«Սասնա Ծռեր 2» քրեական գործը կրկին դռնբաց կանցկացվի. դատարանը վերանայեց որոշումը

0
475

«Սասնա Ծռեր 2» քրեական գործը կրկին կանցկացվի դռնբաց. դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը և վերանայեց նախորդ նիստին՝ դատավարությունը դռնփակ շարունակելու մասին որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքի դիմաց այսօր հավաքվել էին «Սասնա Ծռեր» խմբավորման համակիրները: Նրանք չէին կարողանում մուտք գործել դատարանի շենք, քանի որ նախորդ նիստին դատարանը որոշում էր կայացրել այսուհետ նիստն անցկացնել դռնփակ՝ բացառությամբ լրատվամիջոցների: Դատարանի նմանօրինակ որոշման պատճառ էր հանդիսացել գործով տուժող ճանաչված Վալերիյ Օսիպյանի և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ խմբավորման համակիրների կողմից պարբերաբար հնչեցված բացականչությունները և վիրավորանքները տուժողների հասցեին:

Այսօր նիստի մեկնարկին, պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց վերանայել այս որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց ռեժիմով.

«Նման հնչեղության քրեական գործի քննությունը չի կարող անցկացվել դռնփակ ռեժիմով: Սահմանափակումն անհամաչափ է, քանի որ նախորդ նիստին ոչ բոլոր քաղաքացիներն էին խախտել դատական կարգը, ուստի պատշաճ վարքագիծ դրսևորած անձանց էլ զրկել դատավարական գործողություններին մասնակցելուց, մյուսներին էլ, դա արդեն անարդար է: Նիստեր դահլիճից կարող եք հեռացնել կարգը խախտած անձանց, բայց դա առիթ չպետք է հանդիսանա, որ նիստն անցկացվի դռնփակ»,- միջնորդության հիմքում նշեց պաշտպան Ղարագյոզյանը:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մեղադրող դատախազները՝ առարկեցին: Պետրոս Պետրոսյանը փաստեց, որ լրատվամիջոցների առկայությունը նիստերի հրապարակայնությունն ապահովում է, ուստի դատարանի որոշումն օրինական է և վերանայման կարիք չունի:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, լսելով կողմերին, որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը և նիստը շարունակել դռնբաց: Դատարանը, սակայն, շեշտեց՝ այնուամենայնիվ ապահովված էր գործի հրապարակայնությունը:

Դատական նիստը շարունավում է: Դատարանում այս պահին ցուցմունք է տալիս ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here