«Պետությունը՝ հանձինս նոր կառավարության, ցանկանում է հակակոռուպցիոն պայքարը տեսնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա»․ Կարեն Զադոյան

0
277
Կարեն Զադոյան

Հակակոռուպցիոն պայքարի, դրա մեխանիզմների և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փաստաթղթերի և գործընթացների տեսլականի  մասին զրուցել ենք Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ։

-Հակակոռուպցիոն պայքարի գործընթացն անմիջապես սկսվեց նոր իշխանության փոփոխվելուց հետո․ ինչպե՞ս ընթացավ այդ գործընթացը, ի՞նչ վիճակում է և արդյո՞ք դա այդպես պետք է սկսվեր։

 -Հակակոռուպցիոն պայքարը երեք հենասյուների վրա է  հիմնված՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելելու և պատժի անխուսափելիություն։

Երբ որ նայում ենք, թե նախկին իշխանությունների համար այս երեքից  որն էր առաջնայինը, մենք տեսնում ենք, որ հիմնական գործողությունները, որոնք իրականացնում էին, դա հակակոռուպցիոն կանխարգելման այս մեխանիզմի շրջանակներում էր իրականացվում ու նախկինում հասարակական կազմակերպություններն ու հանրությունը բարձրաձայնում էին՝ բա ո՞ւր է պատժի անխուսափելիությունը, ինչո՞ւ կոռուպցիոներների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում և չեն բացահատվում կոռուպցիոներները։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարաում էր, որ «խոշոր ձկներին պետք է գլխից բռնել»  և դա հայտարարության մակարդակում էլ մնաց․ այդպես էլ «խոշոր ձուկ» իրենք չբռնեցին, չնայած տրված  հսկայական մեխանիզմներին, որ նաև քաղհասարակությունը տվել էր նույն ապօրինի հարստացման քրեականացման մեխանիզմի շնորհիվ։

Թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարությունը ձևավորվեց վարչապետի գլխավորությամբ, և արդեն հիմնական խնդիրը դրվեց հակակոռուպցիոն պայքարի երրորդ բաղադրիչի վրա՝ պատժի անխուսափելիության և փորձեց ամբողջ համակարգը պայքարել կոռուպցիայի դեմ։ Երբ որ ինչ-որ մեկը պաշտոնի էր նշանակվում՝ հայտարարում էր, որ իր հիմնական նպատակը կոռուպցիայի բացահայտում է և հախուռն սկսվեց այս գործընթացը, և քրեական գործեր հարուցվեցին։ Դեռևս վաղ է գնահատականներ տալ, որովհետև քրեական գործեր հարուցելը մի բան է, դատարանում մեղադրանքները պաշտպանելը և վերջնական դատավճիռներն ունենալը՝ այլ բան։

Ես գտնում եմ, որ վաչապետի կողմից այս նախաձեռնությունը շատ կարևոր է, որովհետև  հանրությունը ցանկանում էր տեսնել կոռուպցիոն գործերով բացահայտումները, բայց կարելի է ասել, որ դա ամբողջական չէ և կոռուպցիայի դեմ պայքարը պետք ամբողջական կերպով տարվի, որպեսզի արդյունքները նվաճվեն։

-Մենք պե՞տք է տեսնենք բովանդակային պայքարը կոռուպցիայի դեմ և այն մեթոդոլոգիան որով տարվում են այդ աշխատանքները։

Պետք է ամեն ինչը լինի համակարգված ձևով։ Ներկայումս քննարկումների է դրվել Հակակոռուպցիոն ռազմավարության  2019 և 2022 թվականների միջոցառումների ծրագիրը․ սա նշանակում է, որ պետությունը՝ հանձինս նոր կառավարության, ցանկանում է հակակոռպցիոն պայքարը տեսնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։

Կցանկանայի խոսել հստակ ռազմավարության ընդունման գործընթացի մասին, որը շատ կարևոր է, և գործընթացը հիմնականում պետք է հիմնված
լինի հայտնի միջազգային փորձի և սկզբունքների վրա։

Դրա մասին խոսվում է Կոալա Լումպուրի հայտնի հայտարարության մեջ՝ 2013 թվականի, որտեղ հավաքվել էին Արևելյան Ասիայի, Հարավային Ասիայի, Հարավարևելյան Ասիայի հակակոռուպցիոն գործակալությունների ղեկավարներ, ազգային պետությունների քաղաքականություններ մշակող մարմինների ղեկավարներ, ամբողջ աշխարհից փորձագետներ, ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներ և այլ փորձագիտական և մասնագիտացված կազմակերպություններ և եկան մի հայտարարի, թե ինչպես պետք է ռազմավարությունները նախագծվեն և ընդունվեն տարբեր պետություններում։

Մենք կարծում ենք, որ սա ունիվերսալ փաստաթուղթ է, որը պետք է դրվի պայքարի հենքում, և մենք հայտարարել ենք այդ մասին, ինչպես նաև առաջարկել Կառավարությանը։

Կոալա Լումպուրի փաստաթղթով հակակոռուպցիոն պայքարը երեք հիմնական գործողությունների է բաժանվում, առաջինը՝ գործընթացն է, որտեղ կան մի շարք սկզբունքներ։

Հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացը սկսելուց պետք է հաշվի առնվի տվյալ պետության, դիցուկ մեր դեպքում՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային համատեքստը, երկրորդ՝ պետք է նպատակը հաշվի առնենք․ հիմնական նպատակի տեսլականի շուրջ պետք է ունենանք համաձայնություն։

Մյուս սկզբունքը դա ներառականությունն է, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը պետք է քննարկվի տարբեր խմբերի, քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների, արդյունաբերական և բիզնես կազմակերպությունների հետ և պետք է այդ փասաթղթի մեջ իրենց ներդրումն ունենան այդ բոլոր հանրության խմբերը։ Նշեմ նաև, որ փաստաթուղթը պետք է ներկայացվի հանրությանը և հետադարձ կապը ապահովվի։

Ամենակարևորը, երբ որ նախատեսվում է ռազմավարություն մշակել անհրաժեշտ է քաղաքական կամք և բավարար ֆինանասական միջոցներ։

-Ի՞նչ եք կարծում՝ Կառավարության ձևավորումից հետո ավելի համակարգված և ավելի արդյունավետ կլինի՞ այդ պայքարը։

-Կարծում եմ, որ արդեն Կառավարության ձևավորումից հետո բոլոր նախադրյալները կլինեն, որ ոչ միայն այս ռազմավարությունը վերջնական մշակվի, քննարկվի, այլ նաև բովանդակային բաղադրիչները ներառվեն, թե ինչ է ուզում հանրությունը, որ արվի և հետևողականորեն իրականացվի։

Հանրությունը ցանկանում է մեկ բան՝ կոռոպցիոներները պատժվեն,  թալանվածը հետ բերվի, կանխարգելիչ միջոցառումներ կատարվի, որպեսզի կոռուպցիա չլինի և նաև կրթության մակարդակը բարձրանա։

Հիմա մենք պետք է անցնենք կենտրոնացված մոդելի և մենք առաջարկել ենք կոռուպցիայի անկախ մարմնի  ունիվերսալ մոդելը, որը հնարավորություն կտա և՛ հակակոռուպցիոն կրթություն, և՛ կանխարգելում, և՛ պատժի անխուսափելիություն, բայց դրա հետ մեկտեղ  մենք պետք է կարողանանք զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի դատախազության կարողությունները, որպեսզի համահունչ լինի այն բարեփոխումներին, որն իրականացնում ենք։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հարցազրույցը վարեց՝ Ժաննա Ալեքսանյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here