Դավիթ Հակոբյանը 2012թ-ին Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադում  ծառայության ժամանակ, որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու հետևանքով տեղափոխվում է «Մուրացան» հոսպիտալ, որտեղ նրան վիրահատում են: Վիրահատությունն անհաջող է անցնում:  Մեկ անհաջող վիրահատությանը  մի քանի ժամի տարբերությամբ հետևում է հաջորդ, ինչի հետևանքով վերջինս  հայտնվել է կոմայի մեջ: Որոշ ժամանակ անց՝ կոմայից դուրս գալուց հետո, Դավիթը նույնիսկ չի ճանաչում ծնողներին, խոսքը դառնում է ոչ լիարժեք:

Արդեն 1 տարի է, ինչ Դավիթը սայլակին է։ Վիրահատությունից հետո ձեռք է բերել ձախակողմյան թուլություն, հիմա էլ նա  ունի այդ խնդիրը:

Դավիթը մինչ օրս չի հասկանում թե վիրահատությունն ինչի համար է արվել, կարծում է, որ բժիշկները խնդիրն այլ են ընկալել, հետևաբար  էլ կատարել են սխալ  վիրահատություն: Նա պնդում է, որ  երկու վիրահատություններն էլ եղել են ոչ ճիշտ և ոչ  տեղին:

«Դեռ ամենասկզբից  դիմել ենք  շատ  կառույցների՝ ակնկալելով օգնություն թե´  ծանր վիճակիս, թե´ սխալ վիրահատության  համար։ Պաշտպանության նախարարությունը, դեռևս նախկին նախարար Սերյան Օհանյանի օրոք, ինձ խնդրել են, որ չբողոքեմ վիրահատող բժշկի դեմ և խոստացել՝ բուժումը շարունակելու նպատակով ինձ ուղարկել Գերմանիա։ Մինչ օրս այդ խոստումը միշտ ինչ-որ պատճառաբանությամբ հետաձգվում է»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Դավիթը։

Դավիթը դիմել է նաև նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն կրկին ապարդյուն՝ ոչ մի օգնություն: Անընդհատ արտերկիր գնալը ձգձգվում էր, սուտ խոստումներից էլ՝ արդեն հոգնել էր, ինչի պատճառով դիմեց ծայրահեղ քայլի։

«Անելանելի վիճակում հայտնվելով դիմեցի կեղծ ահազանգի՝ մի քանի անգամ զանգել եմ ոստիկանություն՝ ասելով, որ ՊՆ-ում ռումբ կա տեղադրված, այդ պատճառով  2015թ-ին դատապարտվեցի  մեկ ու կես տարվա ազատազրկման։ Կեղծ ահազանգի նպատակս եղել է այն, որ կարողանամ ՊՆ-ում  իմ բողոքը ներկայացնել՝ իրենց խոստումները չկատարելու մասին»,-ասում է Դավիթը:

Իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով, սխալ է դիմել նման ծայրահեղ քայլի․

«Տվյալ երևույթը՝ կեղծ ահազանգը, համարվում է հանցագործություն և ասել, որ իր ձայնը լսելի դարձնելու համար պետք է դիմի նման քայլի, կարծում եմ՝ սխալ է։ Դատարանը դժվար թե հաշվի առնի առողջական խնդիրներ ունենալու գործոնը, քանի որ, եթե տվյալ երևույթը չպատժվի, ապա շատ մարդիկ կսկսեն դիմել նման քայլի։ Դրա համար կա հստակ իրավական ճանապարհ՝ դիմել դատարան և պարտադրել, որ ՊՆ-ն զբաղվի Դավիթ Հակոբյանի բուժման գործով»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանի ևս շեշտում է՝ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է  իր վրա վերցնել Դավիթ Հակոբյանի բուժման գործընթացը, քանի որ առողջական խնդիրներն առաջացել են ծառայության ընթացքում.

«Փաստորեն ստացվում է, որ պետությունը մարդուն դարձնում է հաշմանդամ և առողջությունը վերականգնելու համար բուժման չի ուղարկում։ Բնականաբար սա  թե´ իրավական,  թե´ մարդկային տեսանկյունից սխալ է: Իսկ այն, որ 2015 թ-ին Դավիթին կեղծ ահազանգի համար դատապարտել են ազատազրկման, կարծում եմ, որ նրան դաժան պատիժ են սահմանել: Զուտ  իրավական տեսանկյունից կատարվածը, իհարկե, հանցագործություն է, սակայն կան հանգամանքներ, որոնք հաշվի չեն առնվել»: 

Թեմայի վերաբերյալ կապ հաստատեցինք Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս նշեց, որ հարցի վերաբերյալ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ թեման պահանջում է իրավական մոտեցում․

«Զուտ մարդկային տեսանկյունից՝ ցավում եմ ստեղծված իրավիճակի համար»,- հավելեց նա։

Դավիթը նշում է, որ  ՊՆ-ի կողմից  այն ժամանակ եղել է գումարային աջակցություն, սակայն դա բավարար չի եղել  լիարժեք բուժման համար:

Ինչպես նշում  է  «Իրավունքի զարգացման  կենտրոն» ՀԿ նախագահ, իրավաբան Վիոլետա Զոփունյանը, քանի որ  բժշկական սխալը  ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ, չի կարելի այն հստակ որակել որպես՝ բժշկի կողմից կատարված սխալ:

«Ամեն դեպքում հիվանդն իրավունք ունի իր խախտված իրավունքը վերականգնելու և իր առողջությանը հասցված վնասի փոխհատուցում պահանջելու, որը հնարավոր է անել դատական կարգով՝ քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով»։

Դավիթը հնարավոր բոլոր կառույցներին դիմել է, բայց ոչ մեկը չի ցանկանում խնդրին լուծում տալ։ Նա հույս չունի, որ երբևէ բուժումը կշարունակի արտերկրում, իսկ այդ ընթացքում իր առողջական վիճակը գնալով վատանում է:

«Սեփական երկիրս ինձ չի  աջակցում»․․․

Վերջերս Դավիթ Հակոբյանի  անունով հաշվեհամար է բացվել, որպեսզի, ինչպես նա է ասում, մի տոմսի  գումար  հավաքվի բուժումը Գերմանիայում շարունակելու համար:                                     

Մերի Գևորգյան

Pin It on Pinterest