Զինվորական ծառայության համար երիտասարդների պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը վերջին անգամ վերանայվել է 2018 թվականի ապրիլին: Պաշտպանության նախարարությունը մշակեց մի ծավալուն փաստաթուղթ՝ 103 հոդվածից կազմված: Ընդունվեց կառավարության N 404-Ն որոշումը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած վերջին որոշումներից մեկն էր: Այն սահմանափակեց բանակային ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը: Եթե նախկինում տվյալ արատը, ֆիզիկական, կամ մտավոր թերությունը, կամ հիվանդությունն ունեցող անձը միանշանակ ազատվում էր ծառայությունից, ապա այժմ մի շարք հիվանդությունների դեպքում զինծառայողը համարվում է <<սահմանափակումներով>> պիտանի ծառայության համար: Այդպիսի հիվանդություններից է գիշերամիզությունը, որի դեպքում նախկինում ազատվում էին բանակից, իսկ այժմ համարվում են պիտանի սահմանափակումներով ծառայության համար:

Ընդհանուր զորամասում նրանց ստորացնում են

Տեղեկացնենք՝ գիշերային անմիզապահությունը ձեռք բերովի հիվանդություն է, որի հիմքում հաճախ կենտրոնական միզապարկի գործունեությունը կարգավորող նյարթերի խանգարումն է: Այն բնորոշ է հատկապես տպավորվող, անվստահ, անկայուն բնավորությամբ անձանց և որոշակի պահման ռեժիմ և պայմաններ է ենթադրում, որոնք զորամասերում բարդ է ապահովելը:

Այս արատով տառապող տղաները ծառայությունից դուրս, սովորական կյանքում կարողանում են թաքցնել իրենց տղամարդկային արժանապատվությունը խոցող առողջական խնդիրը, սակայն զորամասային պայմաններում այն ակնհայտ է դառնում շատերի համար, և առանց այդ էլ անվստահ երիտասարդները հայտնվում են հոգեբանորեն ճնշված վիճակում:

Երիտասարդ տղաները, որոնք ունեն այս խնդիրը պաշտոնական տվյալներով մոտ երկու հարյուրից ավելի են: Ըստ փորձագետների, իրական թվերն ավելի մեծ են: Գիշերամիզությամբ տառապող երիտասարդների համար ոչ պաշտոնական տվյալներով 4 զորամաս է գործում՝ Սիսիանում, Գյումրիում, Երևանում, Հոյկտեմբերյանում, շուտով պատրաստվում են նաև Իջևանում բացել: Կան ծառայության վայրեր, որտեղ առանձնացված զորամասեր գիշերամիզությամբ տառապողների համար չկան: Հիվանդ երիտասարդները ծառայում են ընդհանուր զորամասում, բայց քնում են առանձին ննջարանում: Նրանք հիմնականում տարածք մաքրողներն են, որոնց մյուսները տարատեսակ ստորացուցիչ անուններ են դնում:

Մենք արթնանում ենք «պադյոմին» ու տեսնում ենք, որ մեզ մոտ «խնդիր» է եղել

«Գիտե՞ք, ոնց են ծաղրում էդ երեխեքին: Զորամասի պայմանները պատկերացնում եք, երևի: Կհավատա՞ք, որ այնտեղ ամեն օր դոշակ լվանան: Հիմա իրենց կարծիքով գիշերվա խնդիրը լուծել են՝ էդ զինվորներին գիշերը աշխատացնում են, իսկ ցերեկը նրանք քնում են: Բայց ի՞նչ տարբերություն: Հիմա էլ ցերեկն են միզում տակները: Դրանից ոչինչ չի փոխվում>>, — բողոքում է գիշերամիզությամբ տառապող զինծառայողի հարազատը, որը մեզ հետ կապ էր հաստատել:

N զորամասի զինծառայող Ն.Ա-ն 2017 թվականի ամռանը պետք է զորակոչվեր, սակայն, երկու անգամ տարկետում ստացավ՝ վեց-վեց ամսով «գիշերային անմիզապահություն» ախտորոշման պատճառով: Երրորդ անգամ նրան զորակոչեցին, երբ կառավարության N 404-Ն որոշումն արդեն ուժի մեջ էր:

Նա Forrights.am-ի հետ անկեղծացավ պայմանով, որ չենք բացահայտի նրա անձնական տվյալները:

«Ամեն գիշեր մեզ մոտ վատ իրավիճակ է ստեղծվում, կապ չունի, որ մեր կողքինն էլ կարող է մեր նման թաց անկողնում արթնանալ: Մենք արթնանում ենք «պադյոմին» ու տեսնում ենք, որ մեզ մոտ խնդիր է եղել, օրակարգից ավտոմատ սկսում ենք շեղվել: Անկողինդ փոխում ես, գնում ես, լողանում ես, անընդհատ լարված վիճակում ես, նյարդային: Սավանները տալիս ենք լվացքատուն, լվացքի մեքենայով լվանում են, մենք գիշերը քնելուց գնում ենք, վերցնում ենք: Դոշակները չեն լվանում: Մենք «սուշիլկա» ունենք, դնում, չորացնում ենք»:
Մյուսների ուրախությունը՝ «ուվալնենին», իսկական գլխացավանք է այս տղաների համար, որից նրանք աշխատում են խուսափել:

Սա այն խնդիրն է, որի մասին ընտանիքի անդամներից բացի ոչ ոք չի իմանում

«Չենք ուզում դուրս գալ «ուվոլնենիների», — պատմում է Ն. Ա-ն, — եթե դուրս էլ գալիս ենք, մարդկանցից խուսափում ենք, որովհետև, ասենք, 90 տոկոսը քաղաքի տեղյակ է, որ այդտեղ այսպիսի զորամաս կա: Ամեն մեկին մի բան խաբում ենք: Ասում ենք՝ չէ, ո՞նց, ես ուրիշ զորամասից եմ, չէ, տենց որամաս չկա: Եթե հանկարծ իմանում են, մենք որ զորամասից ենք, չեք պատկերացնի, թե ինչ է սկսվում: Մենք անընդահատ ճնշված ենք մեզ զգում: Մեր զորամասում կա լողանալու հարմարությունը, բայց ոչ բոլոր զորամասերում արթնանալուց հետո կարող ես լողանալ: Մեզ սպորտից ազատում են, որ դու դուրս չգաս լողացած ու սառես, բայց ոչ բոլոր տեղերում են առավոտյան ֆիզծառայությունից ազատում»:

Հաճախ անմիզապահությամբ տառապողը քնում է նույն զորամասում առողջ բանակայինի կողքին: Նրանից զզվում են, նրան ծաղրի են ենթարկում, խուսափում են կողքը կանգնելուց անգամ, իսկ ճաշարանում նրա կողքը աշխատում են չնստել:

«Զորակոչվելուց հետո մենք վիճակահանության ժամանակ հատուկ «բառաբանից» ենք թղթիկները քաշում, — հիշում է մեր հերոսը, — վրան գրված է՝ ԾՀՈԿ — ծառայություն հեշտացված օրակարգացուցակով: Մենք «սբոռնի պունկտ» աշխատում ենք մենակ գնալ, մյուսները իրենց մանկության ընկերների հետ են գնում, բայց մենք էդ հաճույքից էլ ենք զրկված, որովհետև արդեն որ «սբոռնի պունկտում» ԾՀՈԿ-ից մի թուղթ ես քաշում, սաղ գիտեն, դու ով ես: Սա այն խնդիրն է, որի մասին ընտանիքի անդամներից բացի ոչ ոք չի իմանում: Անձամբ ես ցանկութուն ունեի դիմել ղեկավարությանը ասել, որ եթե չեն ուզում մեզ ազատել, գոնե մեզ նորմալ ծառայության ուղարկեն: Ճիշտ է, մենք մեջքի ու երիկամների ցավեր ունենք միշտ, բայց ավելի լավ է, մեզ ուղարկեն նորմալ ծառայության, թեկուզ դիրքեր, միայն թե մեր այս պրոբլեմի մասին ոչ ոք չիմանա, իրենք գաղտնիություն ապահովեն»:

Սահմանափակումներով ծառայելը գիշերամիզությամբ տառապողների համար նշանակում է ամբողջ օրը զորամասի տարածքը մաքրել: «Դ՞ա է մեր ծառայությունը: Եկել ենք ստեղ, զինվորի հագուստով դա պետք է անե՞ս, հ՞ա, դրա համա՞ր է մեզ պետությունը պահում: Դրա համա՞ր են մեզ զորակոչում բանակ: Խնդրում եմ, հարցրեք կառավարությունից, ինչ որ հույսեր կա՞ն, որ մեր վիճակը փոխվի, գոնե մարդիկ հասկանո՞ւմ են, ինչ են արել», — հարցնում է իր և ընկերների անունից Ն. Հ-ն:

«Նման ծառայությունն արդյունավետ չէ»

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը գտնում է, որ գիշերամիզությունը մեծ ստրես է բանակայինի համար, որը կարող է բերել ծայրահեղ հետևանքների:

«Մեր զորամասերում կա դեդովշչինա, թույլին ձեռք առնելու, ծաղրելու ավանդույթ, և նման երիտասարդներն նվաստացնում են: Հիվանդներին զորակոչելու հետևանքով կտրուկ ավելանալու են ինքնասպանության, հոգեկան սահմանային վիճակներում հայտնվելու, դրանց հասցնելու դեպքերը: Նրանց ծառայությունն ընդհանրապես արդյունավետ չէ»: Ըստ Համբարձումյանի, խստացնելով զորակոչի կարգը, պետությունը պետք է ամրապնդի նաև երաշխիքների համակարգը, քանի որ պատասխանատվություն է կրում զորակոչվող հիվանդների առողջական խնդիրների սրացման համար:

«Հասկանալի է, որ այդ խստացումների նպատակն ավելի շատ մարդ զորակոչելն է: Բայց ծառայության ընթացքում, ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում այդ հիվանդությունները սրվելու են, զինուժում դժբախտ պատահարների թիվը ավելանալու է: Սրան համապատասխան պետք է ավելանա պետության պատասխանատվությունը, դրա երաշխիքը, ինչը չկա, — նշում է փորձագետը, — սահմանների պահպանությունն ավելի հուսալի դարձնելու համար պետք է ոչ թե հիվանդներին զորակոչել, այլ գայթակղիչ դարձնել ծառայությունը առողջ երիտասարդների համար: Դա փորձում էր անել Վիգեն Սարգսյանը և բացարձակապես չի անում Դավիթ Տոնոյանը»:

Պաշտպանության նախարարությունում, կառավարությունում բազմաթիվ դիմում-բողոքներ են կուտակվել զինծառայողների ծնողներից, որոնք պահանջում են վերադառնալ նախկին կարգին:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Forrights.am-ի հետ զրույցում ընդամենը նշեց. «Այդ առողջական խնդիրն ունեցողները, այո, նախկինում տարկետում են ստացել»: Ավելի մանրամասն մեկնաբանություններ ստանալու համար նա հորդորեց գրավոր հարցում ուղարկել: Իսկ մեզ հետաքրքիր են հետևյալ հարցերը: Ներկա պահին ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ զորամասերում «գիշերամիզություն» ախտորոշմամբ քանի զինծառայող ունենք և ի՞նչ ընթացք է տրված երիտասարդների բողոքներին: Պատասխանները ստանալուն պես, կհրապարակվեն:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest