ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ օրերս հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը և Անդրանիկ Գևորգյանը դադարեցրել են հացադուլը:

«Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ բացելու, բայց առաջիկայում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ սկսելու ենք քննարկումների եւ հանրային լսումների շարք` կազմելու մեր համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզը։

Շնորհակալ եմ եւ գնահատում եմ, որ իմ հորդորով այսօր հացադուլը դադարեցրեցին դատապարտյալներ Վաղարշակ Ավետիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը, որոնց առողջական վիճակը բավականին լուրջ էր։ Որպեսզի էլի չասենք` ուշացանք, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում Անդրանիկ Գեւորգյանի եւ Մուշեղ Պողոսյանի առողջական խնդիրների վրա։ Երկուսի վիճակն էլ վատ է, շատ վատ։

Լուրջ վերանայման կարիք ունի նաև լրագրող Արմենակ Դավթյանի, ինչպես նաև դատապարտյալ Սամվել Խաչատրյանի գործերը: Այս երկու գործերում բազմաթիվ խնդրահարույց դրվագներ կան։ Սամվել Խաչատրյանի գործը, ըստ իս, սպիտակ թելերով է կապված:

Առաջիկա օրերին Մարդու իրավուքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրելու է արդարադատության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին` այս եւ այն հարցերը, որոնց մասին ես լռեցի, քննարկելու եւ միասին լուծումներ գտնելու համար։ Հուսով եմ` միմյանց օգնելով, միասին կաշխատենք»։

Հիշեցնենք, որ 11 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել հունվարի 31-ին։ Նման քայլով վերջինս պահանջում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և լրատվամիջոցների հետ հանդիպում, ինչպես նաև ցմահ դատապարտյալների քրեական գործերի վերանայում։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ 20-ամյա տղային ձերբակալել էին 2008-ի ապրիլի 8-ին: Ինքը՝ Վաղարշակն էր ներկայացել Դատախազություն: Զանգ էր ստացել, ասել էին՝ իրեն տաքսիստի սպանության մեջ են կասկածում: Նույն օրը ձերբակալվում ու տեղափոխվում է Նուբարաշեն ՔԿՀ: Ցուցմունք կորզելու նպատակով Վաղարշակին ապօրինաբար 3 ամիս պահում են ոստիկանության Գորիսի բաժանմունքում՝ թույլ չտալով զանգել հարազատներին: Տեղի ոստիկանների կտտանքններն արդյունք չէին տալիս:

«Ոստիկանության Կապանի վարչության պաշտոնյաներից մեկը, որն այսօր հաշվառված է պահեստազորում, վարորդին ասեց՝ պարանը բեր ավտոյից: Բերեց: Կապեց ոտքիցս, քցեց վզիցս ու տարավ էս մի ոտիս, ու քաշեց պարանը: Հետո ինձ քցել ա գետնին ու կռացել, որ շալվարս իջեցնի: Ասում եմ արա՛, մի՛ արա, ի՞նչ ես անում: Թե՝ կասե՞ս, որ դու ես սպանել, ասում եմ՝ կասեմ, կասեմ…»,- ամիսներ առաջ Forrights-ին էր պատմել ցմահ դատապարտյալը։

Pin It on Pinterest