«Սամվել Բաբայանին կառաջարկեի մինչև ընտրությունները, հասարակ մարդու կարգավիճակով գա, ապրի»

0
2156

Forrights.am-ի հարցերին պատասխանում է Արցախի «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, «Ազատության» հետ զրույցում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ԼՂ խնդրի մանդատային լուծում առաջարկեց, որ ԼՂ-ն դառնա առանձին մանդատային տարածք, որի վրա տարածվի որևէ միջազգային կազմակերպության կամ գերտերության մանդատ: Այս տարբերակը որևէ կերպ քննարկվե՞լ է Արցախում և դրա կողմնակիցներ կա՞ն:

Կա լուծման մի տարբերակ, որը մենք տեսնում ենք, մնացած բոլոր տարբերակները մենք համարում ենք հակահայկական և հակաարցախյան: Այդ տարբերակը միակն է՝ Հայաստանի և Արցախի միացումը: Դրանից բացի մյուս բոլոր տարբերակները, եթե կանխամտածված են ասում, դավաճանություն է, եթե կանխամտածված չեն ասում, խորհուրդ կտայի չխոսեն՝ ի հակառակ Արցախի և արցախցու:

Արցախում չկա՞ն մարդիկ, որ համաձայն են այդ տարբերակին:

Ես նման բան առաջին անգամ եմ լսում: Դա անընդունելի տարբերակ է: Դա անջատողական տարբերակ է: Տպավորություն ունեմ, որ մարդիկ ուզում են Արցախը դարձնեն անկախ միավոր՝ պարզապես պաշտոնավարելու համար:

Ձեր կարծիքով, Սամվել Բաբայանն Արցախում մոտավորապես որքա՞ն կողմնակից ունի, քանի որ մարտից ստորագրահավաք է նախաձեռնելու:

Դա իր իրավունքն է, թող ինչ ուզում է, անի: Եթե կաջակցեն, թող աջակցեն: Բայց համոզված եմ, որ ստանալու է 1 կամ 1.5 տոկոս, այն էլ այն մարդկանց, ովքեր նոստալգիայով սպասում են իրենց նախկին դիրքերի վերականգնմանը Արցախում: Բայց ինչ էլ անի, ես իրեն կառաջարկեի գոնե մեկ տարի, մինչև ընտրությունները, հասարակ մարդու կարգավիճակով գա, ապրի Արցախում: Թե չէ դուրս է գալիս, որ ինքն ուզում է անպայման որպես առաջին դեմք Արցախում ապրի: Իսկ մենք առաջիկայում դիմելու ենք խորհրդարանական ուժերին, որ Արցախում սահմանադրական փոփոխություն լինի ու նախագահական ինստիտուտը հանվի, Արցախը դառնա պառլամենտական պետություն: Հայաստանին միացման փուլերից մեկը հրաժարվելն է նախագահական համակարգից, որպեսզի մնան խորհրդարանն ու կառավարությունը: Բայց ոչ Հայաստանի պառլամենտական համակարգի նման, որովհետև Հայաստանում միապետական համակարգ է, չնայած կոչվում է պառլամենտական: Սուպերվարչապետական ներկա համակարգը տոտալիտար ռեժիմ է, միապետական կառավարման ձև է, որը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի համար: Ցավոք սրտի, դա այդպիսին էլ մնաց: Բայց մենք այդպիսի համակարգ չենք ուզում, այլ հավասարակշռված իշխանություն՝ կառավարություն և ԱԺ: Իսկ ամենաուշը հինգ տարի հետո պետք է պաշտոնական Երևանը Արցախում նշանակի մարզպետ:

Հնարավո՞ր է Արցախում քաղաքական ուժեր կան, որոնք Սամվել Բաբայանին պարտադրում են, ինչպես ինքն է ասում, առաջադրվել նախագահի թեկնածու:

Չեմ հանդիպել նման քաղաքական ուժի և տեղեկություն չունեմ: Ես առաջին անգամ եմ լսում, որ հանրային նման պահանջ կա: Եթե կա ինչ-որ շրջանակ, որ պահանջում է, ապա դա իրենց իրավունքն է: Իրենք կարող են օգտվել իրենց իրավունքից:

Իսկ Դուք ո՞ւմ եք տեսնում որպես Արցախի հաջորդ ղեկավար: Օրինակ՝ Արթուր Աղաբեկյանն այսօր հայտարարել է, որ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը այլընտրանք չունի որպես Արցախի հաջորդ նախագահ:

Դե, Արթուր Աղաբեկյանն էդպես կասի, Վիտալի Բալասանյանը կամ Բակո Սահակյանը մեկ ուրիշ ձև կասեն: Բայց մենք ասում ենք, որ կառավարման համակարգը պետք է փոխվի, չպետք է լինի նախագահական ընտրություն: Բայց եթե այդ փոփոխությանը չհասնենք, ապա նախագահական ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար, և բոլորն էլ իրավունք ունեն մասնակցելու:

Սամվել Բաբայանը «Ազատութանը» ասաց, որ Սերժ Սարգսյանը 2017-ին բանակցել է Արցախի իշխանության հետ զիջումների շուրջ: Նաև անուններ նշեց: Ձեզ այդ մասին ինչ-որ բան հայտնի՞ է:

Դա եղել է 2016 թ-ին, ոչ թե 2017: Եղել է հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, և այդ օրը անկախ իրարից երեք տեղ այդ հարցը քննարկվել է: Շուշիում իմ և Արա Պապյանի նախաձեռնությամբ քննարկում է եղել Արցախի ու Հայաստանի մտավորականների ու քաղաքական ուժերի մասնակցությամբ և ընդունվել է հռչակագիր, որ տարածքները զիջման առարկա չեն: Նույն օրը Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում 88-ի Շարժման տարիների ակտիվն էր հավաքել, հիմնականում իր շրջապատի ներկայացուցիչներին, այսպես ասած՝ հեղինակավոր մարդկանց: Այդտեղ իրենք քննարկել են, թե որ տարածքները ինչպես պետք է հանձնեն: Ես չեմ կարող հիմա պաշտոնական հայտարարել՝ ինչ են ասել այնտեղ, բայց մասնակիցները պատմել են: Այդ օրը իրենց մոտ եղել է քննարկումը, թե ինչպես պետք է ժողովրդին մարսել տան այդ միտքը, զիջումները: Այդ նույն օրն էլ գիշերը, լույս առավոտյան Սասնա ծռերը կատարեցին ապստամբություն: Եվ սա է հետ պահել Սերժ Սարգսյանին, որ նա դա չիրականացնի: Բայց հետո Սերժ Սարգսյանը փորձում էր 2018-ին վերսկսել այդ գործողությունները, ինչը որ հաջողության չհասավ և եղավ այն, ինչ- որ այսօր ունենք:

Մինչդեռ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի այդ հայտարարության առթիվ ասել է. «Հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի»։ Այս առթիվ ի՞նչ կասեք:

Ես կողջունեի, եթե ինքը դա ասեր այն ժամանակ, բայց հիմա եթե ասում է, դա իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում: Լավ կլիներ, որ դա նա ասեր այն օրերին:
Իհարկե, Սերժ Սարգսյանը Արցախի իշխանություններից չէր թաքցնում իր նկատառումները, և իհարկե, ստորագրվել են Մադրիդյան սկզբունքները, Մոսկովյան հռչակագիրը, Կազանյան համաձայնագիրը, քանի որ Արցախի իշխանությունները հանդիսանում էին պաշտոնական Երևանի կամակատար շարունակությունը, ոչ մի հարցով չէին ընդդիմանում Սերժ Սարգսյանի ու նրա նախորդների որոշումներին: Մադրիդյան սկզբունքները իրենցից ներկայացնում են միայն միակողմանի զիջում: Թե որն է Ադրբեջանի զիջումը, էնտեղ նշված չի: Դա ես համարում եմ Հայաստանի և Արցախի իշխանությունների մեծագույն ամոթը:

Իսկ Հայաստանի ներկա իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցի լուծման առումով ի՞նչ արձագանք են ունենում այդտեղ:

-Արցախի ներկա իշխանությունները Հայաստանի նոր իշխանության ցանկացած հայտարարություն մանիպուլատիվ ձևով են ներկայացնում. Իբրև նրանք հող հանձնող են, իսկ իրենք հող պահող են: Այնինչ բարոյական իրավունք չունեն, քանի որ եթե ասող էին, պիտի նախկին իշխանության ժամանակ նման հրապարակային հայտարարություններ անեին, ընդդիմանային: Որովհետև ՀՀ նախորդ իշխանության կամակատար շարունակությունն էին, իսկ Հայաստանի այս իշխանությանն իրենք դեմ են, ուզում են հանդիսանալ հակահեղափոխության կենտրոն ու հնի վերադարձն ապահովեն:

Այսօր տեսակետ կա, որ Արցախի իշխանությունը դեռևս Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ազդեցության ներքո է: Դա ճի՞շտ է:

Միանշանակ:

Իսկ Սամվել Բաբայանի կամ Արայիկ Հարությունյանի հնարավոր ընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում ռիսկեր կարո՞ղ է պարունակել Հայաստանի նոր իշխանության համար:

Եթե Արցախի ժողովուրդը պաշտպանի նախորդ իշխանություններից որևէ մեկի թեկնածությունը, այդ թվում՝ Սամվել Բաբայանի, իսկ Սամվել Բաբայանին ես համարում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչ, դա դրական փոփոխություն չի բերի, կխորացնի ճգնաժամը Արցախում, նաև կխորանա Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը:

Իսկ ո՞ւմ եք Դուք տեսնում:

Նոր, առողջ ուժերի:

Հանձինս՝ Ձե՞զ: Հնարավո՞ր է Դուք ևս առաջադրվեք:

Նման ծրագրեր դեռ չունենք: Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ լինեն արտահերթ ընտրություններ, Բակո Սահակյանը ժամանակից շուտ հրաժարական տա ու նոր խորհրդարան ընտրվի, լինի խորհրդարանական կառավարում: Արդյունքները ցույց կտան արդար ընտրությունները: Դրա համար Բակո Սահակյանը պետք է վաղաժամ հրաժարական տա, որը չօգտագործի լծակները ու իր թեկնածուին չփոխանցի իշխանությունը: Որպեսզի իրական իշխանափոխություն լինի ընտրություններով:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here