Հանձնաժողովի «կամայական» որոշումը մնաց անփոփոխ. դատապարտյալի պատժի կրման ռեժիմը չփոխվեց

0
326
Բաբկեն Ղարդյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյան քիչ առաջ մերժեց դատապարտյալ Բաբկեն Ղարդյանի դիմումը և պատժի կրման կիսաբաց ռեժիմը չփոխարինեց բաց ռեժիմով:

Բաբկենը Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման որոշումը «կամայական» էր որակել և այն այսօր վիճարկում էր դատարանում: Դատապարտյալն իր դիմումի հիմքում նշել էր, որ 4 տարբեր քրեակատարողական հիմնարկներից ստացել է դրական բնութագրեր, սակայն հանձնաժողովը որոշում է կայացրել մերժել բաց ռեժիմ տեղափոխվելու նրա դիմումը: Մերժումը հիմնարվորվել է, որ Բաբկեն Ղաարդյանի հետ դեռևս տարվում են սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքներ, ուստի նա դեռևս չպետք է դուրս գա բաց հասարակություն:

«Ի՞նչ ուղղման աշխատանքների մասին է խոսքը: Ես 4 տարի է քրեակատարողական հիմնարկում եմ, ինձ հետ որևէ ուղղման աշխատանք չի տարվել: Բազմաթիվ դիմումներ եմ գրել, խնդրել եմ ինձ ընդգրկել կրթական, մշակութային, սպորտային միջոցառումներին, նույնիսկ դիմել եմ աշխատանքի համար, բայց բացի հավաքարարից ուրիշ աշխատանք չկա քրեակատարողականում: Տեղաբաշխման հանձնաժողովն ինձ մերժել էր, քանի որ իրենց դեմ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ 10 ամիս ապօրինաբար ինձ պահելու համար»,- նշեց Ղարդյանը:

Հատկանշական է, որ Տեղաբաշխման հանձնաժողովին չի բավարարել 4 քրեակատարողականից ստացված դրական բնութագրերը և դատապարտյալի դիմումը մերժելուց առաջ լրացուցիչ բնութագիր է պահանջել «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական բաժնի ներկայացուցիչն այս հանգամանքը բացատրեց նրանով, որ դատապարտյալն ընդամենը մի քանի օր է եղել ՔԿՀ-ում, ուստի այդքան քիչ ժամանակահատվածում ՔԿՀ-ն չէր կարող բնութագիր տրամադրել:

«Կա՞ արդյոք որևէ օրենսդրական պահանջ, որը կնշի, թե քանի օր պետք է դատապարտյալը գտնվի ՔԿՀ-ում, որից հետո նոր միայն կարելի է բնութագիր տալ: Բացի դրանից, Դուք ինքներդ եք նշում, որ վստահորդս ունի 2 կարգապահական տույժ, որոնք մարված են: Այդ դեպքում, մերժման հիմքում ինչո՞ւ է կրկին դրանք դրվել»,- հարց բարձրացրեց Բաբկեն Ղարդյանի փաստաբան Անի Թորոսյանը:

Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը փաստեց՝ ոչ, չկա նման օրենսդրական պահանջ, թե քանի օր պետք է դատապարտյալն անցկացնի ՔԿՀ-ում, որ կարողանան բնութագիր տրամադրել: Փաստաբանի մյուս հարցադրմանը պատասխանեց դատախազը, նշելով, որ բաց ռեժիմ տեղափոխվելու համար Տեղաբաշխման հանձնաժողովը հաշվի է առնում դատապարտյալի ամբողջ անձնական գործը, ուստի այդ տույժերը պետք է կրկին հիշատակվեին:

«Այդ երկու տույժերը ես ստացել եմ նույն օրը՝ մի քանի ժամ տարբերությամբ: Այդ շինծու նկատողությունները տրվել են ինձ, որ տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ՝ ավելի ծանր ռեժիմ»,- դատարանին բացատրեց Բաբկեն Ղարդյանը:

Բացի վերոնշյալից, փաստաբան Անի Թորոսյանը դատարան ներկայացրեց Բաբկեն Ղարդյանի հոր մասին փաստաթղթեր, համաձայն որի վերջինս ունի 3-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն և այս պահին գտնվում է ծերանոցում:

Քրեակատարողական հիմնարկկ ներկայացուցիչը և դատախազն առարկեցին Բաբկեն Ղարդյանի դիմումի դեմ: Նրանք նշեցին, որ Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման պատասխանն իրավաչափ է և դատապարտյալի նկատմամբ դեռևս պետք է տարվեն ուղղման աշխատանքներ, իսկ նրա բաց ռեժիմ տեղափոխվելը թույլ չի տա իրականացնել դրանք:

Երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Արթուր Մկրտչյանը որոշեց մերժել դիմումը: Բաբկեն Ղարդյանը կշարունակի մնալ կիսաբաց ռեժիմում:

«Բաց ռեժիմ»-ն իրենից ենթադրում էր, որ կալանավորը/դատապարտյալն առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն լինելու էր ազատության մեջ, ապա, վերադառնալով քրեակատարողական հիմնարկ, մնալու էր կալանավայրի բաց տարածքում:

Հիշեցնենք, որ Բաբկեն Ղարդյանը հայոց բանակի սպա է եղել, 7 տարի ծառայել է սահմանամերձ գոտում։ Հանգամանքների բերումով, ինչպես ինքն է պնդում, առաջադրվել է «շինծու» մեղադրանքով, ինչի հետևանքով դատապարտել է սկզբից 5 տարի, ապա պատիժը խստացվել և ազատազրկվել է 8 տարի ժամկետով։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here