Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ միջավայր ստեղծելը մնում է Հայաստանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը, թեև օրենսդրական դաշտում առկա են մի շարք իրավական նորմեր և օրենքներ, որոնք թվում է, թե պետք է հեշտացնեին վերջիններիս ինտեգրումը հասարակության մեջ։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության՝  2018թ. հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված է եղել հաշմանդամություն ունեցող 188.000 անձ։

Թեքահարթակ, մայթերի անհամապատասխանություն, կրթական, բժշկական, ինչպես նաև տարբեր հաստատությունների անհարմարություն, հասարակական տրանսպորտ․․․ Խնդիրների այս ցանկը կարելի է թվարկել երկար։ Լուծումներ առաջարկում են բոլորը մտահոգվածները, սակայն փոփոխությունները չնչին են։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն առկա են ոչ միայն  Երևանում, այլ նաև Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռին ևս բացառություն չէ։

Լոռու մարզում այսօր հաշվառված են տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող 19.113 անձ, որոնցից մոտ 3.000-ը՝ սայլակ օգտագործողներ են, 1.100-ը` քայլակ օգտագործողներ, մոտ 1.500-ն էլ տեղաշարժվում են հենակներով: 

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը՝ Անուշ Ասլանյանի ղեկավարությամբ՝ «Մարդու իրավունքներ. մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում հետազոտություն է անցկացրել, որի նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ խթանելով ոլորտում հանրային քաղաքականության բարելավմանը։

Անուշ Ասլանյանը նշեց, որ խիստ կարևոր է բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնել նախ և առաջ քաղաքացիներին սպասարկող հանրային կառույցները՝ ներդնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովող միջոցներ: Ըստ նրա, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձը պետք է կարողանա մուտք գործել հանրային կառույցներ՝ խոսքը համապատասխան հնարավորությունների ապահովման մասին է: Ընդ որում մատչելիության ապահովումը չի ենթադրում միայն թեքահարթակների առկայություն շենքերում, այլ նաև բռնակների, հենակների, սեղանների, և այլ անհրաժեշտ հարմարանքների առկայություն․

«Հաշմադնդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է սոցիալ-միջավայրային հարմարեցում, որը հիմնականում կապված է մատչելի միջավայրի ապահովման հետ»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Անուշ Ասլանյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի ամենասկզբից իրենց առջև մի նպատակ է եղել՝ բացահայտել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հասանելիությունը․

«Ուսումասիրութունը՝ մոնիթորինգը, կատարել ենք երեք ուղղությամբ, առաջինը՝ ընտրել ենք թվով  15 պետական կառույցներ, որոնց մեջ մտնում են դատարանը, ԴԱՀԿ-ն, Դատախազությունը, Ոստիկանությունը, մարզպետարանը, քաղաքապետարանը նոտարական գրասենյակ և այլն»,-ասաց ասաց Անուշը, մանրամասնելով՝  այդ կառույցների ընտրությունը կատարվել է` ելնելով նրանց կողմից սպասարկվող բնակիչների թվաքանակից:

Ընտրվել են այն կառույցները, որոնք Վանաձորից բացի, սպասարկում են նաև հարակից բնակավայրերի բնակիչներին։

Ուսումնասիրությունը կատարել են  տվյալ կառույցների միայն ֆիզիկական մատչելիության հարթության վրա՝ ռեսուրսների և ժամանակի սղության պատճառով, սակայն դա մեծ առավելություն դիտարակեց ՀԿ ղեկավարը, քանի որ հնարավորություն էր ընձեռվել ավելի խորը և ավելի մանրամասն ուսումնասիրել ոլորտը՝  ֆիզիկական մատչելիության տեսանկույնից․

«Կառույցների ընտրության մյուս կարևոր պատճառներից մեկն էլ այն էր, որ առկա էր «եզակիության», «այլընտրանք չլինելու» հանգամանքը, այսինքն, եթե տվյալ անձը ֆիզիկական անմատչելիության հետևանքով չի կարողանում մուտք գործել ներս և վերջինիս ծառայություններից օգտվել, ապա նմանատիպ այլ կառույց չկա, որ իր հարցի լուծումը ստանա։ Կոպիտ ասած՝ վարսավիրանոց չի, որ այստեղ չլինի, այլ տեղ գնաս»,- ասաց Անուշ Ասլանյանը։

Այդ կառույցները մատչելիության տեսանկյունից ուսումնասիրվել են դրսից և ներսից, անհատական հարցազրույցներ են անցկացվել վերոնշյալ 15 պետական կառույցների պատասխանատուների հետ, որպեսզի բացահայտեն, թե վերջիններս,  ընդհանրապես, մատչելիություն ասելով ի՞նչ են հասկանում։

Շատ դեպքերում կառույցների աշխատակիցները զարմանում են, թե ինչ է անում իրենց շենքում հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձը․

«Մտածում են, թե հաշմանդամություն ունեցող անձը պետք է պոլիկլինիկաների հետ կապ ունենա կամ էլ բժիշկների։ Չեն մտածում, որ այդ մարդիկ կարող են ուսանողներ լինել և պրակտիկա անցնել»,-իր վրդովվմունքը հայտնեց նա։

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ նշված հաստատությունների ղեկավարների կարծիքով իրենց հաստատությունների 40 %-ը հիմնականում մատչելի են, 46 %-ի կարծիքով` մասամբ են մատչելի, միայն 14 %-ն է գտնում, որ իրենց հաստատությունն առհասարակ մատչելի չէ: Նրանցից 40 %-ը նախատեսում է կառույցի բարելավում, իսկ 53 %-ը չի նախատեսում, 7 %-ն էլ գտնում է, որ բարելավումն իր իրավասության մեջ չի մտնում։

Մոնիթորինգի շրջանակներում, հեռախոսի միջոցով հարցումներ են իրականացվել  թվով  200 հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց հետ, որպեզի պարզ լինի, թե տվյալ 15 պետական կառույցների ծառայություններից օգտվե՞լ են, թե՞ չէ, եթե  օգտվել են՝ ի՞նչ խնդիր է եղել, եթե չեն օգտվել՝ պատճառը և այլ մանրամասներ։

Հարցմանը մասնակցած հենաշարժողական խնդիրներ ունեցողների 40 %-ը տանից դուրս է գալիս միայն անհրաժեշտության դեպքում, նրանցից միայն 6 %-ն է ըստ ցանկության դուրս գալիս: 54 %-ն էլ նշել է, որ և՜ անհրաժեշտության, և՜ ցանկության դեպքում փորձում է դուրս գալ:

Անուշ Ասլանյանը փաստեց, որ 15 պետական կառույցների ուսումնասիրության արդյունքների հիման վրա  «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն կազմել է զեկույց, որն առաջիկայում կհրապարակի։

 «Կառույցների մեծ մասը թեքահարթակ չի ունեցել, որն էլ ունեցել է՝ ստանդարտներին չի համապատասխանել, դռների լայնքը ևս չի համապատասխանել միջազգային ստանդարտներին, ինչպես նաև սանհանգույցները։ Այդ պետական կառույցների անմատչելիությունը՝ հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար, ավելի բարձր տոկոս է կազմում»,-ասաց նա, հավելելով՝ առաջիկայում հանդես կգան նաև առաջարկությունների փաթեթով։

Առաջարկում են  սանկցիաներ կիրառել այն այն անձանց նկատմամբ, ովքեր շենք կառուցելիս չեն համապատասխանեցնում հաշմանդամություն ունեցող անձանց համար․

«Սա պայքարի հարց է, ամեն անգամ բարձրաձայնում ենք, բայց կարծես թե մեր պետությանը ձեռք չի տալիս սանկցիաներ կիրառելը։  Այսինքն, ինձ թույլտվություն տվողները պետք է նախօրոք գան, ստուգեն և  եթե շենքի մատչելիությունը չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապա կամ չտան, կամ էլ տուգանք նշանակեն»,-ասաց նա՝ կարևորելով օրենքով պատժամիջոցներ սահմանելու գաղափարը, որը մի քիչ կսթափեցնի։

ԽՍՀՄ-ից բաժին հասած շենքերում գտնվող պետական կառույցների հարմարավետության մասին ևս մտածել են, առաջարկում են՝  առաջին հարկում, մոտավորապես 2 քառակուսի մետրանոց փոքրիկ սենյակ հատկացեն նրանց․

«Հաշմանդամություն ունեցող անձը կգա, կդիմի տվյալ հաստատությանը, իր խնդրով զբաղվող աշխատակիցը կմոտենա և անհատական խորհրդատվություն կիրականացնեն։ Հիմա այդ սենյակը չկա ու որոշ դեպքերում հանդիպումը իրականացնում են միջանցքում, ինչը տվյալ անձի արժանապատվությանը հարիր չէ։  Հնարավոր է, որ խնդիրդ անձնական է և դու չես ուզում, որ ինչ որ մեկը լսի այն։ Առաջարկվող այս տարբերակը ֆինանսական որևէ բեռ չի»,- ավելացրեց Անուշ Ասլանյանը։

Հավելենք, որ հետազոտությունն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: Ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կոնսորցիումի անդամ հանդիսացող «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Իրավունքի Ուժ» և «Ազատ Լրագրողներ» ՔՀԿ-ների համագործակցությամբ: Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ գործող կոնսորցիումի միջոցով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest