Forrights.am-ի հարցերին պատասխանում է «Մարտի 1-ի» գործով նախկին մի շարք դատապարտյալների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն 4 վճիռ է կայացրել «Մարտի 1-ի» գործով: Այդ վճիռները ի՞նչ ազդեցություն պետք է ունենան Հայաստանի դատաիրավական համակարգի վրա, Ձեր կարծիքով:

— Մենք խնդիր ունենք Հայաստանում անկախ, բնականոն գործող դատական իշխանություն ձևավորելու: Որովհետև այն համակարգը, որը գործել է անցած տարիների ընթացքում դատական իշխանություն կարելի է կոչել միայն մեծ վերապահումով: Դատական իշխանությունը չի գործել անկախ և մեծ կախվածություն է ունեցել գործադիր իշխանությունից: Դրա լավագույն վկայությունն են հենց ՄԻԵԴ-ի կողմից կայացված բազմաթիվ գործերով վճիռները: Ես կառանձնացնեի հենց «Մարտի 1-ի» գործերով մինչ օրս կայացված 4 վճիռները, որոնցով ոչ միայն ճանաչվել է դիմող անձանց եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք իրավունքների խախտումների փաստը, այլև այդ գործերից ես կառանձնացնեի «Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը, որից ուղղակի կամ անուղղակի կերպով հետևում է, որ «Մարտի 1-ի» գործերով իրականացվել է ուղղորդված կամ կազմակերպված հետապնդում: Էն բոլոր դատավորները, որոնք ժամանակին քննել են «Մարտի 1-ի» գործերը և դատապարտել են բոլորովին անմեղ անձանց չկատարած արարքների համար տարբեր պատիժների, էդ բոլոր դատավորների պատասխանատվության հարցը պետք է բարձրացվի: Նրանցից դատական համակարգը պետք է ազատել ուղղակի: Դեռևս 2008-2009 թթ-ին, երբ այդ գործերը քննվում էին Հայաստանի ներպետական ատյաններում, մենք բազմիցս դատարանների, նաև հանրության ուշադրությունն ենք հրավիրել այն փաստերի վրա, որ դրանք բացարձակապես շինծու մեղադրանքներ են, հիմնված են կեղծ ապացույցների վրա: Օրինակ՝ ոստիկանության աշխատակիցների սուտ ցուցմունքների վրա, ինչպես նաև մի շարք այլ կեղծված ապացույցների վրա: Այսինքն՝ այդ անձանց նկատմամբ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում՝ քաղաքական շարժառիթներով:

-Սակայն անգամ ՄԻԵԴ-ի վճիռներով այդ գործերը չէ՞ որ դեռ պետք է քննվեն Հայաստանում և դրանց վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացվի այստեղ:

-ՄԻԵԴ վճիռներից հետո արդեն այդ 4 գործերից 3-ով ներկայացվել են նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոքներ: Տեղյակ եմ, որ Մուշեղ Սաղաթելյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացրել են ինչպես Սաղաթելյանի պաշտպանները, այնպես էլ գլխավոր դատախազությունը: Ես ինքս վերանայման վարույթ հարուցելու պահանջով ներկայացրել եմ բողոք Մասիս Այվազյանի և Գրիգոր Ոսկերչյանի գործերով, իսկ Վարդգես Գասպարիի գործով առաջիկա օրերին նույնպես կներկայացվեն համապատասխան բողոքները: Բնականաբար, էն բոլոր դատական ակտերը, որ ներկայացվել են ժամանակին ներպետական դատական ատյանների կողմից, ՄԻԵԴ-ի վճռից հետո պետք է բեկանվեն և ներպետական մակարդակում էդ անձինք պետք է անպարտ ճանաչվեն իրենց առաջադրված մեղադրանքների մասով:

-Ի՞նչ ճանապարհ եք տեսնում, որ «Մարտի մեկի» գործով ժամանակին վճիռներ կայացրած դատավորները, որոնց վճիռներն այսօր ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչում, հեռացվեն համակարգից:        

— Դեռևս Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո հույս կար, նաև հանրային մեծ պահանջ կար, որ դատական իշխանությունը ենթարկվի լրջագույն ռեֆորմի: Դատական համակարգի առավել օդիոզ դեմքերից ազատվելու հանրային պահանջ կար, բայց համապատասխան քայլերն էդ ուղղությամբ դանդաղեցին ու տեղի չունեցան: Ընդամենը գործադիրի կողմից հայտարարվեց, որ դատական իշխանությանը որևէ միջամտություն այսուհետ այլևս բացառվելու է, դատավորները ազատ են և կարող են իրականացնել արդարադատություն: Դա սխալ մոտեցում էր, որովհետև էն դատավորները, ովքեր տարիներ շարունակ քաղաքական հետապնդման գործիք են հանդիսացել և իրենց կայացրած դատավճիռներով կամ այլ դատական ակտերով վավերացրել են դատախազության մեղադրանքները բոլորովին անմեղ մարդկանց նկատմամբ կամ մարդկանց ունեզրկումն են հաստատել իրենց վճիռներով: Օրինակ՝ պետական կարիքներ համար մարդկանց գույքը վերցնելու գործերով: Եվրոպական դատարանի վճիռներից հետո, ես գտնում եմ, որ հիանալի հնարավորություն է առաջացել, որպեսզի էդ բոլոր դատավորներից մենք ազատվենք: Այդ դատավորների մի մասի նկատմամբ, ես գտնում եմ, որ պետք է քրեական հետապնդում իրականացվի՝ իրենց կողմից կայացված ակնհայտ ապօրինի և անարդար դատական ակտերի համար, որոնցով քրեական պատիժների են ենթարկվել բոլորովին անմեղ մարդիկ, ովքեր իրականում չեն կատարել էն արարքները, որոնց համար դատապարտվել են: Հաջորդ խումբը, պետական կարիքների պատրվակով մարդկանց ունեզրկելու վերաբերյալ գործեր քննած դատավորներն են, որոնք եթե ոչ քրեական պատասխանատվության, ապա նրանց դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն: Երրորդ խմբում ես կառանձնացնեի խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների գործերը քննած դատավորներին, որովհետև որպես այդ գործերով զբաղված փաստաբան, կարող եմ ասել, որ այդ գործերից որևէ մեկով արդյունավետ քննություն չի իրականացվել՝ զոհված զինվորների մահվան համար մեղավոր անձանց բացահայտելու և քրեական պատժի ենթարկելու համար:

Փաստաբանի հետ հարցազրույցի շարունակությունը դիտեք տեսանյութում: Մարինե Խառատյան          

Pin It on Pinterest