Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասների նկատմամբ մահակով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբոր՝ Սարգիս Հակոբյանի և ընկերների գործով դատական նիստը:

Այս գործով տուժող է ճանաչվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս  որդին՝ Դավիթ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Գագիկ Ազարյանին, Սարգիս Հակոբյանին, Սարգիս Բաղդասարյանին և Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելու մեջ, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով։

Այսօրվա նիստի ժամանակ դատավորը որոշում կայացրեց, որ  հրապարակվի վկաներից Գևորգ Ստեփանյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս տեղեկացրել է, որ բացակայում է հանրապետությունից։

Գևորգ Ստեփանյանն  իր ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը ինքը պատվերով ուղևորներ էր տեղափոխում և հասնելով Այվազովսկու փողոց՝ նկատել է, որ ճանապարհի աջակողմյան երթևեկելի հատվածը փակ է, «Տոյոտա կորոլա» մակնիշի մի  մեքենա կայանված էր ճանապարհի աջակողմյան և հանդիպակաց երթևեկելի հատվածները բաժանող հոծ գծի վրա։

«Ավտոմեքենան հասնելով ցուցարարներին, դրա միջից չեմ հիշում, թե որ ուղևորը ձեռքը դուրս էր հանել մեքենայի պատուհանից և խոսում էին մեքենային մոտեցած ցուցարարների հետ։ Այնուհետև այդ ավտոմեքենայից դուրս եկան չորս հոգի, մոտեցան ցուցարարներին և զրուցում էին միմյանց հետ ու նրանց միջև վիճաբանությունը վերածվեց ծեծկռկտուքի ։ Չեմ տեսել, թե ով ում քանի անգամ է հարվածել, սակայն իմ հիշելով մի երիտասարդ տղայի, որը շիկահեր էր և նրա ուսերին առկա էր Հայաստանի եռագույնը, ձեռքերով և ոտքերով հարվածում էին։ Հետո «Տոյոտա կորոլա ավտոմեքենայից դուրս եկած տղաները նստեցին հետ մեքենան և հեռացան»,- նշված է Գևոգ Ստեփանյանի նախաքննական ցումունքում։ Վերջինս նաև նշել է, որ  երիտասարդներից ոչ մեկին չի ճանաչում։    

Վկաներից երկուսը չէին ներկայացել դատարան, նրանցից մեկի վերաբերյալ դատարանը կայացրեց բերման ենթարկելու մասին հիշեցման որոշում, իսկ մեկ այլ վկայի նկատմամբ կկատարվի համապատասխան հարցում, վերջինս տեղեկացրել է, թե բացակայում է երկրից և գտնվում է բուժման մեջ։

Այսօրվա նիստին տուժող կողմը ներկա չէր։

Լիլիթ Թադևոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest