են նման ահազանգեր եղել այդ կենտրոնից»,-ասաց Հայրափի Սարգսյանը:

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հոգեբույժ Կարինե Ավագյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ զինվոր Բրոյանին «Էրեբունի» հիվանդանոցում զննելու պահին նրա կողքին է եղել: «Ես էլ, փաստաբանն էլ ներկա ենք եղել, երբ խոսել է: Էսօր ինքը չի խոսել, էլի գլխի շարժումները պահպանված են»,-ասաց բժիշկը՝ հավելելով. «Նշանակել ենք բուժում, կստանա, ամեն ինչ կկարգավորվի: Բայց եկել ա, բաղնիք ա ընդունել, ուտում ա, շփվում ա, բայց գլխի շարժումով»: Հիշեցնենք, որ մեր կայքը նախկինում գրել էր, որ մինչ այդ զինվորը 40 օր չէր լողացել ու գտնվել էր ոչ հիգենիկ վիճակում՝ 20 հոգեկան հիվանդի հետ նույն սենյակում, երբ նրան այցելել է փաստաբանը:

Հարցին, թե իր կարծիքով, ինչի՞ արդյունքում է «Էրեբունի» հիվանդանոցում խոսել զինվորը, պատասխանեց. «Սեդացիայի: Հանգստացուցիչի ներարկումից հետո»: Բժիշկը հավելեց, որ իրենք բուժում են նշանակել, որ վիճակը լավանա:
Ինչ վերաբերում է խնդրին, որ դեղի ազդեցությունն անցնելուց հետո զինվորը կրկին չի կարողացել խոսել, բժիշկը հավաստիացրեց.

«Հավատացնում եմ ձեզ, որ ամեն ինչ լավ ա լինելու: Ինքը մշտական դիտարկման և հսկողության ներքո է գտնվում: Ես ներկա եմ եղել, որ ասվել է, թե պետք է հանգստացնող դեղահաբեր նշանակել: Փորձագիտական բաժանմունքում ինքը բուժում չէր ստացել, միայն դինամիկ զննում էր կատարվել և ԿՏ հետազոտություն»,-ասաց Ավագյանը:

Կարինե Ավագյանը չկարողացավ տոմոգրաֆիկ հետազոության արդյունքների մասին ասել: «Եզրակացությունը ստանալու ենք չորեքշաբթի, որից հետո մենք կտանք մեր ընդհանուր բժշկական եզրակացությունը»,-նշեց բժիշկը: Նա համաձայն չէ, որ «Կանազ» հոսպիտալում կատարված ներակումների արդյունքում զինվորը կարող էր կորցնել խոսելու ունակությունը. «Մենք չենք գտնում, որ էդ սրսկումների հետևանքն է դա»: Միևնույն ժամանակ բժիշկը հրաժարվեց տեսակետ հայտնել՝ Յուրի Բրոյանը զինծառայության համար պիտանի՞ է, թե՞ ոչ՝ հորդորելով սպասել բժշկական եզրակացությանը:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest