1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղավոր ճանաչված դատավոր Իշխան Բարսեղյանը օրեր առաջ ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանն «Forrights»-ին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մեկ միլիոն երաշխիքային գումար վճարելու դիմաց ազատ է արձակել Իշխան Բարսեղյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը  1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող  եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ  անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Իսկ դատավորի կողմից կաշառք ստանալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը նախորդ տարվա օգոստոսի 6-ին  Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման։  Իսկ որպես կաշառք տրված  1000  ԱՄՆ դոլարը որոշել էր փոխանցել ԱԱԾ-ին։

Կաշառք ստանալու միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին  դատապարտել  120 հազար դրամ տուգանքի։

Դատավճիռը հրապարակելուց հետո Իշխան Բարսեղյանը դիմելով դատավոր Վաչե Մարգարյանին հայտարարել էր, որ իր խցում երկու մահճակալ կա ազատ, որից մեկը դատավորինն է լինելու, քանի որ նա արդարադատություն չի իրականացրել։

Հիշեցնենք, որ մեղադրող Կարեն Բիշարյանը միջնորդել էր Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ  կաշառք ստանալու միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել, քանի որ ընդունել էր մեղքը  եւ օգնել գործի բացահայտմանը։

Առաջին ատյանի դատարանում ընթացող նիստերի ժամանակ  առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Իշխան Բարսեղյանի համար պարբերաբար «Շտապ օգնություն» էր հրավիրվում։  Շատ հաճախ բարձր ճնշումով նրան ՔԿՀ-ից տեղափոխում էին դատարան։ Նա նույնիսկ դատարանում հայտարարել էր, որ մի անգամ պարտադրաբար են ներկայացրել  իր գործով դատական նիստին:

«Ոչ պատշաճ վիճակում, հողաթափերով, ոտաբոբիկ եւ այլն»,- դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր Իշխան Բարսեղյանը։

  Պաշտպանական կողմը, սակայն ոչ այս, եւ ոչ էլ  բերման ենթարկելու ընթացքում Իշխան Բարսեղյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով ՄԻԵԴ չի դիմել։

«Իշխան Բարսեղյանին  բերման ենթարկելուց ատամները կոտրել էին։  Անգամ տեսանյութում է դա երեւում, դեմքն ամբողջությամբ այտուցված է։ Առանձին հայցով ՄԻԵԴ չենք դիմել, բոլորը միասին վերցրած կդիմենք»,- ասաց պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

 Վերաքննիչ դատարան դիմած Իշխան Բարսեղյանի պաշտպանները պահանջում են արդարացնել նրան։ Անդրադառնալով դատավորի խափանման միջոցը փոխելուն՝ Վարդուհի Էլբակյանը միաժամանակ նշեց, նրա պատիժը համաներմամբ կիսով չափ կրճատվել է։

«Բարսեղյանը փաստացի կալանքի տակ էր 2 տարի 3 ամիս, և ըստ էության եթե դատական ակտը չբողոքարկվեր,  ապա արդեն պայմանական վաղակետ ազատվելու հնարավորություն կունենար։ Կարող ենք փաստել, որ նշանակված պատիժը փաստացի կրել էր, բացի այս դատարանը հաշվի է առել Բարսեղյանի ծանր առողջական վիճակը, տարած ինսուլտը, սրտի իշեմիկ հիվանդությունը եւ  թվով 5 այլ հիվանդություններ, որոնք համարվում են պատիժը կրելուն խոչընդոտող»,-եզրափակեց  Վարդուհի Էլբակյանը:

Սուսաննա Պողոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest