«Շալվարս էնքան արյունոտ ա, որ կանգնում ա». խոշտանգումների զոհ Վաղարշակ Ավետիսյանի գործը վարել է նախկին օմբուդսմենի եղբայրը

0
4868
Վաղարշակ Ավետիսյան

Կալանավայրերից արդեն մի քանի օր է, տագնապի ազդակներ են գալիս ազատ աշխարհ: Բանտերի բնակիչներն ահազանգում են, որ իրենց ընկերը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը անժամկետ հացադուլի մեջ է: Այսօր հացադուլի հինգերորդ օրն է: Բանտի ընկերները փոխանցում են, որ այս օրերին Վաղարշակ Ավետիսյանին ոչ ոք չի այցելել: «Խնդրում ենք արձագանքեք, որպիսզի հերթական մահը չգրանցվի Անկախ Ազատ Հայաստանում», — սա նեղ աշխարհից եկած ուղերձն է:

Ո՞ւր է նայել փաստաբանը

Հեղափոխությունից հետո Վաղարշակը արդեն երկրորդ անգամ է հացադուլ անում և պահանջում վերականգնել իր արդար դատաքննության իրավունքը: Նա դատապարտվել է մեկ անձի ցուցմունքով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում ապօրինաբար, առանց փաստաբանին տեղյակ պահելու. նրան տեղափոխել են Գորիսի բերդ: Մոտ 4 ամիս պահել են ոստիկանական բաժանմունքում, խոշտանգել են: Անգամ նրա ձերբակալության արձանագրությունն է կեղծիքով գրվել՝ գրանցված է, որ Վաղարշակը բերման է ենթարկվել, այնինչ նա ինքնակամ է ներկայացել իրավապահներին՝ փաստաբան Վահագն Դանիելյանի հորդորով:

Գործի նյութերին անգամ հպանցիկ ծանոթանալիս, տպավորություն է ստեղծվում, որ 22 տարեկան երիտասարդը պաշտպան չի ունեցել: Անգամ խոշտանգումների փաստով պաշտպանի կողմից ոչ մի բողոք չկա:

«Սպանության օրը որդիս ամբողջ օրը ավտո է լվացել»

Վաղարշակ Ավետիսյանը Չարենցավանից է՝ փոքր քաղաքից, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են: Պատմում են, որ 2009 թվականին, երբ 22 տարեկան Վաղարշակին դատապարտեցին ցմահ ազատազրկման տաքսու վարորդին դաժանաբար սպանելու համար, համաքաղաքացիները չհավատացին: Ըստ մեղադրանքի, Վաղարշակը տաքսու վարորդին՝ Միխայիլ Հովհաննիսյանին, սպանել էր ծանր քարերով գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով: «Նա մի ճանճ չէր սպանի, խելոք տղա էր», — զարմանում էին չարենեցավանցիները:

Բայց և այնպես, Վաղարշակը դատապարտվեց քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ սպանություն, ավազակություն, գողություն, խարդախություն:
Երևանցի տաքսիստ Միխայիլ Հովհաննիսյանի դիակը գանգուղեղային բաց վերքերով 2008 թվականի ապրիլի 5-ին գտել էին դաշտում, Սյունիքի մարզի «Հարժիսի» կոչվող խաչմերուկից ոչ հեռու: Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանը, վստահեցնում է, որ այդ օրը իր որդին ամբողջ օրն աշխատել է:
Նոր Նորքի ավտոլվացման կետում մեքենաներ է լվացել:

Մարինեն նույնիսկ մի վարորդի հետ՝ Անդրանիկ անունով, գնացել է ավտոլվացման կետ, բացել է տվել մատյանները, համապատասխան գրառում է տեսել որդու աշխատանքի ներկայանալու և ողջ օրը ավտոլվացման կետում գտնվելու մասին:
Դատարանում, սակայն այս ալիբիին չեն անդրադարձել: Անդրանիկին, ըստ Մարինեի, վախացրել են: Դատարանը նրան դատակոչել է, սակայն ոստիկանությունից թուղթ է եկել, որ նա երկրում չի: Մարինե Բադալյանը վստահեցնում է, որ հանդիպել է Անդրանիկին Երևանում, և այդ մասին ասել է դատավորին: «Հիմա քեզ պետք է հավատա՞մ, թե պետական մարմնին», — պատասխանել է դատավորը: Մարինեն դատարանում ընդհանրապես չի հարցաքննվել:

Դատախազի օմբուդսմեն եղբայրը անարձագանք է թողել բողոքները
Քննիչները, դատախազը հանցագործության պատկեր են ստեղծել, որը դատավճռով ամրագրվել է գրեթե առանց փոփոխությունների:
Ըստ նախաքննության նյութերի, Ավետիսյանն ու ընկերը՝ Գոռ Սաֆարյանը, Ղարաբաղ գնալու համար նստել են Հովհաննիսյանի «Գազ-31» տաքսին, սակայն բուն նպատակը թալանն է եղել: Ճանապարհին Վաղարշակ Ավետիսյանը, իբր՝ պահանջել է վարորդից իրեն հանձնել ղեկը, բայց վերջինս չի համաձայնվել: Կոնֆլիկտը պարզաբանելու համար նրանք իջել են մեքենայից, քաշքշուկ է ծագել, կռիվ, որի արդյունքում Ավետիսյանը ծանր քարերորվ հարվածելով վարորդի գլխին, սպանելով նրան:

Նրա ընկերը՝ Գոռ Սաֆարյանը ցուցմունք է գրել, որ ինքը այդ ընթացքում նստած է եղել մեքենայի մեջ ու տեսել է ամեն ինչ, ապա թողել, վերադարձել է Երևան։ Նա է Վաղարշակի դեմ ցուցմունքներ գրել: Ըստ նյութերի, վախենալով, որ կբացահայտվի, Ավետիսյանը այրել է մեքենան: Վաղարշակ Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքը, վստահեցնում է, որ Գորիսի ոստիկանության բաժանմունքում իրեն խոշտանգել են, սպառնացել են բռնաբարել, կտտանքների ենթարկել, ստիպելով իր վրա վերցնել սպանությունը: Բայց ինքն այդպես էլ չի ընդունել այն:

«Ոստիկան Գևորգ Խաչատրյանի ու Գորիսի օպերներից Ռադիկ Բակունցի հեռախոսներում էնքան հանցագործությունների մասին տեսանյութեր կան, որ ցմահ չէ, իրենց գնդակահարություն ա հասնում: Ինձ բերել տեսանյութ ա ցույց տալիս, թե ոնց ա մարդը պառավոյին ձեռնաշղթայով կապած, ու իրենք ինչ են անում: Հասկացաք, չեմ ուզում բառերով ասեմ… էդ բանից հետո զուգարան են էթում: Ինձ ասում ա՝ էսա քեզ սենց եմ անում ու վիդեոն ուղարկելու եմ բանտ: Դե դրանից հետո տենամ ոնց ես գնալու նստես ու ապրես: Ասի բեր կգրեմ…, ես ո՞նց կթողնեի ինձ բռնաբարեին»,- պատմել է Վաղարշակը:

Այս գործով դատախազը եղել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի եղբայրը՝ Տիգրան Հարությունյանը: Նրան զայրացրել է փաստը՝ որ Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանը, օմբուդսմենին նամակ է ուղարկել քննության ընթացքում ոստիկանների կատարած խոշտանգումների վերաբեյալ:
«Իմ դեմ եղբորս ես ուզում բողոքե՞լ», — ասել է նա Մարինե Բադալյանին: Իսկ Դատախազի օմբուդսմեն եղբայրը անարձագանք է թողել մոր բողոքները:

Դատախազությունն աչք է փակում նոր երևան եկած հանգամանքի վրա

Դատարանում Վաղարշակ Ավետիսյանը ընդունել է միայն իրեն մեղսագրվող դրվագներից մեկը՝ թե ինչպես են «Օպել Վեկտրա» մակնիշի տաքսու վարորդին քշել տվել Հադրութ և հետ՝ Երևան, հետո մեքենայից գիրք, սիգարետ ու սկավառակ գողանալով, փախել են: Ընդունել է նաև, որ երկու հոգուց հեռախոսներ է վերցրել, սակայն դրանք հափշտակելու մտադրություն չի ունեցել: Վաճառել է ուրիշի հեռախոսներն ու գումարը չի կարողացել վերադարձնել:

Հեղափոխությունից հետո Վաղարշակ Ավետիսյանը հույս է ունեցել, որ իր գործով կզբաղվեն: Նա օգոստոսին հացադուլ է հայտարարել, պահանջելով հանդիպում դատախազի, արդարադատության նախարարի հետ: Հայտնել է իր դեմ խոշտանգումների մասին: Որպես երևան եկած նոր հանգամանքներ, դրանք կարող էին գործի վերաբացման հիմք հանդիսանալ: Բայց դատախազությունն աչք է փակել այս հանգամանքների վրա: Մարինե Բադալյանը նշում է, որ որդին պահանջել է, որ իրեն փաստաբան տրամադրեն:

«Ես միայնակ կին եմ, ողնշարի խնդիրներ ուն եմ, ես ամբողջ կյանքս աշխատել եմ, որ մի կերպ տղայիս հետ ապրենք, փաստաբան վարձելու հնարավորություն չունեմ: Իրենք էլ ոչնչով չօգնեցին: Բա հիմա ի՞նչ: Քոչարյանի նման մեկը հարյուր հատ փաստաբան ունի, ամեն օր կոկորդ են պատռում, որ նրան արդարացնեն, իսկ իմ երեխեն, որ կյանքով տուժած է, մի իրավաբան էլ չի կարող վարձել, իրեն օգնող, — վրդովվում է Մարինե Բադալյանը, — նրա հին փաստաբանը, որ տարավ, երեխուս հանձնեց ցմահ, մինչև հիմա երազիս մեջ գալիս ա: Ասում եմ՝ արի գնանք, իմ երեխուն ծեծում են: Ես շոկի մեջ եմ, Գերմանիայի նացիստներ են, ինչ են, ինչ իրավուքն ունեք, այդ աստիճանի կտտանքների ենթարկեք: Որ պատմում ա, ամբողջ մարմինս դողում ա»:

Մարինեի հուշերից մի դետալ հատկապես տպավորիչ է

Գորիսի ոստիկանության բաժանմունքում նրա 22 տարեկան տղային 106 օր պահել են նույն շորերով: Մայրը մեկնել է Գորիս, խնդրել է, որ շորերն իրեն տան, լվանա, բերի, չեն տվել: «Մամ ջան, քեզ ո՞վ շոր կտա: Շալվարս էնքան արյունոտ ա, որ կանգնում է», — հետագայում բացատրել է որդին: Գորիսի խանութ է գնացել Մարինեն, որ նոր շոր գնի տղայի համար: Խանութում գորիսեցիների է խոսացրել: Պարզել է, որ քաղաքում իր որդու խոշտանգումը քննարկվող թեմա է: «Ասում էին՝ Գորիսում միլիցա չկա, որ էդ երեխուն խփած չլինի: Ով հասել ա, գլխին խփել ա, տոկի ա տվել»:

Քրեակատարղական ծառայության հանրային կապերի բաժնից հաստատեցին տեղեկությունը, որ Վաղաշակ Ավետիսյանին այս օրերին չեն այցելել: Բաժնի պետ Նոնա Նավիկյանը Forrights.am-ին հայտնում է: «Վարչակազմն իր հետ աշխատում է, հոգեբանական, սոցիալական աշխատանքներ տանում են, նա բժշկական հսկողության ներքո է՝ ճնշումն են չափում, սրտի զարկը, բայց պատկան մարմիններից երեկվա՝ շաբաթ երեկոի դրությամբ նրան չեն այցելել»:

Ստուգե՞լ է արդյոք դատախազությունը խոշտանգումների մասին հաղորդումը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրամահամյանը, որը պատասխանատու է մամուլի հետ կապերի համար, մեր հարզցադրումն անտեսեց:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here